Ամփոփելով 2024 թվականի 1-ին եռամսյակի արդյունքները` կարող ենք ասել, որ հավաքագրված ապահովագրավճարներով նախորդ տարի նույն ժամանակաշրջանի համեմատ շուկայում նկատվել է ցուցանիշների անկում՝ մոտ 7%-ով կամ 1,5 մլրդ դրամի չափով: Հավաքագրվել է 22 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար՝ նախորդ տարվա 23,5 մլրդ ՀՀ դրամի փոխարեն։
Գերակշիռ մասը կազմում է առողջության ապահովագրությունը, որն իր մեջ ներառում է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը կամ «սոց փաթեթը» (այն կազմում է մոտ 4 մլրդ ՀՀ դրամ)։ Նշենք, որ հավանաբար այս տարվա 1-ին կիսամյակից հետո «Սոց փաթեթով» այլևս ապահովագրական ընկերությունները չեն զբաղվի, և այն կհանձնվի նոր ստեղծվող Առողջության Համապարփակ ապահովագրության Հիմնադրամին։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրավճարները նվազել են մոտ 6% -ով՝ զբաղեցնելով շուկայի 38%-ը։ Հատկանշական է, որ պորտֆելում պարտադիր առողջության ապահովագրության կտորը գրեթե մնացել է անփոփոխ և նվազել են կամավոր առողջության ապահովագրության ցուցանիշները։
Հավաքագրած ապահովագրավճարներով շուկայում 2-րդ տեղը պատկանում է ԱՊՊԱ տեսակին՝ շուկայի մոտ 30% մասնաբաժնով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվում է չնչին, բայց դրական աճ։ Այսպիսով, առաջին եռամսյակի տվյալներով կարող ենք փաստել, որ ԱՊՊԱ սակագների ազատականացումն էական ազդեցություն չի ունեցել շուկայի չափի վրա։
Գույքի ապահովագրությունը կազմում է շուկայի 18%-ը, որը նախորդ տարվա համեմատ գրանցել է աճ՝ 9%-ով։
Ցուցանիշի դրական տեղաշարժ է գրանցվել նաև ԿԱՍԿՈ ապահովագրության գծով՝ 20% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Մասնավորապես ապահովագրական շուկա հայտնված նոր «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը կարողացել է կենտրոնացնել պորտֆելի գերակշիռ մասը և ներկայումս սպասարկել պորտֆելի շուրջ 37%-ը։ Հաջորդ բարձր արդյունքները «Լիգա Ինշուրանս»-ինը, «Նաիրի Ինշուրանս»-ինը և «Սիլ Ինշուրանս»-ինն են։ ԿԱՍԿՈ ապահովագրատեսակի գծով խիստ նվազել են «Ինգո Արմենիա»-ի ցուցանիշները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենալով ցուցանիշի մոտ 80% նվազում։
Աճ գրանցվել է նաև բեռների ապահովագրության գծով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով մոտ 22%-ով։ Կամավոր ապահովագրատեսակների պորտֆելը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցել է 13% անկում և ներկայումս զբաղեցնում է շուկայի մոտ 52%-ը։
Այս տարվա 1-ին եռամսյակի հավաքագրված ապահովագրավճարներով շուկայի առաջատարը 2023-ի հուլիսի 25-ին լիցենզիա ստացած «ԷՖԵՍ»-ն է՝ հավաքագրելով ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար և գրավելով շուկայի 23%-ը։ Հատկանշական է, որ ԷՖԵՍ-ը ներգրավված չի ԱՊՊԱ և «Սոց փաթեթի» մեջ, այսինքն այս ցուցանիշը գեներացվել է բացառապես ապահովագրության կամավոր տեսակներով։
Հաջորդում է «Լիգա Ինշուրանս»-ը՝ 22% մասնաբաժնով (4,8 մլրդ ՀՀ դրամ), «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 15% (մոտ 3,6 մլրդ ՀՀ դրամ), «Ինգո Արմենիա», «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս»-ը և «Ռեգո Ինշուրանս»-ը՝ համապատասխանաբար 13%, 12%, 10% և 5%:
Կամավոր տեսակներով առաջատարը նույնպես «ԷՖԵՍ»-ն է՝ 44%՝ հավաքագրելով 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ «Լիգա Ինշուրանս»-ը, հավաքագրելով ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, զբաղեցնում է շուկայի 18%-ը, «Նաիրի Ինշուրանս»-ը 1,6 մլրդ ՀՀ դրամով՝ 15%, իսկ «Արմենիա Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս», «Ինգո Արմենիա» և «Ռեգո Ինշուրանս»-ը համապատասխանաբար՝ 7% ,9%, 5% և 3%:
«ԷՖԵՍ»-ն առաջատարն է հետևյալ ապահովագրատեսակներով՝
- Առողջության ապահովագրություն,
- ԿԱՍԿՈ,
- Գույքի ապահովագրություն,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Ճամփորդության ապահովագրություն։
«Լիգա Ինշուրանս»-ը առաջատարն է պատասխանատվության ապահովագրության գծով, «Նաիրի Ինշուրանս»-ը՝ ԱՊՊԱ տեսակով, իսկ «Արմենիա Ինշուրանս»-ը` երաշխիքի ապահովագրության։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ ապահովագրական շուկայում էական վերադասավորումներ են տեղի ունենում, մասնավորապես․
- ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեծ թափով մուտք է գործում ապահովագրության կամավոր տեսակներ,
- Այս տարվա կեսից սպասվում է առողջության պարտադիր ապահովագրության հատվածի “փոխանցում” պետական կառավարման,
- Այս տարվա կեսից սպասվում է էական տեղաշարժ ճամփորդության ապահովագրության պորտֆելում՝ կախված Վրաստանում ապահովագրության պարտադիր պահանջի հետ։