Քչերն են պատկերացնում, թե ինչքան մեծ պոտենցիալ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, որոնք վերափոխումների միջոցով հասարակությանը նախապատրաստում են նոր իրականությանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հարաճուն, ժամ առ ժամ զարգացող և փոփոխվող ոլորտ է։ Կազմակերպությունները հետևում են զարգացումներին,  նորամուծություններին և փորձում են դիմագրավել մարտահրավերներին։ Նախորդ տարվա մարտ ամսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսային վարակի և սկսվող համաճարակի մասին։ Վերջինս չշրջանցեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և պատճառեց վնասներ ոչ միայն համաշխարհային, այլև հայկական շուկայում գործող կազմակերպություններին։ Չնայած որոշակի հետընթացին՝ ընկերությունները շարունակում են գրանցել ֆինանսական հաջողություններ, մասնավորապես՝ կանխատեսվում է,  որ համաշխարհային ՏՏ ոլորտի ֆինանսական շրջանառությունը կհասնի երեք տրիլիոն դոլարի։

Հայկական շուկան նույնպես հարուստ է զարգացման և հաջողություններ գրանցելու պոտենցիալ ունեցող ընկերություններով, որոնք նպաստում են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլև դրամական մուտքեր են ապահովում պետական բյուջե՝ հարկային, մաքսային և այլ վճարումների տեսքով։ Մինչև 2022 թվականը, ըստ օրենքի, 30-ից պակաս աշխատակից ունեցող ընկերությունները ազատված են շահութահարկի պարտավորությունից։ Սակայն այս օրենքը էապես չի ազդում շատերի վրա, քանի որ ՏՏ ընկերությունների մեծ մասը ունի ավելի մեծ թվով աշխատակիցներ և ապահովում է զգալի չափով դրամական մուտքեր պետական բյուջե։ Շուկայի տարեկան աճի բարձր տեմպը (Compound Annual Growth Rate) նախորդ տարիների ընթացքում տարեկան կազմել է 27 կամ ավելի տոկոս։ Իսկ 2017 թվականին ՏՏ ոլորտի դրամական մուտքերը կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 7%-ը։ Վեջինս անփոփոխ ցուցանիշ է նաև 2020 թվականի համար իր 71,405,102 հազար դրամ ցուցանիշով։  Տեղական կազմակերպությունները, մուտք գործելով համաշխարհային շուկա, գրանցում են հաջողություններ, իսկ արտասահմանյան կազմակերպությունները ՀՀ-ում բացում են մասնաճյուղեր։ Հայկական շուկայի գրավչության և գրանցած հաջողությունների մասին են վկայում մի քանի հրապարակված հոդվածներ։1

2019 թվականի hոկտեմբերին մայրաքաղաք Երևանը հյուրևնկալեց ՏՏ ոլորտի առաջատարներին։ «WCIT 2019» խորագրով աշխատաժողովը համախմբեց շուրջ 2000 մասնակցի աշխարհի 80 երկրներից։ Դա իրոք բացառիկ հնարավորություն էր Հայաստանի և ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչների համար։ Բացի այս, Հայաստանում շարունակում են բացվել և գործունեություն ծավալել մի շարք տեխնոլոգիական կենտրոններ, ինչպիսիք են՝ Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններըը, Microsoft նորարարական կենտրոնը և այլն։ Անշուշտ, այս ամենի հետ մեկտեղ անպակաս են նաև կրթական ծրագրերը։

Ամերիկյան շուկայում գործում է ընկերություն, որը հիմանդրվել է 2012 թվականին և կոչվում է «Սերվիզ Թայթն»։ Գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում։ Ընկերությունը մասնաճյուղ ունի նաև Երևանում։ «Սերվիզ Թայթն»-ը հիմնադրվել է երկու հայ երիտասարդների՝ Վահեի և Արայի կողմից, որոնք հանդիպել են 2004 թվականի դեկտեմբերին և 8 տարի անց հիմնադրել մի ընկերություն, որը պետք է  ունենար մեծ նվաճումներ։ «Սերվիզ Թայթն»-ը առաջարկում է դիսպետչերական խելացի աշխատանք, համապարփակ զեկուցում, շուկայավարման արշավի հետևում և կառավարման համակարգերի կառուցում, նաև օգնում է ձեռնարկություններին և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ունենալ ինտեգրված CRM համակարգ։ Վերջերս նրանք «Aspire Software» ընկերությունը գնելու համաձայնագիր են ստորագրել, որը հնարավորություն կտա մուտք գործել կանաչապատման (landscaping) շուկա։ Սա արդեն ընթացիկ տարվա ընթացքում երկրորդ ընկերություն ձեռք բերելու դեպքն է։ «Սերվիզ Թայթն» ընկերության արժեքը գնահատվում է 9.5 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ստորև կներկայացնենք 2020 թ․ հարկային տարվա հայկական թոփ 20 հարկատու ՏՏ ընկերությունները։ Այս ցանկը կազմելիս հիմք են ծառայել ընկերությունների հարկային ցուցանիշները և չեն ընդգրկվել տելեկոմունիկացիոն ծառայություններ մատուցող ընկերությունները:

20․«EPYGI LABS AM» Հայաստանյան մասնաճյուղ

«EPYGI LABS AM»-ը հասարկությանը առավել հայտնի է «ԹՈՒՄՈ» անվանմամբ։ Այն համագործակցում է  «Սեմ և Սիլվիա Սիմոնյան» հիմնադրամի հետ։ «Թումո» ստեղծարար տեխնորլոգիաների կենտրոնը անվճար կրթական կենտրոն է, որը հանդես է գալիս 4 կենտրոններով Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։ Գործում են նաև միջազգային կենտրոններ ՀՀ-ի սահմաններից դուրս՝ Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում և Բեռլինում։ Գործում են նաև «Թումո տուփ» մարզային ծրագրեր, որոնք վայելում են պատանի սերնդի հետաքրքությունը։ Հարկատու կազմակերպությունը «EPYGI LABS AM» ՍՊԸ-ն է, որը՝ որպես հարկատու ընկերություն առաջին 1000 հարկատուների ցանկում զբաղեցնում է 478-րդ տեղը՝ վճարելով  357,158 հազար դրամ հարկ։

19. «ՎՕԼՕ»

Այս հորիզոնականը զբաղեցնում է  «ՎՕԼՕ» ընկերությունը, որն առաքելություն ունի ծառայություններ մատուցել սկսնակ գործարարներին, որոնք պատրաստ են մարտահրավեր նետել շուկային։ «ՎՕԼՕ»-ն հիմնադրվել է 2006 թվականին։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ յոթ զարգացման գրասենյակները գործում են Հայաստանում և Ուկրանիայում։ Ընկերությունը կյանքի է կոչել 160-ից ավելի ծրագրեր, որոնք կատարվել են առանց ձախողման։ Ընկերությունը 2020 թվականին զբաղեցրել է 468-րդ տեղը խոշոր հարկատուների ցուցակում և ապահովել է 361,598 հազար դրամի հարկային մուտք պետական բյուջե։

18. «ՕՊՏԻՄ ԱՐՄԵՆԻԱ»

Այս ընկերությունն օգնում է կազմակերպություններին տիրապետել ծախսերը նվազեցնելու և եկամուտները առավելագույնի հասցնելու հմտություւններին։ Նրանք քաջալերում են ավտոմատացումը և օպտիմիզացիան։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և ներկայումս «Օպտիմը» ցանցի մեծությամբ երկրորդ ընկերությունն է։ Կան գրասենյակներ նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում և Չիլիում։ «ՕՊՏԻՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը իր աշխատակիցներին տրամադրում է առողջության ապահովագրության հնարավորություն։ Այն 441-րդն է հարկատուների ցանկում իր 390,659 հազար դրամ հարկային ցուցանիշով։

17. «ԷՍԷՖԷԼ»

«ԷՖԷՍԷԼ»-ը ծրագրային ապահովման մշակման ընկերություն է։ Կազմակերպությունը լուծումներ է առաջարկում B2C և B2B ոլորտների համար։ Այսինքն ծառայություններ է մատուցում ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց։ «ԷՍԷՖԷԼ»-ի թիմը հմտացել է Java և .NET, ինչպես նաև  iOS և Android ծրագրավորման մեջ և ունի հաջողությամբ կատարած վեբ և բջջային նախագծեր։ Ընկերությունը իր վճարած 394,294 հազար դրամ հարկային ցուցանիշով 437-րդ խոշոր հարկատուն է։

16. «ԼՍՈՖԹ»

16-րդ հորիզոնականում զբաղեցրած  ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։ Լինելով ՏՏ ոլորտում առաջատար կազմակերպություններից՝ մասնագիտացած է ծրագրերի մշակմամբ և բանկային, ֆինանսական աջակցության ոլորտներում։ «ԼՍՈՖԹ»-ը ներմուծել է բանկային ծրագրեր Կենտրոնական բանկի, հայաստանյան բանկերի,  վարկային կազմակերպությունների, գրավատների և ՀՀ ու ԱՀ ֆինանսների նախարարությունների համար։ Լինելով պետական կառավարման համակարգի խոշոր սպասարկողներից մեկը՝ հարկային տեսանկյունից զգալի դիրք չի զբաղեցնում։ 426-րդ տեղն է բաժին հասել ընկերությանը, որն ապահովում է 406,510 հազար դրամի հարկային մուտքեր։

15․ «ՌԵՆԴԵՐՖՈՐԵՍԹ»

«ՌԵՆԴԵՐՖՈՐԵՍԹ» ընկերությունը զբաղվում է բրենդինգով, որը  հասանելի և մատչելի է բոլորի համար։ Հաճախորդներին տրամադրում է մարկետինգային  գործիքներ՝ հեռարձակման որակի տեսանյութեր և անիմացիաներ, եզակի լոգոներ պրոֆեսիոնալ կայքեր ստեղծելու համար։ «ՌԵՆԴԵՐՖՈՐԵՍԹ»-ի առաջարկած լուծումների օգտակար և արդյունավետ լինելու մասին խոսում են ցուցանիշները։ Նրանք ի կատար են ածել 30 միլիոն ծրագիր և ունեն 10 միլիոն օգտատեր։ Ընկերությունը 395-րդն է 1000 հարկատուների ցանկում և նախորդ հարկային տարում վճարել է 443,851 հազար դրամ հարկ։ «ՌԵՆԴԵՐՖՈՐԵՍԹ»-ը իր աշխատակիցներին տրամադրում է մի շարք հնարավորություններ, որոնցից մեկը առողջության ապահովագրությունն է։

14․ «ՎԵԲԲ ՖՈՆՏԵՆ ՀՈԼԴԻՆԳ»

«ՎԵԲԲ ՖՈՆՏԵՆ»-ի հայաստանյան գրասենյակը իր գործունեությունը սկսել է 2005 թվականին և տարիների ընթացքում դարձել է համաշխարհային ՏՏ ոլորտում ճանաչում ունեցող «ՎԵԲԲ ՖՈՆՏԵՆ ԳՐՈՒՊ» -ի հետազոտության և մշակման խոշոր ընկերություններից մեկը։ Ընկերությունը համագործակում է շուրջ 20 երկրների կառավարությունների հետ՝ մատակարարելով առևտրի դյուրացման լուծումներ AI, Kotlin, React և Spring Boot տեխնոլոգիաներով։ Այս ընկերությունը իր աշխատակիցներին նույնպես ընձեռում է առողջության ապահովագրության հնարավորություն և գտնվում է 351-րդ տեղում իր 494,516 հազար դրամ հարկային ցուցանիշով։

13․ «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ»

2005 թվականին հիմնադրված ընկերությունը առաջարկում է համակարգչային սարքավորումների ծրագրային համալիր լուծումներ և օգնում է պետական և մասնավոր ընկերություններին զարգանալ և բարձր կատարողականություն ունենալ։ Հետաքրքիր է, որ «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ»-ի առաջին եվրոպական գործընկերը Կոսովոն է։ Նրանց առաքելությունը Կոսովոյում հարկերի կառավարման ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրումն է։ 346-րդ հորիզոնական զբաղեցնող ընկերությունը ընդհանուր առմամբ պետությանը 506,735 հազար դրամ հարկ է վճարել։

12․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹՐՆԵՇՆԸԼ ՍԻՍԹԸՄԶ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

12-րդ հորիզոնականը զբաղեցրած ընկերությունը «ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹՐՆԵՇՆԸԼ ՍԻՍԹԸՄԶ»-ը հիմնադրվել է 1997 թվականին, որի գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է, իսկ ուսումնական կենտրոնը՝ Երևանում։ Ընկերությունը դատական, առողջապահական, ֆինանսական, կրթական և այլ ոլորտներում  ստեղծում է համակարգեր, որոնք օգնում են տվյալների մշակմանը։ Բացի դրանից, համագործակցում է մասնավոր, պետական և միջազգային կազմակերպությունների հետ։ Թոփ 1000 հարկատուների ցանկում 341-րդն է և վճարում է 514,027 հազար դրամ հարկ։ Սույն ընկերությունը նույնպես իր աշխատակիցներին հնարավորություն է տալիս ունենալ առողջության ապահովագրություն։

11․ «ԱԴՈԲ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ԱՐՄ»

«ԱԴՈԲ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ԱՐՄ» ընկերությունը ապահովում է «Adobe» համակարգչային ծրագրի առկայությունը, որը հնարավորություն է ընձեռում մարդկանց ներբեռնել ծրագրեր, գտնել դիզայներական լուծումներ, բացել և մշակել տարատեսակ փաստաթղթեր։ Վերջինս լայն տարածում ունի նաև Հայաստանում, որովհետև ընկերության հարկային մուտքերը խոսում են այդ փաստի մասին։ Նախորդ հարկային տարվա ընթացքում, լինելով 310-րդ խոշոր հարկատու ընկերությունը, վճարել է 569,926 հազար դրամի հարկ։

10․ «ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ»

1993 թվականից ընկերությունը իր ծրագրային ապահովման ինժեներական փորձի հիման վրա առաջատար է դարձել ինժեներական և թվային արտադրանքի նախագծման ոլորտում։ Ընկերության արտասահմանյան թիմը ծառայություններ է մատուցում շուրջ 25 երկրներում։ 2013 թվականից Ֆորբսը ամեն տարի հրապարակում է ցուցակ, որում զետեղվում են աշխարհի 25 արագ զարգացող ընկերությունները։ «ԷՊԱՄ»-ը չորս ՏՏ ընկերություններից մեկն է, որ հայտնվել է այդտեղ։ Ընկերությունը առողջության ապահովագրություն է տրամադրում է ոչ միայն աշխատակիցներին, այլև ընտանիքի անդամներին։ 2020 թվականին ընկերությունը վճարել է 742,896 հազար դրամ հարկ և այդ ցուցանիշով հարկատու ընկերությունների ցուցակում 238-րդն է։

9․ «ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ»

Կազմակերպությունը իր Հայաստանյան առաքելությունը սկսել է 2008 թվականի հուլիսին՝ գնելով Պոնտե Սոլյուշնս ընկերությունը։ «ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ»-ը լուծումներ է առաջարկում ծրագրային և էլեկտրոնիկայի ոլորտներում, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն և բարձր մակարդակի սպասարկում։ Ընկերությունը նախորդ հարկային տարում ապահովել է 766,277 հազար դրամ հարկային մուտք և այդ ցուցանիշով 232-րդն է։

8. «ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ»

«ՎԻԷՄՈՒԵՐ»-ի հայաստանյան գրասենյակը մասնագիտացած է ամպային ենթակառուցվածքի, կառավարման, ծրագրակազմով տվյալների կենտրոնների և ցանցի վիրտուալացման մեջ։ Ընկերությունը նաև օգնում է այն գործարարներին, ովքեր ցանկանում են լինել նորարար։ Ավելին, գլխամասային գրասենյակը նաև զբաղվում է հայտնի DELL համակարգչային բրենդի նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծմամբ։ Ըստ հարկային ցուցանիշի՝ ընկերությունը զբաղեցնում է 184-րդ տեղը և 940,838 հազար դրամի հարկային մուտք է ապահովել դեպի պետական բյուջե։ «ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ»-ը իր աշխատակիցներին տալիս է առողջության ապահովագրության հնարավորություն։

7. «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ»

«ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» կամ «ՀԾ»-ն զբաղված է բիզնես կառավարման համակարգերի զարգացմամբ։ Նրանց ծրագրերը ամենալայն տարածումն ունեցողներն են ՀՀ-ում։ Բացի ՏՏ ոլորտում բուն գործունեություն ծավալելուց, ընկերությունը ուսուցողական ծրագրեր է կյանքի կոչում։ Այն հայ երիտասարդների համար կազմակերպում է տարատեսակ վերապատրաստման դասընթացներ՝ համագործակցելով ՀՀ ֆինանսների նախարարության հետ։ Սույն ընկերությունը նախորդ հարկային տարվա ընթացքում վճարել է 1,075,865 հազար դրամ հարկ և 169-րդն է ցուցակում։ «ՀԾ»-ն իր թիմին ևս տրամադրում է առողջապահության ապահովագրության հնարավորություն։

6. «ԷՆԵՐՋԱՅԶ ԳԼՈԲԱԼ ՍԵՐՎԻՍԻԶ»

6-րդ հորիզոնականը զբաղեցրած ընկերությունը մասնագիտացած է ֆինանսական ծառայությունների ապահովման և ձեռնարկությունների վճարման լուծումներ գտնելու մեջ։ Ընկերությունը՝ Երևանում և Սոֆիայում իր երկու մասնաճյուղերով, հիմադրվել է 2007 թվականին և վստահելի գործընկեր է վերոնշյալ գործառույթներում։ Հիմնադրման տարեթվից 13 տարի անց՝ 2020-ին, ընկերությունը հայկական իրականության 130-րդ խոշոր հարկատու ընկերությունն է՝ 1,434,801 հազար դրամ ցուցանիշով։ «ԷՆԵՐՋԱՅԶ ԳԼՈԲԱԼ ՍԵՐՎԻՍԻԶ»-ում աշխատող անձինք ունեն առողջության ապահովագրություն։

5. «ՊԻԿՍԱՐՏ»

Բոլորիս հայտնի «ՊԻԿՍԱՐՏ» ընկերությունը տալիս է հնարավորություն՝ մշակելու նկարներ և տեսանյութեր իր հայտնի հավելվածի միջոցով։ Վերջինս ունի շուրջ 130 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում և համարվում է լուսանկարների և տեսանյութերի խմբագրման 4-րդ ծրագիրը Instagram, Snapchat և YouTube ծրագրերից հետո։ Լինելով ՏՏ ոլորտի ընկերություն՝ «ՊԻԿՍԱՐՏ»-ը հոգում է նաև իր թիմի առողջության ապահովագրությունը։ Զբաղեցնում է 129-րդ հորիզոնականը՝ որպես հարկատու՝ վճարելով 1,448,562 հազար դրամ հարկ։

4. «ԴԻՋԻԹԵՅՆ»

«ԴԻՋԻԹԵՅՆ»-ը ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից է։ Ընկերությունը մասնագիտացած է ծրագրային լուծումների ապահովմամբ և’ առցանց և’ բջջային հարթակներում։ Ընկերությունը հիմադրվել է 1999 թվականին։ Գլոբալ տեսանկյունից համագործակցում է 170-ից ավելի ընկերությունների հետ։ «ԴԻՋԻԹԵՅՆ»-ը առաջարկում է iGaming, Esports, Table Football, Fast Games և այլ տարատեսակ պրոդուկտներ, որոնցից ամենահայտնին TotoGaming-ն է։ Ընկերության աշխատակիցներին ընձեռված է առողջության ապահովագրություն։ 68-րդ հորզոնականն է զբաղեցնում՝ որպես խոշոր հարկատու՝ անցած հարկային տարվա ընթացքում վճարելով 2,442,457 հազար դրամ հարկ։

3. «ԹԵԼՍԵԼ»

Բոլորին հայտնի «ԹԵԼ ՍԵԼ» ընկերությունը զբաղվում է տերմինալների սպասարկմամբ և առանձնանում է իր նորարարական լուծումներով։ Այդ տերմինալները ընդունում են տարատեսակ վճարումներ։ Այդ գործընթացը, ինչպես վստահեցնում է «ԹԵԼ ՍԵԼ»-ը, պարզ է, հուսալի և անվտանգ։ Ընկերությունը վերջերս նաև հանդես է գալիս Telcell transfer, My Telcell ծրագրերի առաջարկությամբ։ Այն 67-րդ խոշոր հարկատուն է իր 2,610,657 հազար դրամ հարկ ցուցանիշով։

2. «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»

2-րդ խոշոր հարկատու ՏՏ ընկերությունը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն է։ Ընկերությունը զբաղվում է չիպերի արտադրությամբ և ծրագրային սպասարկմամբ։ Տրամադրում է նաև R&D (Research and Development) ծառայություն և աջակցում է էլեկտրոնային դիզայնի ավտոմատացմանը։ Հայաստանում գործում է երկու գրասենյակ ՝ մեկը Երևանում, իսկ մյուսը՝ Գյումրիում։ «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն «ՍԻՆՈՓՍԻՍ» ցանցի՝ ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող խոշոր մասնաճյուղերից է։ 57-րդ տեղում է գտնվում որպես խոշոր հարկատու՝ 2,844,694 հազար դրամ հարկային ցուցանիշով։ Ընկերությունը իր աշխատակիցներին տրամադրում է առողջության ապահովագրության հնարավորություն։

1. «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»

ՀՀ-ում գործունեություն ծավալող ՏՏ ընկերություններից ամենաշատ հարկ վճարող ընկերությունը «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»-ն է։ Հիմնադրվել է Երևանում 2010 թվականին։ Այն ունի 15-ից ավելի մասնաճյուղեր ամբողջ աշխարհում և համարվում է հայկական առաջատար ՏՏ ընկերություններց մեկը։ «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»-ը առանձնանում է իր Panda MRbeta, Hoory, ucraft, BetConstruct, fasttoken և այլ առաջատար պրոդուկտներով, որոնք «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»-ի մեծ ընտանիքի մի մասն են կազմում։ VivaroBet դրամախաղ ծրագիրը նույնպես ապահովվում է սույն ընկերության կողմից։ Լինելով ՏՏ ոլորտի խոշոր հարկատուն՝ վճարել է 3,361,696 հազար դրամ հարկ և այդ ցուցանիշով 50-րդն է։

Սրանք են Հայաստանում գործունեություն ծավալող ՏՏ ընկերությունները, որոնք կշարունակեն նորանոր հաջողություններ գրանցել և ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանդես կգան էլ ավելի նորարար և օգտակար լուծումներով։

Author