Ցանկացած ապահովագրական ընկերություն ունի «ընկեր», ով իր վրա կվերցնի ամենամեծ ռիսկերը և կապահովի ֆինանսական կայունության երաշխիքը։ Վերաապահովագրությունը հակված է կայունացնելու շահույթը և վնասը՝ թույլ տալով ապահովագրական ընկերություններին ավելի շատ, մեծ և վտանգավոր ռիսկեր ստանձնել: Munich RE-ն աշխարհի եզակի ընկերություններից է, որն իր հեղինակությամբ, պատմությամբ ու ռեսուրսներով թույլ է տալիս ապահովագրողներին մնալ վճարունակ՝ վերականգնելով տուժողներին վճարված մեծ հատուցումները:

Այսօր աշխարհում գործում են բազմաթիվ վերաապահովագրական ընկերություններ, որոնք ապահովում են ընդհանուր համաշխարհային ապահովագրական համակարգի հուսալիությունը: Խոշորագույններից մեկը Մյունիխ ՌԵ (Munich Re) ընկերությունն է՝ հայտնի նաև որպես Münchener Rückversicherungs-Gesellschaft։ Այն հիմնադրվել է 1880 թվականին Գերմանիայում՝ Կարլ Թիմի ջանքերի շնորհիվ, և այժմ ակտիվ գործում է համաշխարհային մասշտաբով: Մյունիխ ՌԵ ընկերությունը տրամադրում է վերաապահովագրական ծառայություններ ամբողջ աշխարհում՝ ապահովագրական ընկերություններին օգնելով կառավարել իրենց ռիսկերը և պաշտպանվել հիմնական բնական աղետներից, կատաստրոֆիկ ռիսկերից կամ այլ աղետալի իրադարձությունների հետևանքով առաջացած մեծ կորուստներից: Ընկերության հիմնական գործառույթներն ու բնութագրիչներն են՝

  • Գույքային տեսակներով ապահովագրության հիմնական know-how կրող և աշխարհի թելադրող (ներառյալ՝ մեթոդաբանություն, կանոններ, վերլուծություներ, սակագներ),
  • Գյուղատնտեսության ապահովագրություն և կառավարում,
  • Կլիմայի փոփոխության և դրա հետևանքների վերլուծություն և համակցում բնական աղետների ռիսկերի կառավարման հետ,
  • Առևտրային տիեզերական թռիչքների ռիսկեր,
  • Կիբեր ապահովագրություն,
  • Կյանքի/Առողջության ապահովագրություն,
  • Կապիտալի, Խնայողությունների և ներդրումների կառավարում,
  • Թվայնացում, նորագույն տեխնոլոգիաների կիրառություն և insurtech ընկերությունների ֆինանսավորում ու դրամաշնորհներ,
  • Նոր էկոհամակարգի ադապտացում։

Նման բազմապրոֆիլ և վտանգավոր ռիսկերը գնահատելով՝ Munich Re-ն 2010 թվականից զբաղեցնում է 1-ին տեղը՝ գլոբալ վերաապահովագրության լավագույն թոփ 50-ում (հիմնված A.M. Best Company, Inc. ի հետազոտական տվյալների վրա):

Հիմնադրման պատմությունը

Munich Re-ն հիմնադրվել է 1880 թվականին Münchener Rück անունով: Այդ ընթացքում ապահովագրական շուկայում արդեն բուռն մրցակցություն կար. միայն 1871-1872 թվականներին Գերմանիայում, Շվեյցարիայում և Ավստրո-Հունգարիայում հիմնադրվել էին տասներեք նոր վերաապահովագրողներ, բայց նրանցից շատերը երկար չկարողացան գոյատևել։ Դեռևս այդ ժամանակից Կարլ Թիմը վստահ էր, որ այս ոլորտը կզարգանա և տարիներ հետո շահավետ բիզնեսի կվերածվի։ Իհարկե իր կանխատեսումները ճիշտ դուրս եկան, քանի որ ապահովագրական բոլոր ընկերությունները խոշոր ֆինանսների հետ են առնչվում։ Կարճատև մտորումներից հետո Կարլ Թիմը գտնում է հարուստ ներդրողների և ստեղծում ապահովագրողներից անկախ վերաապահովագրական ընկերություն։ Չնայած, որ Մյունիխ ՌԵ-ն բազմիցս բախվել է 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածների դժվարություններին, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին և նացիստական համակարգի բարքերին, այնուամենայնիվ չի կորցրել իր ուրույն դերը այս ոլորտում։ Ներկա պահին Munich Re-ն համարվում է առաջատարը վերապահովագրական շուկայում՝ ներկայանալով իր բարելաված ապրանքանիշով, որակյալ սպասարկմամբ և շուկայական հասանալի գներով։

Վիճակագրություն

Մյունիխ Ռե-ի մասին կարելի է եզրակացնել՝ ընդամենը դիտելով թվերին (31 դեկտեմբերի 2022 թ.)․

  1. 143 տարիների փորձ ռիսկերի կառավարման ոլորտում,
  2. 41,389 մարդ աշխատում է Munich Re Group-ում,
  3. € 21,2 մլրդ սեփական կապիտալ,
  4. $ 359 մլրդ ակտիվներ,
  5. $ 84.9 մլրդ շրջանառություն,
  6. 3,419 մլրդ եվրո շահույթ։

Վիճակագրությունից կարելի է ենթադրել, որ Munich Re-ի կարգախոսը՝ «We make it happen. Together.», թարգմանաբար՝ «Մենք դա հնարավոր ենք դարձնում: Միասին:», լիովին արդարացնում է իրեն և համապատախանում է խոստմանը։

Բացի այդ, Munich Re-ն մշտապես տրամադրում է վիճակագրություն և հաշվետվություններ ամբողջ աշխարհում տարբեր աղետների հաճախականության մասին, ինչը կարևոր է և կիրառելի տարբեր այլ ոլորտներում: Օրինակ Munich Re-ի վերջին հաշվետվության համաձայն՝ 2022 թվականին բնական աղետների հետևանքով մոտ 120 միլիարդ դոլարի վնաս է ապահովագրվել, քանի որ բնական աղետների քանակը շատացել է կլիմայի փոփոխման պատճառով: Նման վիճակագրությունը, ավելի մանրամասն տեղեկություններով օգտակար կլինի պետություններին և բնապահպաններին, ովքեր իրենց հերթին կձեռնարկեն որոշակի միջոցներ: Ընկերության տրամադրած ծառայությունները կարող են օգտակար լինել նաև Հայաստանի համար, հատկապես երկրաշարժ ռիսկի կառավարման և դրա ապահովագրության նկատմամբ նորմատիվային վերահսկողության շրջանակներում։

Ընկերության GWP-ն (Հավաքագրված համախառն ապահովագրավճար) 2022-ին աճել է 12,7%-ով՝ մինչև 67,1 մլրդ եվրո՝ 2021 թվականի 59,56 մլրդ եվրոյի դիմաց: Ընկերության գործառնական արդյունքը 2022 տարվա համար կազմել է 3,58 միլիարդ եվրո՝ մոտավորապես հավասար 2021 թվականի 3,51 միլիարդ եվրոյին:

Հետաքրքիր փաստեր

Մյունիխ ՌԵ-ն իր հաջողություններով հանդերձ նաև մեծ դեր է խաղացել արվեստի պատմության մեջ։ Ամեն ինչ սկսվում է 1912/13 թթ.-ին Մյունխենի Քյոնիգինշրասեի գլխավոր շենքի կառուցմամբ և արդեն 1960-ականներին ընկերությունը խորացված զբաղվում է ժամանակակից արվեստի հավաքագրմամբ։ Իրենց ցուցահանդեսներին ցուցադրվում են արդի գեղարվեստական  թեմաները ժամանակակից արվեստի միջոցով։ Այսպիսով, բացի ապահովագրության սուր հոտառություն ունենալուց՝ Կարլ ֆոն Թիմը նաև ուներ իր յուրովի բարձրաճաշակ հայացքները և ընկալումները արվեստում: Արվեստի գործերը Munich Re-ի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին ուղեկցում են ոչ միայն միջանցքներում, ճեմասրահներում, կոնֆերանսների սենյակներում, գրասենյակներում և հանդիպումների վայրերում, այլև նույնիսկ աստիճանահարթակներում և ստորգետնյա անցումներում: Munich Re Art հավաքածուն ներառում է 3000-ից ավելի նկարիչների աշխատանքներ ամբողջ աշխարհից, ինչպիսիք են՝ նկարներ, լուսանկարներ, գծանկարներ և քանդակներ: Չնայած որ, Munich Re Art հավաքածուն և ընթացիկ ցուցահանդեսը Munich Re Art պատկերասրահում է, այս պահին այն գործող չէ, սակայն դա չի խանգարում ծանոթանալ տարբեր գործերի հետ: Ավելին տեսնելու համար կարող եք այցելել Munich Re-ի պաշտոնական կայք:

Լոգոտիպ

Munich Re-ի լոգոտիպը նույնպես յուրահատուկ և բավականին հետաքրքիր մի արվեստի գլուխգործոց է։ Լոգոտիպում պատկերված է խորանարդաձև ադամանդ՝ հորիզոնական գծերից կառուցված։ Տողերը նշանակում են նոր գործընկերների ձեռքբերում, վստահություն, համերաշխություն և միշտ տարբերվելու ձգտում: Պաշտոնական կայքում լոգոն ներկայացվում է կապույտ գույնով, իսկ իրենց ընկերության մուտքի գագաթին փակցված է արծաթագույն տարբերակը։

Munich Re-ի դուստր ձեռնարկություններ

Munich Re-ն իր ծառայությունները մատուցում է երկու առանձին ընկերությունների միջոցով՝ հենց Munich Re վերաապահովագրական ընկերության և ERGO ապահովագրական ընկերության միջոցով։ ERGO-ն, որը Munich Re-ի դուստր ձեռնարկությունն է, ապահովագրական թևն է, իսկ ERGO-ի և Munich Re-ի ակտիվները կառավարվում են MEAG-ի կողմից: Նաև Munich Re-ն ընդգրկված է Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում DAX ինդեքսում, Euro Stoxx 50-ում և այլ ինդեքսներում։ Munich Reinsurance America-ն Munich Re-ի մեկ այլ դուստր ձեռնարկությունն է: Հիմնված է Դելավերում և հիմնադրվել է 1917 թվականին, և Munich Reinsurance America Inc. հիմնականում իրականացնում է գույքի և ավտոմեքենաների վերաապահովագրություն:

Munich RE-ի նորարարությունները

Munich RE-ի մեկ այլ առաջնահերթությունն է մարդկանց օգնելը՝ հասկանալու բիզնես աշխարհի ոլորտներում տեղի ուենցող հիմնական փոփոխությունները։ Այդ պատճառով Munich Re-ն առաջարկում է սեմինարներ, կոնֆերանսներ բոլոր այն բիզնես թեմաների շուրջ, որոնք վերաբերվում են նորագույն տեխնոլոգիաներին, բիզնես տրանսֆորմացմանը, և այլ արդիական թեմաներին։ Բացի այդ, Munich Re-ի և ERGO-ի փորձագետները ստեղծել են Tech Trend Radar 2022 ՝ հավաքելու և գնահատելու 2022 թվականի ամենաարդիական տեխնոլոգիական միտումները: Tech Trend Radar 2022-ն կօգնի մարդկանց սկսել իրենց նախընտրած ոլորտի բիզնեսը՝ օգտագործելով զարգացող տեխնոլոգիական նորամուծությունները:

Այսպիսով, Munich Re-ն վերաապահովագրական գերխոշոր և առաջատար կազմակերպություն է, որը ապահովում է բարձր որակ ամբողջ ապահովագրական շուկայում և օգնում մարդկանց ծանոթանալ տարբեր նորամուծությունների հետ։  Ամբողջ աշխարհում ցանկացած տեսակի և բարդության ռիսկեր ընդունելով՝ Munich Re Group-ը աշխարհի ապահովագրական համակարգի զարգացման կարևորագույն ընկերություններից մեկն է։


ՀՂՈՒՄՆԵՐ

https://www.propertycasualty360.com/2023/01/12/munich-re-natural-disasters-caused-losses-of-270b-in-2022/?slreturn=20230619054411

https://www.investopedia.com/terms/r/reinsurance.asp

https://www.forbes.com/companies/munich-re/?sh=11dbeb8913e3

Author