Այսօր գրեթե չկա ԱՊՊԱ պատահար, որի հատուցման որոշումը չի բողոքարկվում։ Պատահար ունեցող վարորդները բողոքարկում են որոշումները, նույնիսկ եթե բողոք չունեն։ Բողոքարկելը դարձել է ԱՊՊԱ հայտերի կարգավորման սովորական երևույթ։

ԱՊՊԱ որոշումներում հնարավոր է բողոքարկել երկու առարկա՝ գնահատված վնասի չափը և մեղավորությունը։ Այս երկու  առարկաներից առավել հաճախ բողոքարկվում են վնասի չափերը։ Բողոքարկումների մի մասը օբյեկտիվ են, այսինքն վնասը իսկապես քիչ է գնահատված լինում, կամ սուբյեկտիվ՝ իրական վնասից ավել գումար կորզելու և գրպանը դնելու համար։

Վնասի քիչ գնահատման օբյեկտիվ պատճառներից մեկը վնասված որոշ պահեստամասերի բաց թողումն է կամ չնկատելը։ Օրինակ՝ մեծ պատահարների դեպքում ապահովագրական ընկերության փորձագետը որոշ դետալներ կարող է չնկատել, որ վնասված են, և չներառել գնահատման ցանկի մեջ։ Հաճախ որոշ ապահովագրական ընկերություններ վնասը միտումնավոր ցածր են գնահատում․ միգուցե հաճախորդը չբողոքարկի և հաջողվի քիչ հատուցել։

ԱՊՊԱ հատուցում ստանալու գործընթացում կարևորագույն գործոններից մեկը պայմանագրում ճիշտ էլեկտրոնային հասցե ունենալն է։ Այս գործընթացի ամբողջ կոմունիկացիան իրականացվում է էլեկտրոնային եղանակով, և պայմանագրում սխալ մեյլ նշված լինելու դեպքում մարդիկ ուղղակի չեն ստանում ծանուցումները, բաց են թողնում բողոքարկման ժամկետները, և ունենում են ավելի վատ հետևանքներ։ Այդ իսկ պատճառով մեր կարդացողներին հորդորում ենք ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս կամ ստորագրելիս հատուկ ուշադրություն դարձնել պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին։ Ապահովագրական ընկերությունների գործակալները շատ հաճախ «ալարում են» հաճախորդին հարցնել ճիշտ էլեկտրոնային հասցեն, և պայմանագրում գրում են հորինված մեյլեր, օրինակ՝ [email protected], կամ անձի սոց քարտի համար @mail.ru, և այլն։

Երկրորդ կարևոր գործոնը Ինքնաշխատ դիմումների ընթացակարգն է։ Եթե ԱՊՊԱ պատահարը գրանցվել է ASWA հավելվածի միջոցով, կամ այն արձանագրել է Ճանապարհային Ոստիկանությունը (բացառությամբ մարմնական վնասներով պատահարների), ԱՊՊԱ հատուցման պրոցեսը մեկնարկում է առանց ձեր հատուցման դիմումի։ Այսինքն, ապահովագրական ընկերությունը ավտոմատ սկսում է վնասի գնահատումը և որոշման կայացումը՝ առանց սպասելու ձեր դիմումին։ Հատուցման գործընթացը Ինքնաշխատ սկսելու վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին կրկին գնում է ծանուցում այն մասին, որ տեղի ունեցած պատահարի գծով հատուցման գործընթացը ավտոմատ սկսվել է, և եթե չեք ուզում ընթացք տրվի, 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան նամակով հրաժարվեք դիմումից, այլապես գործին ընթացք կտրվի։

Ինքնաշխատ դիմումների գործընթացը ներդրվել է հատուցման պրոցեսները ավելի արագ իրականացնելու և ավելորդ թղթաբանությունը պակասեցնելու համար, սակայն հաճախ պայմանագրերում սխալ էլեկտրոնային հասցե նշված լինելու պատճառով վարորդները բաց են թողնում այս գործընթացը, և հաճախ իմանում են գործի մասին, երբ որոշումը արդեն կայացված է և գումարը փոխանցված։

Եվ այսպես, ԱՊՊԱ հատուցման բողոքարկումները հնարավոր է անել այն պահից սկսած, երբ պայմանագրում կամ դիմումում նշված էլեկտրոնային հասցեին ապահովագրական ընկերությունից ստացվում է հատուցման որոշման վերաբերյալ ծանուցումը։ Ընդ որում, այս ծանուցումները ուղարկվում են ASWA համակարգի միջոցով, և հաճախ հայտնվում են էլեկտրոնային թղթապանակի spam-ի մեջ։

Հատուցման որոշումները ստանում են պատահարի բոլոր կողմերը՝ ներգրավված մեքենաների սեփականատերերը և վերջիններիս ապահովագրական ընկերությունները, և կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի բողոքարկել որոշումը։

Գոյություն ունի բողոքարկման 2 ձև՝ Լրացուցիչ փորձաքննության նշանակում և Կրկնակի փորձաքննության նշանակում։

  1. Լրացուցիչ փորձաքննությունը հնարավոր է նշանակել որոշման ծանուցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովագրական ընկերությանը ուղարկելով Լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դիմում։ Այս փորձաքննությունը իրականացնում է հենց ապահովագրական ընկերությունը՝ անվճար հիմունքներով։ Լրացուցիչ փորձաքննության դիմումի ձևը հիմնականում կցված է լինում տվյալ ապահովագրական ընկերության կայքում՝ PDF ֆորմատով, որը անհրաժեշտ է ներբեռնել, լրացնել և ուղարկել ընկերության էլ հասցեին։ Որոշ ապահովագրական ընկերություններ իրենց կայքերում ունեն ավելի հարմար լուծումներ, օրինակ՝ հնարավոր է դիմումը լրացնել հենց կայքի մեջ՝ առցանց, առանց որևէ ֆայլ ներբեռնելու։
    Դիմումի ստացումից հետո 3 աշխատանքային օրվա մեջ ապահովագրական ընկերությունը պարտավոր է քննել և փորձաքննության արդյունքները որոշման ձևով նորից ծանուցել բոլոր կողմերին։ Բողոքարկման արդյունքում ապահովագրական ընկերության որոշումը կարող է կամ փոխվել, կամ մնալ անփոփոխ։
  2. Կրկնակի փորձաքննությունը հնարավոր է նշանակել որոշման ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ կրկին դիմելով ծանուցումն ուղարկած ապահովագրական ընկերությանը։ Սակայն այս դեպքում փորձաքննությունը իրականացնում է արդեն Ավտոապահովագրողների Բյուրոն՝ վճարովի հիմունքներով։ Այսինքն, բողոքարկման ցանկության դեպքում վարորդը լրացնում է կրկնակի փորձաքննության նշանակման դիմումը, կատարում դրա համար վճարումը, և դիմումի ու վճարման անդորրագրի հետ միասին ուղարկում ապահովագրական ընկերությանը։ Ապահովագրական ընկերությունը փաթեթը ստանալուց հետո այն փոխանցում է Բյուրոյին՝ բողոքարկմանը ընթացք տալու համար։ Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կրկնակի փորձաքննության արժեքը տատանվում է 5,000 – 49,000 ՀՀ դրամի միջակայքում։ Համաձայնեցված կամ Ինքնուրույն ընթացակարգով ընթացող գործերի դեպքում վնասի չափի բողոքարկման համար վճարը կազմում է 5,000 ՀՀ դրամ և տևում է 3 աշխատանքային օր, իսկ Ստանդարտ ընթացակարգի դեպքում՝ 15,000 ՀՀ դրամ, և տևում է 5 աշխատանքային օր։

Մեղավորության բողոքարկման արժեքը կազմում է 17,000 ՀՀ դրամ  կամ 49,000 ՀՀ դրամ՝ կախված հետքաբանական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից։ Մեղավորության բողոքարկման ժամկետը տևում է 5 աշխատանքային օր՝ ի լրումն մեղավորության և վթարի մեխանիզմի համապատասխանության որոշման համար սահմանված ժամկետի, որը հաճախ ձգվում է 10 աշխատանքային օր։

Կրկնակի փորձաքննության դիմումի լրացված տիպային օրինակը կարող եք գտնել այստեղ։

Կարևոր հուշում՝ ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից ուղարկվող դիմումները համարվում են պատշաճ ստորագրված։ Այսինքն՝ դիմումի ֆայլերը տպել, ստորագրել, սկան անելու կարիք չկա։ Այն կարելի է էլեկտրոնային եղանակով լրացնել հենց PDF-ի մեջ և էլեկտրոնային հասցեից ուղարկել ապահովագրական ընկերության էլ հասցեին։

Բողոքարկման ցանկության դեպքում կարելի է սկզբից դիմել Լրացուցիչ փորձաքննության, և դրա արդյունքից չգոհանալու դեպքում՝ նոր Կրկնակի փորձաքննության։ Սակայն որևէ սահմանափակում չկա շրջանցել Լրացուցիչ փորձաքննության փուլը և միանգամից դիմել Կրկնակի փորձաքննության։

Փորձը ցույց է տալիս, որ Լրացուցիչ փորձաքննության դեպքում ապահովագրական ընկերությունները իրենց որոշումների մեծ մասը թողնում են անփոփոխ։

Վերոնշյալ երկու բողոքարկման տարբերակներից որևէ մեկով չգոհանալու դեպքում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են որոշման վերջնական ծանուցումից հետո 6 ամսվա ընթացքում դիմել Ֆինանսական համակարգի հաշտարար, իսկ իրավաբանական անձինքն՝ որոշումը բողոքարկել դատական ձևով։

Ֆինանսական հաշտարարը իր միջոցներով կարող է նշանակել նոր փորձաքննություններ՝ վնասի գնահատման կամ մեղավորության պարզման նպատակով։ Ֆինանսական հաշտարարը կարող է կայացնել Որոշում, կամ միջնորդել՝ ապահովագրական ընկերության հետ հաշտվելու համար։ Որոշման կայացման դեպքում այն պարտադիր է ապահովագրական ընկերության համար, և ենթակա չէ բողոքարկման վերջինիս կողմից։ Ֆիզիկական անձ հաճախորդը ամեն դեպքում կարող է բողոքարկել նաև Հաշտարարի որոշումը՝ դիմելով դատարան։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010