Ճամփորդությունը մեր կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մեր երջանիկ պահերի գերակշիռ մասը գոյանում է հենց ճամփորդությունների ընթացքում: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում առկա է «Ճամփորդության» խնայողությունների տարա/կասսա, որտեղ կուտակվում են ամենամյա ուղևորությունների ֆինանսական միջոցները:

Եթե 2020 և մասամբ նաև 2021 թվականներին COVID-19 համավարակի պատճառով  գրեթե անհնար էր տուրիստական նպատակով ճամփորդել որևէ երկիր, ապա 2022-ին աշխարհի երկրների մեծ մասում չեղարկվել են համավարակի սահմանափակումները, և մարդիկ վերսկսել են «ագահաբար» ճամփորդել՝ ինչպես երբևէ։

Մեր հիմնական բնակության վայրում մեզ հետ տեղի ունեցած տհաճ պատահարների դեպքում մեր կողքին կան հարազատներ և ընկերներ, ովքեր մեզ օգնում են, կամ ինքներս տեղյակ ենք, թե ինչ իրավիճակում, ում և ինչպես կարելի է դիմել։ Սակայն ճամփորդության ընթացքում օտար երկրում մեզ համար գրեթե ամեն ինչ անծանոթ է։ Օրինակ՝ առողջության վատթարացման դեպքում չգիտենք, թե ո՞ր հիվանդանոց կարելի է դիմել, կամ չվերթի ուշացման ու բացթողման դեպքում ի՞նչ քայլեր են հարկավոր անել։ Ավելին, հիմնական տուրիստական ուղղություններ հանդիսացող երկրներում ծառայությունների մեծ մասը մի քանի անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում։ Օրինակ՝ բժշկի մեկանգամյա խորհրդատվությունը կարող է արժենալ 300 Եվրո։

Ճամփորդության ընթացքում տեղի ունեցած «տհաճ» պատահարների հետևանքով կրած ֆինանսական վնասները հատուցելու, ինչպես նաև վերոնշյալ վիճակներում օգնություն տրամադրելու համար գործում է Ճամփորդության ապահովագրությունը, որը հաճախ անվանվում է նաև Աջակցության ապահովագրություն (Travel insurance, Assistance)։

Ծածկույթը

Ճամփորդության ապահովագրության ամենակարևոր բաղադրիչը բժշկական ծախսերի ապահովագրությունն է։ Այն միտված է հատուցելու ճամփորդության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների կամ հանկարծակի հիվանդությունների բուժօգնության ծախսերը։ Օրինակ, եթե ճամփորդը կոտրում է ոտքը, և վերջինիս շտապ օգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, որտեղ իրականացնում են մի շարք հետազոտություններ, ներառյալ՝ ռենտգեն, ինչպես նաև վիրահատում են և վիրակապում, այս դեպքում պայմանագիրը կհատուցի թվարկված բոլոր ծախսերը, ներառյալ հիվանդասենյակի, դեղորայքի և այլ հարակից ծախսերը։ Նույն օրինակը կարելի է դիտարկել նաև հիվանդությունների դեպքում, օրինակ երիկամներում քարերի սրացումը, կույրաղիքի սրացումը և այլն։

Բացի բժշկական ծախսերից, պայմանագիրը հաճախ հատուցում է նաև տուժած անձի և վերջինիս ընտանիքի անդամների հարկադիր տրանսպորտային ծախսերը։ Օրինակ, եթե ընտանիքի անդամները նախատեսվածից ավելի շուտ են վերադառնում հայրենիք, ընտանիքի որևէ անդամ Հայաստանից մեկնում է ճամփորդի մոտ՝ որպես խնամակալ, ում ավիատոմսի և հյուրանոցային ծախսերը ապահովագրության պայմանագիրը նույնպես կհատուցի։

Ճամփորդության ընթացքում վրա հասած հանկարծակի մահվան դեպքում պայմանագիրը կհատուցի նաև աճյունը դեպի հայրենիք տեղափոխման ռեպատրիացիայի ծախսերը։ Հաճախ այս ծախսերը գերազանցում են նույնիսկ բժշկական ծախսերը, քանի որ աճյունի տեղափոխումը իրականացվում է հատուկ սարքավորումներով, հաճախ նաև առանձին պատվիրված և կահավորված ինքնաթիռով։ Եվրոպայից դեպի Հայաստանի ռեպատրիացիոն ծախսերը տատանվում են 7,000 – 15,000 Եվրոյի սահմաններում՝ կախված տվյալ երկրի հետ ուղիղ ավիաչվերթների առկայությունից։

Ապահովագրական ընկերությունները հավելյալ ապահովագրավճարի դիմաց կարող են առաջարկել հետևյալ ծառայությունները․

  • Էքստրեմալ կամ պրոֆեսինալ սպորտաձևերով զբաղվելու հետևանքով պատճառված վնասների ապահովագրություն,
  • COVID-19 ապահովագրություն,
  • Փաստաթղթերի կորստի դեպքում հյուպատոսական ծառայությունների հատուցում,
  • Իրավաբանական խորհրդատվություն,
  • Ճամփորդության չեղարկման ապահովագրություն,
  • Ճամփորդության ընթացքում այլ անհարմարությունների ծածկույթ, օրինակ՝ չվերթի ուշացում, հետաձգում, չեղարկում, և այլն,
  • Ճամփորդության ընթացքում բնակարանի ապահովագրություն,
  • և այլն։

Հիմնական բացառությունները

Ճամփորդության ապահովագրությունը երբեք չի կարելի շփոթել առողջության համապարփակ ապահովագրության հետ։ Այս ապահովագրությունը միտված է հատուցելու շտապ, անհետաձգելի դեպքերը, որոնք ուղիղ ազդում են ճամփորդության վրա և միտված չէ հատուցել պլանային առողջացման ծախսերը։ Հիմնական բացառություններն են․

  • Պլանային բուժօգնություն – եթե պատահարը շտապ կամ անհետաձգելի չէ, ապա որևէ հատուցում չի տրամադրվի։ Օրինակ, ճամփորդողը չի կարող պարզապես որոշել գնալ հիվանդանոց և վիրահատել վաղեմի երիկամների քարերը, եթե դրանք սրացման փուլում չեն,
  • Քրոնիկ հիվանդությունների հետ կապված ծախսերը,
  • Ատամնաբուժության ծախսերը,
  • Հղիության և ծննդօգնության հետ կապված ծախսերը,
  • Սպորտով կամ էքստրեմալ հոբբիներով զբաղվելու հետևանքով առաջացած վնասները, եթե առանձին փաթեթ ձեռք չի բերվել,
  • Շատ ու շատ այլ բացառություններ, որոնց հետ հարկավոր է ծանոթանալ նախքան պայմանագիր կնքելը։

Աջակցման կենտրոն

Ճամփորդության ընթացքում տեղի ունեցած պատահարների սպասարկմամբ հիմնականում զբաղվում են ամբողջ աշխարհով մեկ գործող Աջակցման ընկերությունները, կամ Աջակցման Կենտրոնները (Assistance Centers): Ապահովագրական ընկերությունները Աջակցման Կենտրոնների հետ կնքում են սպասարկման պայմանագիր, Ապահովագրության պայմանագիրը կնքելիս հաճախորդներին տրամադրվում են Աջակցման կենտրոնի հեռախոսահամարները, և պատահարների դեպքում ճամփորդողները ուղիղ կապ են հաստատում այդ կենտրոնի հետ հիմնականում viber, whatsapp կամ այլ ինտերնետ-հավելվածներով։

Գործավարման տեսանկյունից Աջակցման Կենտրոնների հետ համագործակցելը ավելի շահավետ է, քանի որ վերջիններս ունեն ավելի մեծ ռեսուրսներ, ուղիղ համագործակցում են աշխարհի շատ երկրների հիվանդանոցների հետ և ավելի արագ ու պրոֆեսիոնալ են կազմակերպում աջակցությունը։

Հայկական ապահովագրական ընկերությունները համագործակցում են հիմնականում Eurasia Assitance, Expressassist, AP-Companies, Axa Assistance Աջակցման կենտրոնների հետ։

Հատուցման սահմանաչափերը

Ապահովագրության պայմանագրով հատուցման սահմանաչափերը հիմնականում տատանվում են 15,000 – 100,000 USD/EUR շրջանակներում։ Բնականաբար պայմանագրերը կարող են կնքվել նաև ավելի ցածր կամ բարձր սահմանաչափերով։ Ամենատարածված սահմանաչափը 30,000 Եվրոն է, քանի որ Շենգենյան գոտի մուտք գործելու համար պարտադիր պայման է այդ սահմանաչափով ապահովագրության պայմանագիր ունենալը։

Այն երկրներում, որտեղ բժշկական ծախսերը այնքան էլ թանկ չեն, օրինակ՝ Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, ԱՊՀ երկրներ, հիմնականում բավարարում է 15,000 EUR/USD սահմանաչափը։

Ապահովագրության պայմանագրերը հաճախ ունենում են ենթասահմանաչափեր, որոնք ոչ միշտ են երևում պայմանագրի տեսանելի վայրերում, և հաճախ թաքնված են լինում 30-40 էջանոց կանոնների մեջ։ Օրինակ, պայմանագրով կարող է նախատեսվեծ 1 պատահարի համար հատուցման առավելագույն սահմանաչափ՝ 5,000 Եվրոյի չափով կամ առանձին ենթասահմանաչափեր բուժօգնության կոնկրետ ծառայությունների վրա․ հիվանդասենյակի օրական ծախս, վիրահատությունների ծախս, կացության ծախս և այլն։

Պայմանագրով կարող են սահմանվել նաև չհատուցվող գումարի շեմեր՝ ինչպես ցանկացած պատահարի, այնպես էլ բուժօգնության կոնկրետ ծառայությունների համար։

Հետևաբար, եթե պայմանագիրը ունի 30,000 Եվրո սահմանաչափ, դեռ չի նշանակում, որ ցանկացած դեպքում ապահովագրական ընկերությունը հատուցելու է ամբողջ ծախսը։ Պայմանագիր կնքելիս հարկավոր է բացահայտել բոլոր թաքնված ենթասահմանաչափերը։

Ժամկետները

Պայմանագրերը կարող են կնքվել 2 տարբերակով․ ճամփորդության օրերի չափով կամ բաց ամսաթվերով։

Եթե պլանավորվում է միայն 1 ճամփորդություն՝ հստակ օրերով, օրինակ՝ Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 2-ը ճամփորդել Դուբայ քաղաք, ապա ավելի հարմար է ունենալ հստակ այդ ամսաթվերով 7-8 օրանոց պայմանագիր։

Հաճախակի ճամփորդող անձանց համար ավելի հարմար է ունենալ տարեկան պայմանագիր, որը կծածկի տարվա ընթացքում կատարվելիք բոլոր ճամփորդությունները։ Տարեկան պայմանագրերը հաճախ տարվա մեջ գործում են առավելագույնը 90 օր, կամ 180 օր։ Օրինակ, 01․01․2022 – 31․12․2022 ժամկետով և 90 ապահովագրված օրերով կարելի ճամփորդել 10 օր հունվարին, 20 օր գարնանը, 30 օր ամռանը, 30 օր աշնանը։

180 օրից ավել արտասահմանում գտնվելը արդեն չի ենթադրում «ճամփորդություն», և երկար ժամկետների համար անձը արդեն պետք է ձեռք բերի տվյալ երկրի ներսում առողջության ապահովագրություն։

Տարածաշրջանը

Ապահովագրության պայմանագրի տարածքը, ժամկետի նման, լինում է 2 տռեսակի՝ որևէ հստակ երկիր, կամ բաց տարածաշրջան։

Կոնկրետ 1 երկիր մեկանգամյա այցելության դեպքում ավելի հարմար է ունենալ տվյալ երկրի համար ապահովագրություն։ Այդ դեպքում պայմանագրի ապահովագրության տարածք կնշվի, օրինակ, Եգիպտոս։

Առավել տարածված եղանակ է ունենալ բաց տարածաշրջաններով պայմանագիր։ Օրինակ՝ Շենգենյան գոտու համար, կամ Ամբողջ Աշխարհի համար։

Հաճախակի և շատ երկրներ ճամփորդող անձանց համար լավագույն պայմանագիրը տարեկան պայմանագիրն է՝ Ամբողջ Աշխարհ ծածկույթով։

Սակագները

Ճամփորդության ապահովագրությունը համեմատաբար ավելի մատչելի ապահովագրություն է, քան այլ տեսակները։ Դրա գինը հիմնականում կախված է հետևյալ գործոններից․

  • Ճամփորդության օրերի քանակ,
  • Այցելության երկիր կամ տարածաշրջան,
  • Ընտրված սահմանաչափ – որքան բարձր, այնքան թանկ,
  • Ենթասահմանաչափերի առկայություն – որքան ցածր ենթասահմանաչափեր, այնքան էժան,
  • Ճամփորդողի տարիք – կրկին, որքան տարեց, այնքան թանկ,
  • Այցելության նպատակ – տուրիստական, բիզնես, թե աշխատանքային,
  • Լրացուցիչ ծածկույթների առկայություն,
  • և այլն։

Միջին ապահովագրավճարը կարող է արժենալ օրական 300 – 400 ՀՀ դրամ։ Օրինակ, 10 օրով Եգիպտոս այցելելու ճամփորդության ապահովագրության ապահովագրավճարը մոտ 3,000 ՀՀ դրամ է։

Տարեկան պայմանագրերը տատանվում են 12,000 – 50,000 սահմաններում՝ կախված վերոնշյալ գործոններից։

Հոդվածի հրապարակման պահին ՀՀ-ում գործող 6 ապահովագրական ընկերություններից 2-ի կայքերում հնարավոր է հաշվարկել ճամփորդության ապահովագրության գինը, ինչպես նաև ձեռք բերել պայմանագիրը․

Պարտադրվածությունը

Շատ երկրներ այցելելու համար տվյալ երկիրը պահաջում է Ճամփորդության ապահովագրության պարտադիր առկայություն։ Պարտադրման մեխանիզմը գործում է վիզաների տրամադրման միջոցով։ Այսինքն, եթե որևէ երկրի հետ Հայաստանը ունի վիզայի ռեժիմ, և տվյալ երկիրը պահանջում է ապահովագրություն, ապա վիզայի տրամադրման համար ապահովագրական պայմանագիրը պարտադիր է։

Օրինակ, Եվրոպայի Շենգենյան գոտու ցանկացած երկրի վիզա ստանալու համար ուղևորը այլ փաստաթղթերի հետ միասին հյուպատողական ծառայությանն է ներկայացնում նաև ապահովագրության պայմանագիրը։ Առանց ապահովագրության պայմանագրի հյուպատոսական ծառայությունը կամ ընդհանրապես չի ընդունում գործերը, կամ մերժում է վիզայի տրամադրումը։ Շենգենյան գոտի մուտք գործելու համար ապահովագրությունը պետք է ունենա առնվազն 30,000 Եվրոյի չափով սահմանաչափ։

Ապահովագրության պահանջ են ներկայացնում նաև որոշ ասիական երկրներ, այդ թվում՝ Թայլանդը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, և այլն։

Նախկին ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, և այլն, ապահովագրության նկատմամբ պարտադիր պահանջ չունեն։ Զարմանալիորեն ապահովագրության պահանջ չունի նաև ԱՄՆ-ն։

ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական ցուցանիշները

ՀՀ ճամփորդության ապահովագրության շուկան 2021 թվականին կազմել է մոտ 600 մլն ՀՀ դրամ։ Ստորև ներկայացնենք ըստ ապահովագրական ընկերության հավաքագրած ապահովագրավճարների և վճարված հատուցումների պատկերը։

Վերոնշյալ աղյուսակներից երևում է, որ Ճամփորդության շուկայի առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն է, որի տեսակարար կշիռը 2021-ին կազմել է 51,7%, իսկ 2022-ի 3 եռամսյակներում՝ 44․6%: Հատուցումների մակարդակով նույնպես առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է։

Տեսնում ենք նաև, որ ապահովագրության այս տեսակը ունի բավականին ցածր վնասաբերության մակարդակ։ 2021 թվականին պորտֆելի վնասաբերությունը կազմել է 18%, իսկ 2022-ի 3 եռամսյակներում՝ 9,4%:

Հատկանշական է նաև, որ այս տարվա 3 եռամսյակներում հավաքագրվել է ավելի շատ ապահովագրավճար, քանի նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ 2022 թվականը Ճամփորդության ապահովագրության ամենառեկորդային տարին կլինի։

Ճամփորդության ապահովագրության տեսակարար կշիռը, հազ ՀՀ դրամ

 20212022 3-րդ եռամսյակ
Համախառն ապահովագրավճար46,876,71745,062,149
Կամավոր ապահովագրության ապահովագրավճար21,189,51323,165,199
Ճամփորդության ապահովագրության ապահովագրավճար595,271774,045
Ճամփորդության տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ1.26%1.71%
Ճամփորդության տեսակարար կշիռը կամավոր տեսակի մեջ2.8%3.3%

Պատկերից տեսնում ենք, որ Ճամփորդության ապահովագրության տեսակարար կշիռը ընդհանուր ապահովագրության պորտֆելում շատ ցածր է, չնայած 2022-ին դիտարկվում է դրական դինամիկա։ Համեմատության համար նշենք, որ ԱՊՊԱ տեսակարար կշիռը կազմում է 40%, իսկ առողջության ապահովագրությանը՝ 23%:

Շուկայի ապահովագրավճարներից կարելի է ենթադրել նաև ապահովագրված անձանց քանակը։ Եթե հաշվի առնենք, որ ճամփորդության միջին տևողությունը 10 օր է, իսկ միջին ապահովագրավճարը՝ օրական 400 ՀՀ դրամ, կստանանք միջին պայմանագրի արժեքը 4,000 ՀՀ դրամ։ Այս թիվը համադրելով ընդհանուր ապահովագրավճարների վրա, կստանանք՝ մոտ 148,000 անձ 2021-ին, և 193,500 անձ՝ 2022-ի 3 եռամսյակներում։

Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականին ՀՀ-ից մեկնել է 1,673,765 մարդ (ներառյալ կրկնվողները)։ Հայկական անձնագրերով երկրից մեկնել է 762,792 մարդ։ Ավելի ճիշտ հաշվարկի համար հարկավոր է հիմք ընդունել 762,792 ցուցանիշը, քանի որ արտասահմանյան անձնագրերով մեկնողները հիմնականում վերադառնում են իրենց բնակության երկիր, և ճամփորդության ապահովագրության կարիք չունեն։

Այսպես, 2021-ին մեկնած 762,792 հայերից միայն 148,000 անձն է ունեցել ապահովագրություն, կամ մեկնածների 19%-ը։ Սրա հիմնական պատճառը այն է, որ ՀՀ-ից առավել հաճախակի մեկնման ուղղությունը՝ Ռուսաստանը, ճամփորդության ապահովագրության պահանջ չունի։ 148,000 ապահովագրված անձանց գերակշիռ մասը ապահովագրություն են ձեռք բերել Եվրոպական երկրների և մի քանի այլ երկրների պահանջով։

Եթե հաշվի առնենք 4,000 ՀՀ դրամ միջին ապահովագրավճարը, ապա ճամփորդության ապահովագրության պոտենցիալ շուկան կազմում է 3,051,168,000 ՀՀ դրամ։ Այսինքն, ապահովագրական ընկերությունները դեռ 5 անգամ կարող են ավելացնել իրենց ծավալները։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010