Թեև բոլորս ինչ-որ չափով ծանոթ ենք կամ ունենք ԱՊՊԱ տեսակի ապահովագրություն՝ հանրային ճանապարհներով երթևեկող յուրաքանչյուր մեքենայի համար վերջինիս պարտադիր լինելու պատճառով, մարդկանց շրջանում դեռևս շատ են տարածված ապահովագրության վերաբերյալ տարատեսակ միֆեր:

Առաջարկում ենք քննարկել ապահովագրության մասին 5 ամենատարածված միֆերը:

Միֆ 1: Որքան էժան, այդքան ավելի ձեռնտու

Տարածված կարծիք է, որ ապահովագրական ծածկույթ ընտրելիս անհրաժեշտ է համեմատել ապահովագրողների կողմից տրվող առաջարկները և ընտրել ամենաէժան տարբերակը։ Այս մոտեցումը միշտ չէ ակտուալ, քանի որ ապահովագրական ընկերությունների մեծ մասը նմանատիպ ծածկույթները տրամադրում են գրեթե նույն ապահովագրական վճարի դիմաց։ Համեմատական տանելուց առավել ուշադիր եղեք տրամադրվող ծածկույթներին, սահմանաչափերի և հավելյալ ծառայությունների ցանկին, քանի որ իջեցված գինը կարող է նշան լինել պայմանագրի կետերում ներառված տարատեսակ սահմանափակումների կամ բացառությունների։

Վերջ ի վերջո՝ թանկից էժան չկա։

Միֆ 2: Իմ ապահովագրությունը վճարելու է ինձ ամեն ինչի համար

Ընդհանրապես, ապահովագրությունը նախատեսված է հանկարծակի և պատահական իրադարձությունների դեպքում Ձեզ աջակցելու համար: Սակայն փոխհատուցման տոկոսը կախված է տրված պայմանագրի սահմանաչափերից և պատահարի՝ որպես պայմանագրի շրջանակներում հատուցվող միջադեպ որակավորվելուց բացի, վնասի գնահատման տոկոսից։ Սահմանված ապ. գումարից բարձր ցանկացած գումար պետք է վճարվի ապահովագրված անձի կողմից, չհաշված ապահովագրական գումարի այն կտորը, որը ապահովագրվող կողմը համաձայնում է վերցնել իր վրա (պայմանական կամ ոչ պայմանական չհատուցվող գումար)։

Պայմանագիրը չի ծածկելու նաև աստիճանական վնասը կամ մաշվածությունը, որը կարելի է կանխել կանոնավոր սպասարկման ապահովման միջոցով: Օրինակ, եթե ձեր լվացքի մեքենայից մաշվածության հետևանքով ջուր հոսի և վնասի տան հատակը, Ձեր ապահովագրությունը չի ծածկելու լվացքի մեքենայի վերանորոգումը, սակայն հատուցելու է արտահոսքի պատճառած վնասը:

Բացի այդ, ապահովագրական պայմանագիրը կարող է նախատեսել լրացուցիչ սահմանափակումներ այլ ծախսերի համար, ինչպիսիք են, օրինակ, դեղամիջոցները կամ թանկարժեք իրերը, որոնք կարող են ընկնել մասնակի փոխհատուցման տակ:

Միֆ 3: Եթե ես վարձակալ եմ, ես գույքի ապահովագրության կարիք չունեմ

Անկախ նրանից, թե տան սեփականատերը ունի գույքի ապահովագրություն, թե չէ, շենքում պատահարի առկայության դեպքում շենքի ֆիզիկական կառուցվածքը, ինչպես նաև կենցաղային տեխնիկան կարող են ապահովագրվել Ձեր տանտիրոջ ապահովագրության պայմանագրի միջոցով, բայց Ձեր անձնական իրերը կմնան անպաշտպան։ Բացի այդ, եթե Ձեր օրոք դժբախտ պատահար է տեղի ունեցել, օրինակ՝ գազօջախի անսարքության կամ ծորակի բաց վիճակում մնալու արդյուքնում, Դուք կարող եք պատասխանատու լինել այլ սարքերին պատճառած վնասի համար: Նման պատասխանատվության ծածկույթ կարող եք ստանալ գույքի ապահովագրության շնորհիվ։

Շատերը կարծում են նաև, որ բավարար թանկարժեք իրեր չունեն գույքի ապահովագրությունն արդարացնելու համար: Բայց փորձեք քայլել Ձեր տան միջով՝ հաշվելով բոլոր կարևոր իրերը: Հաշվեք ամեն ինչ՝ ներառյալ կահույքը, տեխնիկան, էլեկտրական սարքերը, հագուստը և այլ պարագաներ, և այդ պահին կիմանաք բնական աղետի, հրդեհի կամ գողության իրական արժեքը:

Միֆ 4: Ես երիտասարդ եմ և առողջ, ուստի առողջության ապահովագրության կարիք չունեմ

Շատերը կարծում են, որ առողջության ապահովագրությունը նախատեսված է միայն տարեցների համար, ում համար բժշկական ծառայություններից օգտվելու հավանականությունն ավելի մեծ է: Դա տեղի է ունենում հիմնականում այն պատճառով, որ մարդիկ կարծում են, թե առողջության ապահովագրությունը ծածկում է միայն կրիտիկական հիվանդությունները, ինչը հաճախ ներառված չէ կամավոր տեսակների հիմնական ծածկույթներում և հանդիսանում է հավելյալ ծածկույթ: Նույնիսկ եթե Դուք երիտասարդ եք և առողջ, առողջության ապահովագրությունը կարող է Ձեզ պաշտպանել չնախատեսված և մեծ բժշկական ծախսերից՝ հատկապես եթե ցանկանում եք մասնագիտացված բուժում ստանալ պետական համակարգի ծառայություններից դուրս:

Բացի այդ՝ առողջության ապահովագրություն ձեռք բերելը շահավետ է, երբ երիտասարդ եք և լավ մարզավիճակում, ոչ միայն ավելի մատչելի գնային քաղաքականության տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ ավելի հասուն տարիքում Ձեզ համար ավելի դժվար կլինի ծածկույթ ստանալ նախապես առկա հիվանդությունների համար:

Միֆ 5: Վիրահատությունից առաջ ձեռք բերված առողջության ապահովագրությունը ծածկելու է իմ ծախսերը

Առողջության ապահովագրության պայմանագրերը, հիմնականում, տրամադրվող յուրաքանչյուր ծածկույթի համար ունեն սպասման ժամանակահատված, որը հատկապես էական է և կիրառվում է ապահովագրության պայմանագրի կնքումից առաջ առկա հիվանդությունների դեպքում։

Առողջության ապահովագրության պայմանագիր գնելիս ապահովագրվող անձինք պետք է ճիշտ տեղեկատվություն տրամադրեն իրենց առողջության և ընտանիքի բժշկական պատմության մասին. առկա հիվանդությունները, ապրելակերպը, սովորությունները, ինչպիսիք են ծխելը և ալկոհոլ օգտագործելը: Շատերը կարծում են, որ որոշակի մանրամասներ թաքցնելը կամ չբացահայտելը կօգնի որոշակի գումար խնայել: Սակայն նման մանրամասները հեշտությամբ բացահայտվում են և կարող են հանգեցնել հատուցման մերժմանը:

Author

  • ՌԱՖԱՅԵԼ ԱՎԱԳՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթեր , ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2019