Այս հոդվածում կներկայացնենք ֆինանսների կամ եկամուտների արդյունավետ կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաև ապահովագրությունը՝ որպես անձնական ներդրման հնարավորություն։

Վստահ եմ՝ բոլորս էլ մտածում ենք մեր եկամուտների մի մասը կուտակելու, խնայողություններ կատարելու, «սև օրվա» համար գումար ունենալու մասին։ Մտածում ենք նաև ներդրումներ կատարելու մասին, որոնք կապահովեն կամ կերաշխավորեն վաղվա ֆինանսական մուտքերը։

Այս իմաստով, եկեք հասկանանք մեր եկամուտների ծախսային հոդվածների ուղղությունները։ Նախևառաջ, մեր եկամուտները մենք ծախսում ենք առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու վրա, օրինակ՝ հագուստ, ուտելիք, կոմունալ վճարումներ, և այլն։ Երկրորդ խումբը կարող ենք հատկացնել «խոշոր» կապիտալի ձեռքբերմանը՝ մեքենա, տուն՝ իրենցից բխող վարկային պարտավորություններով հանդերձ, տեխնիկա, կահույք, iPhone-ի վերջին կամ նախավերջին թողարկումը և այլն։ Այս ծախսերին զուգահեռ, եկամուտների մի մասը մենք հատկացնում ենք կրթությանը, առողջությանը, սպորտին։ Առանձին խումբ կարելի է դիտարկել նաև հանգստին և ժամանցին ուղղված ծախսերը, քանի որ վերջիններս առաջանում են միայն եթե նախորդ թվարկված ծախսերից հետո մեզ մոտ դեռ մնում են ազատ դրամական միջոցներ։ Վստահ եմ, որ առանց բացառության բոլորս էլ կատարում ենք կամ առնչվում ենք այս ծախսերի հետ։

Եկեք թվարկված ծախսերին տանք անվանում՝ «Սպառողական» կամ ապրուստի ծախսեր։ Ուսումնասիրելով միջազգային փորձը, տարբեր զարգացող, կամ առնվազն Հայաստանի կենսամակարդակի վրա գտնվող երկրների փորձը, այս ծախսերը կազմում են մեր եկամուտների միջինում 80-85%-ը։ Զարգացած երկրներում այս թիվը ավելի ցածր է՝ 70%, հաշվի առնելով այդ երկրներում սոցիալական բարձր նշաձողը, վարձատրության էական տարբերությունը, զարգացվածության աստիճանը և այլն։

Սպառողական ծախսերի և մեր համախառն եկամուտների տարբերությունը մենք ուղղում ենք խնայողություններին և ներդրումներին, հետևաբար եկեք մեր ծախսերի երկրորդ խմբի անունը հենց այդպես էլ դնենք՝ «Խնայողություններ և ներդրումներ»։ Յուրաքանչյուրի մասին խոսենք առանձին-առանձին։

Այսպես, խնայողություններ մենք կատարում ենք կամ սպառողական ծախսեր կատարելու համար, օրինակ՝ հանգստի մեկնելու, խոշոր գույք գնելու համար, կամ «սև օրվա» համար, ինչպիսի օրեր են հիմա։ Խնայողությունները պահում ենք ամենատարբեր ձևերով՝ կասսայում կոպեկներ կամ «հինգհարյուրանոցներ» կուտակելով, չնայած միշտ վերջում բացելուց պարզվում է, որ բացի հինգհարյուրանոցներից մեջը կան շատ հարյուրանոցներ, տասանոցներ 🙂 բարձի տակ գումար կուտակելով, նամանավանդ մեր նախորդ սերնդի ներկայացուցիչները, գրքերի մեջ, հատկապես 10-12 հատորանի գրքերից մեր սիրած թվով հատորի մեջ, երբ պարբերաբար մոռանում ենք, թե որ հատորի մեջ էինք պահել, ու հերթով բոլորը ստուգում ենք, հին «կուրտկայի» գրպանում, սովետական թխվածքաբլիթների ամանի մեջ, որտեղ հիմա կամ ասեղներ են, կամ կոպեկներ, ներքնազգեստի դարակի մութ անկյուններում, գողտրիկ անկյունում պահած կամ «Վան Գոգի» նկարի ետևում պահած «պահոց-սեյֆ»-ում, բանկի դրամապահոցում, բանկում՝ ավանդի տեսքով, կենսաթոշակային հիմնադրամներում։ Չնայած վերջին երկուսը՝ ավանդը և կենսաթոշակային հիմնադրամները ունեն նաև ներդրումային տարրեր, այսինքն՝ բացի բուն խնայողությունից ապահովում են նաև որոշակի տոկոսային եկամուտ։ Այնուամենայնիվ, ընդունված է համարել, որ դրանք նույնպես խնայողություն են, այլ ոչ թե ներդրում։

Ներդրումները, ինչպես արդեն հասկացանք, պարունակում են հավելյալ եկամուտների գեներացման ակնկալիք։ Այսինքն, ներդրում անելով մենք ակնկալում ենք, որ մեր ներդրած գումարը վերադառնալու է մեզ՝ իր հետ բերելով հավելյալ եկամուտներ։ Դրանց ուղղությունները բազմաթիվ են և բազմաֆունկցիոնալ։ Դիտարկենք մի քանի օրինակ.

  1. Ժողովրդական լեզվով ասած՝ «գործի մեջ դնել»։ Այստեղ կարելի է վերագրել բիզնեսի «հայկական» մոդելից սկսած՝ այսինքն, «Opel առնեմ դնեմ տաքսու տակ», մինչև ամենատարբեր բիզնես հիմնադրելը՝ ապրանքների ներմուծում, գրասենյակային աշխատանք, սրճարան, արտադրություն, հանքարդյունաբերություն, բանկ, ապահովագրական ընկերություն և այլն։
  2. Ներդրում ֆինանսական գործիքների մեջ – գնել արժեթղթեր՝ բաժնետոմսերի կամ պարտատոմսերի տեսքով, ստանալ կամ տոկոսային եկամուտ, կամ վերջիններիս վերավաճառքից գոյացած եկամուտներ և այլն։ Օրինակ, այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում, շատ ու շատ ոլորտների ընկերությունների բաժնետոմսեր մեծ անկում են ապրում, և շատ ու շատ ներդրողներ գնում են էժանացած բաժնետոմսերը՝ համաճարակի ավարտից հետո վերջիններիս գների կարգավորման և վաճառքի ակնկալիքով։  Ավելի ինստիտուցիոնալ ներդրողները, կամ ավելի խոշոր ֆինանսական ռեսուրսներ ունեցող անձինք, ներդրումը կատարում են «կապիտալ» ձեռքբերելու նպատակով, այսինքն ակնկալում են գնված բաժնետոմսերի դիմաց դիվիդենտների ստացում, այլ ոչ թե դրանց վերավաճառք։
  3. Անշարժ գույքի ձեռքբերում և դրա վարձավճարից եկամուտի ստացում։ Այսօր ընդունված է հիփոթեքային վարկով բնակարանի ձեռքբերում՝ եկամտային հարկի վերադարձի համակարգով և զուգահեռ ձեռքբերած տունը օրավարձով կամ երկարաժամկետ վարձատրությամբ հանձնելը։ Արդյունքում ստացվում է առանց ծախս, կամ նույնիսկ որոշ լրացուցիչ եկամուտով 10-15 տարվա մեջ ապահովել անշարժ գույք։
  4. Չակերտավոր ներդրումներ ազարտային խաղերում՝ կազինո, սպորտային մրցաշարեր և այլն։ Այստեղ նույնպես մենք մեր ազատ դրամական միջոցները ներդնում ենք՝ ակնկալիքով, որ դրանք կրկնապատկվելու, եռապատկվելու, կամ հարյուրապատկվելու են։ Իհարկե, որպես կանոն այս ներդրումները երբեք արդարացված չեն, և համաձայն դասական ֆիլմերից մեկի հերոսի՝ «եթե ցանկանում ես շահել կազինոյում, հիմնադրի՛ր կազինո»։

Այժմ մի փոքր խոսենք ապահովագրության և դրա յուրահատկության մասին։ Ապահովագրությունը միանշանակ չի դասվում «սպառողական» ծախսերի մեջ, հետևաբար այն պետք է փորձել գտնենք «խնայողություններ և ներդրումներ» բաժնում։

Մի փոքր մեր լեզվով ասած՝ խնայողությունները որևէ տեղ պահած դրամական միջոցներն են կամ համարժեք այլ գույքը, ոսկին, թանկարժեք մետաղները, որոնք ցանկացած պահի կամ «սև օրվա», որոշ սահմանափակումներով, գալուն պես՝ կարող ենք հանել և օգտագործել։ Հետևաբար ապահովագրությունը այս դասակարգման մեջ դժվար է պատկերացնել։

Ներդրումները, ինչպես արդեն նշեցինք, մենք կատարում ենք՝ ակնկալելով… այստեղ կարևոր է հենց ԱԿՆԿԱԼԵԼ բառի շեշտադրումը, ակնկալելով ստանալ հավելյալ եկամուտներ։

Ներկայացնենք ապահովագրության սահմանումը, որից հետո կպարզենք դրա տեղը։ Ապահովագրությունը փոխհամաձայնություն է կողմերի միջև, որտեղ մի կողմը՝ ապահովագրական ընկերությունը, խոստանում է վճարել որոշակի պայմանավորված գումար, եթե մյուս կողմին, այսինքն մեզ, պատահի, պայմանագրով սահմանված, որևէ իրադարձություն։ Դրա դիմաց մենք վճարում ենք որոշակի ապահովագրավճար։ Օրինակ՝ մենք ապահովագրական ընկերությանը վճարում ենք 1000 պայմանական միավոր, և վերջինս մեզ խոստանում է, որ եթե մեր մեքենան վթարի ենթարկվի, կփոխհատուցի մեքենայի վերանորոգման 100,000 պայմանական միավոր ծախսը։ Կամ, եթե հիվանդանանք, կվճարի մեր բուժման ծախսերը և այլն։ Որպեսզի ապահովագրական պայմանագիրը աշխատի, կամ ապահովագրական ընկերությունը մեզ հատուցի, անհրաժեշտ է մեզ հետ պատահի որևէ «բացասական» կամ «վատ» իրադարձություն։ «Հիվանդանալ», «վթար», «սննկանալ», «աղետներ», «համաճարակներ», «ահաբեկչություն» և այլն… այս բոլորը վատ իրադարձություններ են, որոնց ի հայտ գալուց հետո ապահովագրական ընկերությունները մեզ փոխհատուցում են մեր կրած ֆինանսական ծախսերը։ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, հատուցումից հետո, հիմնականում, վերականգնվում է մեր այն ֆինանսական վիճակը, որը առկա էր անմիջապես պատահարից առաջ։ Այսինքն հավելյալ եկամուտներ մենք հատուցումից չենք ստանում։

Ապահովագրական ծախսի, կամ ապահովագրավճարի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ծախսից կամ ներդրումից հետո մենք դրա վերադարձ չենք ԱԿՆԿԱԼՈՒՄ, այսինքն, մենք չենք ուզում հիվանդանալ, վթարի ենթարկվել, կայծակնահարվել, մնալ ջրհեղեղի տակ և այլն։

Այստեղ հարց է առաջանում. իսկ ի՞նչ ենք ԱԿՆԿԱԼՈՒՄ…

Պատասխանն է՝. «ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ»։ Գնելով ապահովագրության պայմանագիր, մենք ձեռք ենք բերում հանգստություն։ Հանգիստ ենք, որ եթե մեզ հետ պատահի այն տհաճ կամ վատ իրադարձությունը, որի դիմաց մենք գնել ենք պայմանագիրը, մենք կստանանք ֆինանսական փոխհատուցում։

Այստեղ կես կատակ, կես լուրջ մի հարց բարձրացնենք. երբ բժիշկը և ապահովագրական ընկերությունը ձեզ մաղթում են «առողջություն», կամ ասում են «անփորձանք», ո՞վ է ավելի անկեղծ։ Իհարկե՝ ապահովագրական ընկերությունը, քանի որ ինչքան լինեք առողջ, այնքան հատուցում վերջինս չի վճարի, իսկ բժիշկը կմնա անգործ:

Այսպիսով, հարցին, թե որտեղ է գտնվում ապահովագրության ծախսը՝ խնայողություններում, թե ներդրումներում, կարելի է պատասխանել՝ մեջտեղում, քանի որ այն ինչ-որ չափով խնայողություն է, ինչ-որ չափով ներդրում, և միաժամանակ ո’չ խնայողություն, ո’չ ներդրում։ Առանձին թեմա է ԿՅԱՆՔԻ ապահովագրությունը, որը մի փոքր այլ է աշխատում, և գրեթե լիովին ընկնում է «ներդրում» սահմանման մեջ, հետևաբար կյանքի ապահովագրությանը կանդրադառնանք առանձին՝ մեր մյուս հոդվածներում։ Այն, ինչը ներկայացրեցինք, վերաբերվում են «ոչ կյանքի» ապահովագրությանը։

Այժմ ներկայացնենք, թե առհասարակ ինչ է հնարավոր ապահովագրել Հայաստանում։

Հայաստանում գործում են վեց մասնավոր և մեկ պետական ապահովագրական ընկերություններ, որոնք բոլորը զբաղվում են «ոչ կյանքի» ապահովագրությամբ։ Կյանքի ապահովագրությամբ զբաղվող ընկերություն Հայաստանում այս պահին դեռևս չկա։

Հայաստանում ապահովագրության ամենահայտնի տեսակը ԱՊՊԱ-ն է, որի մասին վստահ եմ բոլորդ լսել եք։ ԱՊՊԱ-ն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն է, որով մենք ապահովագրում ենք մեր պատասխանատվությունը՝ երրորդ կողմին հասցված վնասի համար։ Բացի ԱՊՊԱ-ից մենք կարող ենք ձեռք բերել նաև ԿԱՍԿՈ պայմանագիր, որը կհատուցի հենց մեր մեքենայի վնասը ոչ միայն ՃՏՊ-ից, այլ շատ ու շատ այլ պատահարներից ևս, օրինակ գողություն, կարկուտ, քամիներ, հրդեհ և այլն։

Ավտոմեքենայից անցում կատարենք անձանց։ Այսօր մենք կարող ենք ապահովագրել մեր առողջությունը՝ հիվանդություններից։ Ձեռք բերելով առողջության ապահովագրության պայմանագիր հնարավորություն ենք ստանում նաև անցնել տարեկան որոշ բուժզննումներ, կանխարգելիչ միջոցառումներ և այլն։ Բացի այդ, կարող ենք ձեռք բերել նաև «Դժբախտ դեպքերից» ապահովագրության պայմանագիր, որով պատահարի ի հայտ գալու դեպքում կստանանք որոշակի ֆիքսված գումար։

Տարածված ապահովագրության տեսակներից է նաև ճամփորդության ապահովագրությունը։ Ճամփորդությունը մեր կյանքի կարևորագույն մասերից մեկն է, որի համար մենք դժվարությամբ կուտակում ենք գումարներ և իրականացնում երազանքներ։ Եվ պատկերացրե՛ք, որքան տհաճ կլինի այդքանից հետո բախվել որևէ հիվանդության ճամփորդության ընթացքում, և ամբողջ ժամանակն ու դրամական միջոցները ծախսել բուժհաստատությունների վրա։ Նամանավանդ, ինչպես տեղյակ եք, եվրոպական կամ ամերիկյան բուժհաստատություններում, նույնիսկ բժշկի խորհրդատվությունը, տասնյակ անգամներ գերազանցում է Հայաստանի գները։ Հետևաբար, արդեն նշած «ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ» ձեռք բերելը առավել ակտուալ է հենց ճամփորդության մեկնելիս։ Բացի հիվանդություններից, կարող ենք բախվել նաև այնպիսի վիճակների, երբ կորում է ուղեբեռը, հետաձգվում է չվերթը, կամ ընդհարնապես չեղարկվում է, ինչպես բոլորս ականատես եղանք նախորդ շաբաթներին։ Այս ամենից նույնպես՝ հնարավոր է նախապես պաշտպանվել և ձեռք բերել ապահովագրական ծածկույթ։

Մեզ պաշտպանեցինք, ճամփորդությունը պաշտպանեցինք, մեքենան պաշտպանեցինք, այժմ պաշտպանենք նաև մեր անշարժ գույքը։ Բնակարաններում և առանձնատներում ջրի արտահոսքերը, հոսանքի տատանումները, կարճ միացումները, անփույթ հարևանները, վերանորոգման աշխատանքները հաճախ վնասում են մեր գույքը՝ առաջացնելով անկանխատեսելի և մեծ ֆինանսական ծախսեր։  Շատերիս է հանդիպել, երբ հարևաններից կամ բարեկամներից զանգ ենք ստացել՝. «շուտ հասի, տանդ ջրհեղեղ է»։ Մեր աչքի առաջ միանգամից հայտվում է մի քանի հարյուր հազարի կամ միլիոն դրամի հասնող ծախսեր։ Այս ամենից հնարավոր է ապահովագրվել, և կրկին լինել ՀԱՆԳԻՍՏ։

Գոյություն ունեն ապահովագրության մի շարք այլ տեսակներ։ Այն ամենը, ինչ շոշափելի է, հնարավոր է ապահովագրել։ Այն ամենը, ինչը պարունակում է որոշակի իրադարձության տեղի ունենալու ռիսկ, հավանականություն, հնարավոր է ապահովագրել։ Հնարավոր է ապահովագրվել այլմոլորակայիններից, թռչող ափսեներից, համաճարակներից, պատերազմներից, համի զգացողությունը կորցնելուց և այլն։

Ապահովագրությունը իր կարևորագույն դերը ունի նաև բիզնեսի համար։ Ձեռնարկությունները, արտադրական և ֆինանսական կառույցները պաշտպանում են իրենց ձեռնարկատիրական գործունեության մի շարք բնագավառներ, որոնց կրկին կանդրադառնանք մյուս հոդվածներում։

Այսպիսով, ապահովագրությունը յուրահատուկ ֆինանսական գործիք է, որը հնարավորություն է տալիս նախապես պաշտպանվել հնարավոր ֆինանսական ռիսկերից, լինել հանգիստ, և եկամուտները անհոգ ծախսել այն բոլոր մյուս ուղղություններով, որոնց մասին խոսեցինք։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010