2025 թվականի երկրորդ եռամսյակում ապահովագրական շուկան շարունակել է ցուցադրել աճի դրական միտումներ։ Ընդհանուր ապահովագրավճարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37,7մլրդ դրամից աճել են՝ հասնելով շուրջ 40,5 մլրդ դրամի, ինչը մոտ 7,5% աճ է։ Այս դրական փոփոխությունը տեսանելի է ոչ միայն շուկայի ընդհանուր ծավալում, այլև կամավոր ապահովագրության ոլորտում, ինչը վկայում է, որ հաճախորդների վստահությունը աճում է, իսկ ապահովագրական ծառայությունների պահանջարկը՝ ընդլայնվում։
2025 թվականի երկրորդ եռամսյակում ԱՊՊԱ գծով ապահովագրավճարների հավաքագրումը կազմել է 15.5 մլրդ դրամ, ինչը 17%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի 13.3 մլրդ դրամը։ Այս աճը հիմնականում պայմանավորված է ԱՊՊԱ սակագների թանկացմամբ, ինչպես նաև գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակի աճով, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 658,711-ից հասել է 682,083-ի: Ներկայումս ԱՊՊԱ-ն կազմում է հայաստանյան ապահովագրական շուկայի 38%-ը` հաստատելով իր կարևոր դերը որպես ոլորտի հիմնական շարժիչ ուժ։ Հայաստանում ավտոմեքենաների քանակի շարունակական աճը ԱՊՊԱ-ն ավելի կարևոր և պահանջված են դարձնում։
2025 թվականի երկրորդ եռամսյակում կամավոր ապահովագրության տեսակների շարքում ամենամեծ աճն է արձանագրել առողջության ապահովագրությունը՝ 9,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8,8 մլրդ դրամի համեմատ: Ապահովագրության ընդհանուր շուկայում, կամավոր առողջության տեսակարար կշիռը այս տարի աճել է՝ 23%-ից դառնալով 24%: Այս ցուցանիշով այն դարձել է կամավոր ապահովագրության շուկայում ամենադինամիկ զարգացում ունեցող ճյուղը։ Ապահովագրավճարների հավաքագրման ծավալով առաջատար է հանդիսանում «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը՝ շուրջ 2,6 մլրդ դրամ, որին մոտ ցուցանիշով հաջորդում է «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 2,3 մլրդ դրամ։ Կամավոր առողջության ապահովագրության բարձր ցուցանիշները վկայում են, որ աշխատող բնակչությունը կարևորում է ներդրումը սեփական առողջության մեջ։
Կամավոր ապահովագրության տեսակներից երկրորդը իր ծավալով գույքի ապահովագրությունն է, որը գրանցել է շուրջ 4,6 մլրդ դրամի ապահովագրավճար։ Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է դրական աճ, տվյալ ապահովագրության տեսակարար կշիռը ընդհանուր շուկայում փոքր-ինչ նվազել է՝ 13%-ից հասնելով 12%-ի։ «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում գույքի ապահովագրության ոլորտում՝ հավաքագրելով 2.7 մլրդ դրամ ապահովագրավճար, որը կազմում է ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարների 58%-ը և զգալիորեն գերազանցում է շուկայի մյուս մրցակիցներին։
2025 թվականի երկրորդ եռամսյակում մեքենաների կամավոր ապահովագրությունը` ԿԱՍԿՈ-ն, շարունակել է աճի դրական դինամիկան։ Եթե 2024 թվականի նույն ժամանակահատվածում ԿԱՍԿՈ-ի ապահովագրավճարները կազմել էին մոտ 2,4 մլրդ դրամ, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է շուրջ 3,4 մլրդ դրամի՝ ապահովելով շուրջ 38% աճ նախորդ տարվա համեմատ։ ԿԱՍԿՈ տեսակի ապահովագրավճարների ծավալով շուկայում առաջատար են «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը՝ 952,3մլն դրամ և «Ինգո Արմենիա»-ն՝ 648,8 մլն դրամ։ Նրանց հաջորդում են «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 532,7 մլն դրամ և «Լիգա Ինշուրանս»-ը՝ 530,6 մլն դրամ։ Այս տվյալները ցույց են տալիս, որ ԿԱՍԿՈ ապահովագրությունն առանցքային դեր ունի ապահովագրական մշակույթի զարգացման, տրանսպորտային ռիսկերի կառավարման, ինչպես նաև վթարների ժամանակ քաղաքացիների պաշտպանվածության բարձրացման գործում։
2025 թվականի երկրորդ եռամսյակում ճամփորդության ապահովագրությունը գրանցել է աննշան անկում՝ հավաքագրելով 635,0 մլն ապահովագրավճար, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 639,1 մլն դրամի համեմատ։ Այս ոլորտում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը՝ հավաքագրելով 337,8 մլն դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է շուկայի ավելի քան կեսը՝ մոտ 53%-ը։ Հավաքագրած ապահովագրավճարների ծավալով երկրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 122.9 մլն դրամ ցուցանիշով։
2025 թվականի երկրորդ եռամսյակում կամավոր ապահովագրության շուկան հավաքագրել է ընդհանուր 22․4 մլրդ դրամ ապահովագրավճար՝ նախորդ տարվա 20.3 մլրդ դրամի փոխարեն, ինչը կազմում է շուրջ 10․3% աճ։ Տվյալ արձանագրված աճի վրա հիմնականում ազդել են կամավոր առողջության ապահովագրությունը և ԿԱՍԿՈ-ն, որոնք կազմում են ընդհանուր աճի մոտ 87%-ը։
2025 թվականի երկրորդ եռամսյակում ընդհանուր ապահովագրական շուկան շարունակել է ակտիվորեն հատուցումներ տրամադրել, որի միջոցով հնարավոր է գնահատել նաև տարբեր ապահովագրության տեսակների վնասաբերության մակարդակն ու հատուցման դինամիկան։ Ընդհանուր հատուցումների ծավալը աճել է՝ նախորդ տարվա 21.6 մլրդ դրամից հասնելով 24.7 մլրդ դրամի, ինչը կազմում է մոտ 14.4% աճ։ Այս ցուցանիշը վկայում է թե՛ ապահովագրական գործառույթների ակտիվացման, թե՛ վնասների մակարդակի որոշակիորեն բարձրացման մասին։ Ընդհանուր հատուցումների կառուցվածքի մեջ ամենաշատ հատուցումներն արձանագրվել են կամավոր առողջության ապահովագրության ոլորտում` 9․6 մլրդ դրամ, որին հաջորդում է ԱՊՊԱ-ն՝ 9․2 մլրդ դրամ։
Ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարների ցուցանիշով առաջին տեղում «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն է՝ հավաքագրելով ավելի քան 7 մլրդ դրամ ապահովագրավճար։ Նրան հաջորդում են «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 6.8 մլրդ դրամ, և «Ինգո Արմենիա»-ն՝ 6.3 մլրդ դրամ։
Հատուցումների ծավալով առաջատարը «Լիգա Ինշուրանս»-ն է, որը հատուցել է մոտ 5.6 մլրդ դրամ, իսկ երկրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 4.1 մլրդ դրամ։
2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ապահովագրական ոլորտը ցույց է տվել կայուն զարգացում և արդյունավետություն։ Ընդհանուր ապահովագրական շուկան գրանցել է զուտ շահույթի զգալի աճ՝ հասնելով 1․1 մլրդ դրամի, ինչը կազմում է մոտ 36% աճ նախորդ եռամսյակի համեմատ։
2025 թվականի առաջին կիսամյակում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը ունեցել է հետևյալ պատկերը. «ԷՖԵՍ»-ը և «Ռեգո Ինշուրանս»-ը արձանագրել են կայուն աճ՝ երկրորդ եռամսյակում ամրապնդելով իրենց դիրքերը, «Նաիրի Ինշուրանս»-ը, «Արմենիա Ինշուրանս»-ը և «Ինգո Արմենիա»-ն դինամիկ առաջխաղացում են ունեցել, իսկ «Սիլ Ինշուրանս»-ը, չնայած սկզբնական բացասական արդյունքներին, կարողացել է գրանցել դրական զուտ շահույթ երկրորդ եռամսյակում։ Միաժամանակ, «Լիգա Ինշուրանս»-ը ունեցել է զուտ շահույթի նվազում:
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների շարքում ապահովագրական ընկերությունները զբաղեցրել են առաջատար դիրքեր։ «Ինգո Արմենիա»-ն գլխավորել է ցանկը՝ վճարելով 358․2 մլն դրամ հարկ, «ԷՖԵՍ»-ը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 271.1 մլն դրամ, իսկ «Լիգա Ինշուրանս»-ը երրորդ տեղում է՝ 235․3 մլն դրամ հարկային վճարումներով։
Շուկայի զարգացումն առավելապես պայմանավորված է եղել կամավոր ապահովագրության հատվածի աճով, իսկ ԱՊՊԱ-ն, իր հերթին, շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը և մնալ ապահովագրական շուկայի առանցքային հատվածներից մեկը։