2025 թվականի տարեվերջյան չորրորդ եռամսյակը արտացոլում է ապահովագրական շուկայի ընդհանուր պատկերը․ մասնավորապես՝ ինչպիսի աճ են գրանցել ապահովագրական ընկերությունները, ինչ նորարարական լուծումներ են մշակվել հաճախորդներին մատուցվող ծառայությունները բարելավելու համար և որքանով է արդյունավետ եղել ապահովագրական ռիսկերի կառավարումը, ինչը երևում է ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրած ապահովագրավճարների և իրականացված հատուցումների ընդհանուր ծավալներով։
2025 թվականին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարտադիր և կամավոր ապահովագրատեսակներով հավաքագրած ապահովագրավճարները աճել են 70․4 մլրդ դրամից՝ հասնելով 82.9 մլրդ դրամի, այսինքն՝ մոտ 17.75%-ով, որից կամավոր ապահովագրության տեսակներով հավաքագրած ապահովագրավճարները աճել են 37.5 մլրդ դրամից մինչև 43.9 մլրդ դրամ, այսինքն՝ 16.79%-ով։
Ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարների ծավալով շուկան գլխավորում են «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 13.8 մլրդ դրամ, «Ինգո Արմենիա»-ն՝ 13.7 մլրդ դրամ և «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը՝ 13.3 մլրդ դրամ հավաքագրած ապահովագրավճար։
Կամավոր ապահովագրատեսակներով հավաքագրած ապահովագրավճարների գծով առաջատար են «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Նաիրի Ինշուրանս»-ը, համապատասխանաբար՝ 13.3 մլրդ դրամ և 7.2 մլրդ դրամ հավաքագրած ապահովագրավճարներով։
2025 թվականին ԱՊՊԱ-ն, ինչպես նախորդ տարիներին, գրանցել է ապահովագրավճարների ամենամեծ ցուցանիշը՝ հավաքագրելով 33.8 մլրդ դրամ ապահովագրավճար, ինչը բարձր է 2024 թվականի ցուցանիշից 17.5%-ով։ Այս տենդենցը պայմանավորված է տրանսպորտային միջոցների շարունակական աճով, որն ուղղակիորեն ազդում է ԱՊՊԱ-ի ցուցանիշների վրա։ ԱՊՊԱ-ն զբաղեցնում է ապահովագրական շուկայի մոտ 40.8%-ը։
2025 թվականի 4-րդ եռամսյակի դրությամբ՝ ավտոմեքենաների կամավոր ապահովագրությունը՝ ԿԱՍԿՈ-ն, նույնպես գրանցել է դրական դինամիկա։ 2025 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԿԱՍԿՈ ապահովագրության տեսակով հավաքագրած ապահովագրավճարները աճել են 27%-ով՝ 5.5 մլրդ դրամից հասնելով 7.0 մլրդ դրամի։ ԿԱՍԿՈ ապահովագրավճարների ծավալով շուկայում առաջատար են «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը՝ 2.2 մլրդ դրամ և «Ինգո Արմենիա»-ն՝ 1.4 մլրդ դրամ հավաքագրած ապահովագրավճար։
Ապահովագրական շուկայում իր կարևոր դերը շարունակում է պահպանել կամավոր առողջության ապահովագրությունը, ինչը վկայում է Հայաստանում առողջապահական մշակույթի փոփոխության մասին, որտեղ անհատն ավելի կարևոր ու առաջնային է համարում իր ֆիզիկական բարեկեցությունը։ 2025 թվականի 4-րդ եռամսյակի դրությամբ կամավոր առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրավճարները կազմում են 19.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 15.7 մլրդ դրամի համեմատ։ 2025 թվականին ապահովագրական շուկայում կամավոր առողջության ապահովագրության տեսակարար կշիռը 22%-ից դարձել է 23%։
2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության նիստի որոշմամբ ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը լրացուցիչ խթան է հանդիսանում ապահովագրական ընկերությունների համար՝ ստեղծելու նոր պրոդուկտներ, որոնք, լրացնելով պետական փաթեթը՝ ապահովագրված անձանց կտրամադրեն առավել ամբողջական և որակյալ բժշկական ապահովագրություն։
2025 թվականին ճանապարհորդության ապահովագրությունը գրանցել է փոքր աճ` 4.67%՝ հատելով 1.4 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարների սահմանը, որտեղ «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը զբաղեցնում է ամենամեծ մասնաբաժինը՝ 51%, իսկ հաջորդը «Նաիրի Ինշուրանս»-ն է՝ 20% մասնաբաժնով: 2025 թվականի 4-րդ եռամսյակում նշանավոր էր նաև Վրաստանում պարտադիր ճամփորդության ապահովագրության ներդրումը։ 2025 թվականի տվյալներով Հայաստանի քաղաքացիները Վրաստան ամենաշատ այցելած զբոսաշրջիկների ցանկում զբաղեցնում են երրորդ տեղը՝ շուրջ 524,000 այցելություն։ Հայաստանյան ապահովագրական ընկերությունները առաջարկում են հատուկ «վրացական» փաթեթներ, որոնք համապատասխանում են Վրաստանի օրենսդրական պահանջներին։ Վրաստան մեկնելիս ճամփորդության պարտադիր ապահովագրությունը կարող է նպաստել Հայաստանում ապահովագրության գաղափարի ամրապնդմանը և կարևորությանը։
Անդրադառնալով ապահովագրական հատուցումների դինամիկային՝ կարող ենք տեսնել, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակի դրությամբ ընդհանուր ապահովագրական հատուցումները աճել են 43.9 մլրդ դրամից մինչև 48.7 մլրդ դրամ՝ 11%-ով, իսկ կամավոր ապահովագրության տեսակներով հատուցումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19%-ով՝ 20.5 մլրդ դրամից դառնալով 24.4 մլրդ դրամ։
Կամավոր ապահովագրության տեսակներով ամենաշատ հատուցումները տրվել են կամավոր առողջության ապահովագրության և ԿԱՍԿՈ-ի գծով՝ համապատասխանաբար 18.9 մլրդ դրամ և 3․6 մլրդ դրամ հատուցում։ Ընդհանուր ապահովագրական հատուցումների գերակշիռ մասը կազմում են ԱՊՊԱ-ով տրված հատուցումները՝ մոտ 23․4 մլրդ դրամ հատուցում։
Ապահովագրական հատուցումների աճը ցույց է տալիս, որ հաճախորդների իրազեկվածության մակարդակը գնալով բարձրանում է, ինչի արդյունքում ապահովագրված անձինք ավելի հաճախ են դիմում իրենց պայմանագրերով նախատեսված ծառայություններից օգտվելու համար։
Ըստ 2025 թվականի ֆինանսական տվյալների՝ ապահովագրական ընկերությունները արձանագրել են զուտ շահույթի դրական ցուցանիշներ, ինչը կարող եք տեսնել ստորև աղյուսակում․
2025 թվականի 4-րդ եռամսյակի տվյալներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ապահովագրական ընկերությունները գրանցել են բարձր ցուցանիշներ։ «Ինգո Արմենիա»-ն գլխավորել է ցանկը՝ վճարելով 747,7 մլն դրամ հարկ, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը, «Լիգա Ինշուրանս»-ը զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ «Նաիրի Ինշուրանս»-ը չորրորդ տեղում է՝ համապատասխանաբար՝ 584,6 մլն դրամ, 516,4 մլն դրամ և 416,5 մլն դրամ հարկային վճարումներով։
Ամփոփելով՝ կարող ենք տեսնել, որ չնայած ԱՊՊԱ-ն շարունակում է մնալ շուկայի «լոկոմոտիվը», կամավոր ապահովագրատեսակների, մասնավորապես՝ ԿԱՍԿՈ-ի և առողջության ապահովագրության զարգացումը փաստում է սպառողների վարքագծի փոփոխության մասին: Կարելի է կանխատեսել, որ առաջիկա տարիներին ապահովագրությունը հայաստանյան իրականությունում «պարտադիր» ծառայությունից աստիճանաբար կվերածվի կյանքի բարձր որակ ապահովող կարևոր գործիքի՝ մեծացնելով տարբեր ապահովագրատեսակների նկատմամբ պահանջարկը։ Միաժամանակ հատուցումների աճը և ապահովագրավճարների բարձր տեմպը ցույց են տալիս, որ շուկան շարունակում է մնալ ակտիվ և մրցակցային, ինչը պահանջում է ապահովագրական ընկերություններից ավելի արդյունավետ ռիսկերի կառավարում։