Հետազոտելով ՀՀ 6 ապահովագրական ընկերությունների 3-րդ եռամսյակի համախառն ապահովագրավճարների ցուցանիշները՝ 2021թ․ համեմատ տեսնում ենք բավականին տպավորիչ արդյունքներ՝ աճելով մոտ 25%-ով և կազմելով 45 մլրդ ՀՀ դրամ։ Հոդվածում կքննարկենք առավել բարձր կշիռ ունեցող ապահովագրության տեսակները և կուսումնասիրենք ընդհանուր պորտֆելները՝ համեմատելով նաև բոլոր ապահովագրական ընկերություննների արդյունքները։

Աղյուսակ – 2022/21թ. 3-րդ եռամսյակի համախառն ապահովագրավճարները ըստ ապահովագրության տեսակների (հազ. դրամ)

Առաջատար դիրքում, ինչպես և 2021թ․-ին, հանդես է գալիս ԱՊՊԱ-ն՝ գրանցելով 18 մլրդ ՀՀ դրամի ապահովագրավճար, որը կազմում է ընդհանուր ապահովագրավճարների 40%-ը։ ԱՊՊԱ աճը 2021թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 14,56%, կամ 2,3 մլրդ ՀՀ դրամ։ Աճի հիմնական գործոնը ԱՊՊԱ սակագների փոփոխություններն են, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարին, և ապահովագրավճարը բարձրացրել են միջինում 10%-ով։

 Հաջորդիվ առողջության ապահովագրությունն է՝ 14,3 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է  տպավորիչ 25%-ով։ Նման աճի հիմնական նախադրյալը ՌԴ-ից ՀՀ ներգաղթն է, որի շրջանակներում ոչ պաշտոնական տվյալներով Հայաստան է տեղափոխվել մոտ 70,000 ՌԴ քաղաքացի՝ ռուսական ազգանուններով, և մոտ 80,000 քաղաքացի՝ հայկական ազգանուններով։ Այս սեգմենտի մեծ մասը աշխատում եմ ՏՏ ընկերություններում, որոնք ձեռք են բերում առողջության ապահովագրություն իրենց անձնակազմերի համար։ Freelancer ծրագրավորողները նույնպես իրենց կամքով ձեռք են բերում անհատական առողջության ապահովագրություն, քանի որ Ռուսաստանում միշտ ունեցել են, և ապահովագրություն ունենալը մտած է իրենց մշակույթի մեջ։

Հետաքրքրական է Հրդեհից և բնական աղետներից ապահովագրության արդյունքները երկու տարիների համեմատության մեջ։ Այն գրանցել է 72% աճ՝ 2021թ․-ի 2,8 մլրդ-ի համեմատ։ Ցուցանիշի գերակշռող հատվածը բաժին է ընկնում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը՝ 3,2 մլրդ ՀՀ դրամ:

Էական աճ է գրանցել նաև Ճամփորդության ապահովագրությունը՝ գրանցելով 71% աճ։ Ապահովագրավճարը կազմում է 774 մլն ՀՀ դրամ՝ 2021թ․-ի 452 մլն-ի փոխարեն։ Աճի հիմնական «մեղավորը» COVID 19 համավարակի թուլացումն է և շատ երկրներից մուտքի խիստ սահմանափակումների վերացումը։ Եվրոպական գրեթե բոլոր երկրները ամբողջությամբ չեղարկել են համավարակի հետ կապված բոլոր պահանջները՝ սկսած պարտադիր PCR թեստից, վերջացրած պատվաստման պահանջով։

Շարունակական աճ է գրանցում նաև ԿԱՍԿՈ ապահովագրության տեսակը՝  ապահովելով 18% աճ։ 2022թ․-ի 3-րդ եռամսյակում ԿԱՍԿՈ պորտֆելը կազմել է 2,1 մլրդ ՀՀ դրամ՝ 2021թ․-ի 1,79 մլրդ ՀՀ դրամի համեմատ։ ԿԱՍԿՈ ապահովագրավճարների աճի կարևորագույն գործոններն են՝ ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայական գների էական աճը դրամի արժևորման և աշխարհաքաղաքական պատճառներով, ինչպես նաև վարորդների մոտ ԿԱՍԿՈ տեսակի նկատմամբ վստահության աճով։

Դեռևս ամենաքիչ տարածված ապահովագրական տեսակները Հայաստանում մնում են Երաշխիքի և վարկի ապահովագրությունը։ Չնայած նրան, որ դրանք բավականին տարածված ապահովագրական տեսակներ են ամբողջ աշխարհում,Հայաստանում դեռ քիչ ընկերություններ են տրամադրում այդպսիսիք, որն էլ իրենից ենթադրում է ընդհանուր ապահովագրավճարներում այսչափ քիչ տոկոսային մասնաբաժին։

Աղյուսակ - 2022/21թ. 3-րդ եռամսյակի համախառն ապահովագրավճարները ըստ ապահովագրության տեսակների և ապահովագրական ընկերությունների (հազ. դրամ)

Աղյուսակից երևում է, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ մնում է առաջատար դիրքում ընդհանուր ապահովագրավճարի բացարձակ չափով ՝ գրեթե 13 մլրդ ՀՀ Դրամ ապահովագրավճարով, որը կազմում է ամբողջ շուկայի 30% մասնաբաժինը։  Այս ընկերությունը պահպանում է առաջատարի դիրքը նաև կամավոր ապահովագրության սեգմենտում՝ ավելի քան 40% մասնաբաժնով։

Երկրորդ խոշոր մասնաբաժինը բաժին է ընկնում ՌԳՍ Արմենիային՝ 11 մլրդ ՀՀ դրամով՝ շուկայի 26% մասնաբաժնով, ապա Նաիրի Ինշուրանսին՝ 9 մլրդ ՀՀ դրամով՝ շուկայի 20% մասնաբաժնով։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ ապահովագրության տեսակներով՝

  1. Առողջության ապահովագրություն
  2. Գույքի ապահովագրություն
  3. ԿԱՍԿՈ
  4. Դժբախտ պատահարներից ապահովագրություն
  5. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
  6. Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն
  7. Օդային տրանսպորտի համապարփակ ապահովագրություն
  8. Ճամփորդության ապահովագրություն

ՌԳՍ Արմենիա-ն զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ տեսակներով՝

  1. ԱՊՊԱ
  2. Բեռների ապահովագրություն
  3. ԱՊԿԱ

Նաիրի Ինշուրանս-ը 2022թ․-ի 3րդ եռամսյակի դրությամբ ապահովագրավճարով առաջատարն է ընդհանուր պատասխանատվության ապահովագրության գծով։

Աղյուսակ – 2022թ․ 3-րդ եռամսյակի համախառն ապահովագրավճարները և հատուցումները ըստ ապահովագրության տեսակների (հազ. դրամ)

Հատուցումների մասով ԱՊՊԱ-ն առաջատարն է՝ 12 մլրդ ՀՀ դրամով, որը կազմում է ընդհանուր հատուցումների գրեթե 50%-ը։ Հաջորդ խոշոր հատուցումները կատարվել են առողջության ապահովագրության գծով՝ 8,3 մլրդ ՀՀ դրամ։ Երրորդը Գույքի ապահովագրությունն է՝ 1,9 մլրդ ՀՀ դրամ։

Ընկերությունների հատուցումների բաշխումից ակներև է դառնում համախառն հատուցումների տոկոսային փոփոխությունները երկու տարիների ընթացքում։ Հատուցումների գերակշիռ չափաբաժինը բաժին է ընկնում ՌԳՍ Արմենիային։ 2021թ․-ին այն կազմել է 34%, իսկ 2022թ․-ին՝ 27%։ Դրան հաջորդում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ՝ 26%-ով, այնուհետև Նաիրի Ինշուրանսը՝ 17%-ով։

Ընդհանուր շահույթը 2021թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 3 մլն ՀՀ դրամով։ Զուտ շահույթով ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Նաիրի Ինշուրանսը՝ 1 մլրդ ՀՀ դրամի չափով, կամ 30% մասնաբաժնով։ Այնուհետև ՌԳՍ Արմենիան է՝ 899 մլն շահույթով, իսկ երրորդը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ 848մլն ՀՀ դրամի չափով։

Ամփոփելով վերլուծությունը կարող ենք արձանագրել, որ ընդհանուր ՀՀ ապահովագրական շուկայի պորտֆելը բոլոր 6 ապահովագրականներում գրանցել է բավականին մեծ դրական աճ։ Այս տեսակ արդյունքները ենթադրում են խոստումնալից աճ հաջորդ տարիների համար։

Author

  • ՀԱՅԿԱՆՈՒՇ ՊԱՊՈՅԱՆ

    Հեղինակի մասին

    ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2022