Մեզնից շատերը գրեթե ամեն օր առնչվում են ֆինանսական կազմակերպությունների հետ, և հաճախ նաև որոշակի խնդիրներ, տարաձայնություններ, վեճեր են առաջանում։ Այսպիսի խնդիրների լուծման նպատակով էլ 2008 թվականի հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը։ Ֆինանսական համակարգի հաշտարարը օգնում է արագ, արդյունավետ և անվճար կերպով լուծել ֆիզիկական անձանց, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց, ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձանց (օրինակ՝ երաշխավոր, գրավ տրամադրած անձ և այլն) կողմից ներկայացված պահանջ-դիմումները։ Վեճերը նախընտրելի է լուծել հաշտեցմամբ՝ երկու կողմերի կողմից նախընտրելի լուծում գտնելու միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ որոշման կայացմամբ։ Հաշտարարի կայացրած որոշմանը համաձայն չլինելու դեպքում կարելի է դիմել նաև դատարան։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունն օժանդակելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից 2009 թվականի հունվարի 24-ին ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամը, որի կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը և Գրասենյակի կառավարիչը։

Հաշտարարն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից, և հաշվետու չէ որևէ մեկին։ Կարգավորող օրենքներից առաջինը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքն է, սակայն կան նաև մի շարք այլ կարգավորող օրենքներ և ներքին իրավական ակտեր։ Հաշտարարի գրասենյակի առաջընթացն ապահովելու նպատակով որոշակի պարբերականությամբ մշակվում է Գրասենյակի ռազմավարական ծրագիր։ Ռազմավարական ծրագիրը սահմանում է այն հիմնական ուղղությունները, որոնց Գրասենյակը հետևելու է երկարաժամկետ հեռանկարում իր առաքելությունն ու հիմնական ռազմավարական նպատակներն իրագործելու համար։

Ֆինանսական համակարգի հաշտարարը բացի խնդիրների լուծման իր առաքելությունից, ունի նաև հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականցնելու առաքելություն։ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կազմակեպվում են սեմինարներ, ճամբարներ, խաղեր, այլ միջոցառումներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, հասարակության տարբեր խմբերի համար, կազմակերպվում են նաև տեղեկատվական հոլովակների պատրաստում։ Այս միջոցառումներն ուղղված են ֆինանսական շուկայում ֆինանսապես կիրթ սպառողներ ունենալուն։

Ամփոփելով 2022 թվականի տվյալներըԳրասենյակ ներկայացվել է 15,818 բողոք, որից ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների վերաբերյալ բողոքների քանակը կազմել է 13,978։ Կազմակերպությունների կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների վերաբերյալ հաճախորդների բողոքների հիման վրա 2022 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարին է ներկայացվել 5,837 պահանջ-դիմում։ Պահանջների գրեթե ամբողջությամբ ֆիզիակական անձանց կողմից է 5,829-ը, 5-ը իրավաբանական անձանց կողմից, իսկ 3-ը՝ ԱՁ-ների։ Եթե դիտարկենք պահանջներն ըստ պրոդուկների, ապա գերակշիռ մասը բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին, որտեղ ներառված է նաև Բյուրոն, այսինքն պահանջների գրեթե 88%-ը ապահովագրական ընկերությունների դեմ է։

2022 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվել և հանգուցալուծվել է 5,874 պահանջ-դիմում, ինչի արդյունքում հաճախորդներին հատուցվել է 354,143,410 ՀՀ դրամ։ Պահանջ-դիմումներից հաշտեցմամբ հանգուցալուծվել են 3,495-ը, մասնակի և ամբողջությամբ բավարարվել են 321 պահանջ-դիմումներ, մերժվել են 1,857-ը, դադարեցվել՝ 164-ը, պահանջի քննումը մերժվել է 37 դեպքում։

Author