Ամփոփվում է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի 3-րդ տարին։ Ապահովագրության բոլոր պայմանագրերի ժամկետները լրացել են, հատուցումները՝ գրեթե ամբողջությամբ վճարված, հետևաբար տարին կարելի է համարել փակված։

Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի մեկնարկի մասին կարող եք ծանոթանալ Գյուղապահովագրության պիլոտային ծրագիր հոդվածում, իսկ 2021 թվականի արդյունքներին՝ Գյուղապահովագրություն։ 2021-ի ամփոփում հոդվածում։

2022 թվականը առանձնանում է բարձր վնասաբերությամբ, պատահարների առատությամբ և բազմազանությամբ, և ինչ-որ չափով հարցականի տակ է դնում ծրագրի ապագան։

Ի՞նչ էր փոխվել 2021-ի համեմատ

Ինչպես ներկայացվել է insurebusiness-ի ամենաառաջին՝ «Գյուղապահովագրության պիլոտային ծրագիր» հոդվածում՝ Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրությունը մեկնարկել է 2019 թվականի աշնանից, և փաստացի ներդրվել է 2020 թվականին։ Եթե 2020-ին ապահովագրվում էին միայն 5 մշակաբույս՝ խաղող, ծիրան, խնձոր, դեղձ ու հացահատիկային մշակաբույսեր, ապա 2022-ին դրանց թիվը հասավ 11-ի՝ ներառյալ կարտոֆիլ, սալոր, ձմերուկ, սեխ, բալ և կեռաս։

Ապահովագրված ռիսկերի առումով նույնպես կատարվեց ծածկույթի ընդլայնում՝ ավելանալով Երաշտ ռիսկը. ի լրումն գարնանային ցրտահարության, կարկուտի և հրդեհի։ Քանի որ Երաշտը ծածկույթում ավելացվեց ակտիվ վաճառքների վերջին օրերին՝ ապահովագրական ընկերությունները այս ռիսկով պայմանագրեր գրեթե չեն կնքել, հետևաբար կարելի է պնդել, որ Երաշտ ռիսկը 2023 թվականի համար ավելացված ռիսկ է։

Ֆինանսական գնահատական – ապահովագրավճարներ

2022 թվականին գյուղատնտեսության ապահովագրության բոլոր ապահովագրական ցուցանիշները մի քանի անգամ գերազանցել են 2021 թվականի տվյալները։ Հատկանշական են և՛ ռեկորդային ապահովագրավճարները, և՛ հատուցումները։

Աղյուսակից երևում են հավաքագրած ապահովագրավճարների կտրուկ աճը՝ ավելի քան 82%։ Սակայն ապահովագրավճարների աճը համադրելի չէ պայմանագրերի աճի հետ, որը ընդամենը 19%-ով է աճել։ Այս ֆենոմենը կարելի է բացատրել նրանով, որ 2022 թվականին կրկնապատկվել են հատուցման առավելագույն սահմանաչափերը կամ ապահովագրական գումարները։ Արդյունքում, ֆերմերները նախընտրել են ավելի բարձր ապահովագրական գումարով պայմանագրեր՝ դրանց համար վճարելով կրկնակի ավելի շատ, քան նախորդ տարի։ Սակայն նոր ֆերմերների ներգրավման էական ցուցանիշներ չեն դիտարկվում։

Բացի այդ, 5,091 պայմանագրերը ամենևին չեն նշանակում 5,091 ֆերմեր։ Կան ֆերմերներ, որոնք մի քանի հողակտորի համար կնքել են մի քանի պայմանագրեր, և ունիկալ ֆերմերների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի հրապարակվում։ Ինտուիտիվ մակարդակով կարելի է ենթադրել, որ այս ծրագրով ՀՀ-ում ապահովագրվում են ոչ ավել, քան 2,000 ֆերմեր։

Ամփոփելով՝ նշենք, որ 2022 թվականի ապահովագրավճարների էական աճի հիմնական «մեղավորը» պայմանագրերի ավելի բարձր հատուցման սահմանաչափերն ու ըստ այդմ գեներացված ավելի բարձր ապահովագրավճարներն էին, քան նոր ֆերմերների ներգրավումը։

Ստորև ներկայացնենք պատկերը նաև ըստ մշակաբույսերի․

Տվյալներից երևում է, որ ինչպես 2021 թվականին՝ այս տարի նույնպես պայմանագրերի և ապահովագրավճարների գերակշիռ մասը՝ մոտ 71%-ը, բաժին է ընկնում Ծիրանին։ 2-րդ պահանջված մշակաբույսը կարտոֆիլն է՝ 8% մասնաբաժնով, իսկ ՀՀ համար ռազմավարական և մշակութային նշանակություն ունեցող Խաղողը՝ ընդամենը 6,5%: Ստեղծված պատկերից կարելի է պնդել, որ գյուղապահովագրության պրոդուկտը հեաքրքիր է միայն ծիրան մշակող ֆերմերներին։

Ծիրանից բացի մյուս գրեթե բոլոր մշակաբույսերի մոտ որևէ էական դինամիկա և նոր պահանջարկ չի դիտարկվել։ Դիտարկենք նաև ըստ մշակաբույսի միջին ապահովագրավճարների դինամիկան․

Աղյուսակից երևում է, որ գրեթե բոլոր մշակաբույսերի միջին ապահովագրավճարները ավելացել են, բացի կարտոֆիլից և ձմերուկ/սեխից։ Ամենաէական աճը կրկին ծիրանի մոտ է՝ մոտ 45%-ով։

Ինչպես և 2020-ին և 2021-ին՝ 2022-ին նույնպես ծրագրի մասնակից ապահովագրական ընկերությունները 3-ն էին․ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ, ՌԳՍ ԱՐՄԵՆԻԱ և ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ։ Շուկայում գործող մյուս 3 ապահովագրական ընկերությունները առայժմ զերծ են մնում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունից։

2022 թվականին առաջատարի դիրքը պահպանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ շուկայի 67․64% մասնաբաժնով։ Մեծությամբ 2-րդ պորտֆելը ՌԳՍ Արմենիայինն է՝ 18․49%, իսկ ամենափոքր պորտֆելը ունի Սիլ Ինշուրանսը՝ 13․87% մասնաբաժնով։ Պայմանագրերի քանակների կշիռները համապատասխանաբար կազմում են 44․57%, 23.77% և 31․66%:

Ֆինանսական գնահատական – հատուցումներ

2022 թվականը պիլոտային ծրագրի 3 տարիներից ամենաանբարենպաստ տարին էր՝ և՛ ֆերմերների համար, և՛ ապահովագրական ընկերությունների։ Այս տարի հատուցվել է ռեկորդային՝ 1,258,727,505 ՀՀ դրամ հատուցում՝ մոտ 4 անգամ ավելի շատ, քան 2021 թվականին։ Ընդ որում, հատուցում ստացած ֆերմերների քանակը էական չի աճել, որից կրկին կարելի է ենթադրել, որ հատուցումների աճի վրա ամենամեծ դերակատարումը ունի հատուցման սահմանաչափերի կրկնապատկումը։

Աղյուսակից երևում է նաև, որ ավելի քան 3 անգամ աճել է միջին հատուցման չափը՝ կրկին հատուցման սահմանաչափի աճի հաշվին։

Վնասների առումով տեղի են ունեցել և՛ գարնանային ցրտահարության, և՛ կարկտահարության բազմաթիվ դեպքեր։

Ստորև համադրենք նաև հավաքագրած ապահովագրավճարները հատուցումների հետ և ստանանք վնասաբերության ցուցանիշները․

2020-22 թվականների ընթացքում միայն 2021 թվականն է դիտարկվել համեմատաբար բարենպաստ տարի։ Մյուս 2 տարիներին էլ վնասաբերության մակարդակը գերազանցել է 100%-ը՝ այս տարի կազմելով 145%: Նշված ցուցանիշը ահազանգ է և՛ ապահովագրական ընկերությունների համար, և՛ ծրագրում ներգրավված բոլոր կողմերի համար, քանի որ այն պոտենցիալ խոչընդոտ է հանդիսանում ծրագրի շարունակականությունը ապահովելու տեսանկյունից։

Ներկայացնենք հատուցումները ըստ ապահովագրական ընկերությունների։

Այս տարի նույնպես առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ 906 մլն ՀՀ դրամ հատուցմամբ, կամ ընդհանուր հատուցումների մոտ 72%-ով։ Ինչպես և հավաքագրած ապահովագրավճարներում՝ հատուցումներում նույնպես 2-րդ հորիզոնականում ՌԳՍ Արմենիան է՝ մոտ 19% մասնաբաժնով։

Վնասաբերության մակարդակով նույնպես ամենաբարձրը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի մոտ է՝ 154% ցուցանիշով։ Որպես ամփոփում ներկայացնենք 3 տարիների համախառն պատկերը․

Ընդամենը 
Հատուցում ստացած ֆերմերների քանակ3789
Ապահովագրված ֆերմերներ10930
Վնաս կրած ֆերմերների կշիռը ապահովագրվածների մեջ35%
Հատուցված գումարներ1,723,035,740
Հավաքագրած ապահովագրավճարներ, որից․1,472,438,867
Վնասաբերության մակարդակ117.02%

Ծրագրի համախառն վնասաբերության մակարդակը կազմում է 117%: Բարձր վնասաբերության հիմնական 3 պատճառներն են (բացի անբարենպաստ եղանակային պայմաններից)․

  1. Կենտրոնացումը միայն Ծիրան մշակաբույսի վրա – պորտֆելի 71%-ը բաժին է ընկնում միայն ծիրան մշակաբույսին, որը ունի ցրտահարության բարձր ռիսկ, ինչն էլ այս տարվա վնասաբերության հիմնական պատճառն է։ Փաստացի կեռաս, ձմերուկ/սեխ, խնձոր, բալ, սալոր և դեղձ մշակաբույսերի ապահովագրության նկատմամբ պահանջարկը մոտ է 0-ի։ Արդյունքում առկա է դիվերսիֆիկացիայի պակաս և անտիսելեկցիա։
  2. Այլ մշակաբույսերի նկատմամբ գյուղատնտեսների հետաքրքրության պակաս – ՀՀ գյուղատնտեսության համար ամենակարևոր ռազմավարական մշակաբույսը՝ խաղողը, փաստացի դուրս է մնում ապահովագրությունից։ Խաղողի ֆերմերները հետաքրքրված չեն գարնանային ցրտահարության և կարկուտի ռիսկով, քանի որ ըստ հիմնական մեկնաբանությունների՝ խաղողը չի ենթարկվում գարնանային ցրտահարության, իսկ կարկուտի դեպքում կարողանում են վերականգնել արտադրողականությունը։
  3. Ապահովագրական գումարների կրկնապատկումը – այս տարի ապահովագրական գումարները կրկնապատկվեցին, որի արդյունքում ապահովագրական ընկերությունները կարողացան ավելի քիչ պայմանագրերով հավաքագրել ավելի շատ ապահովագրավճարներ, սակայն կրկնակի սահմանաչափերը արհեստականորեն կրկնապատկեցին հատուցման չափերը։ Այս գործոնը որևէ կերպ չբարձրացրեց պրոդուկտի նկատմամբ հետաքրքրությունը։

Ծրագրի բարելավման և ավելի մասսայականացման համար մեր հիմնական առաջարկներն են․

  1. Ավելացնել ապահովագրական ռիսկերը՝ կենտրոնանալով խաղողի համար ավելի ակտուալ ռիսկեր ներառելու վրա, օրինակ՝ ուժգին քամիների կամ հիվանդությունների,
  2. Վերանայել ապահովագրական գումարների շեմերը,
  3. Ներդնել պայմանագրերի պարտադրման մեխանիզմներ, օրինակ՝ վարկերի հետ կապակցելով։

Արդյունքում հնարավոր է ապահովագրել ծիրանից բացի այլ մշակաբույսեր, բարձրացնել դիվերսիֆիկացումը, և կառավարել վնասաբերությունը։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010