Ապահովագրությունը աշխարհի հնագույն ֆինանսական հարաբերություններից մեկն է։ Արդեն մոտ 4,000 տարի է այն իր հատուկ դերը ունի ինչպես անձանց, այնպես էլ պետությունների տնտեսական համակարգերի համար։

Դասական ապահովագրական ընկերությունները, որոնք ի հայտ են եկել 18-րդ դարում Անգլիայում, արդեն 300 տարի տրամադրում են ապահովագրական պրոդուկտների լայն տեսականի։ Մինչ այսօր դրանց էությունը կայացել է անձի և ապահովագրական ընկերության միջև պայմանավորվածության մեջ, ըստ որի անձը վճարում է փոքր վճար, և պայմանավորվածությամբ սահմանված պատահարի ի հայտ գալու դեպքում ապահովագրողը վճարում է հատուցում։ Այսինքն կարող ենք ֆիքսել, որ մինչ այսօր ապահովագրական ընկերությունները «Պրոդուկտի» վրա հիմնված ընկերություններ են, ինչպես, օրինակ, դեմքի խնամքի միջոցներ վաճառող ընկերությունները։ Պայմանագրի ավարտից հետո անձը կարող է գնել այլ պրոդուկտ՝ այլ ապահովագրողից, քանի որ չունի որևէ կապվածություն իր ապահովագրողի հետ։ Որպես կանոն, եթե պատահարներ տեղի չեն ունենում, մարդիկ իրենց ապահովագրական ընկերության հետ առնչվում են միայն պայմանագրի կնքման և վերակնքման ժամանակ՝ տարի մեկ անգամ։

Այսօր բիզնեսի տարբեր ոլորտներում լսում ենք «Էկոհամակարգ» տերմինը, և ոչ միշտ ենք այն ընկալում։ Էկոհամակարգերը 21-րդ դարի մարդու կյանքի որակը փոխող համակարգեր են, որոնց էությունը կայանում է միևնույն համակարգի միջոցով անձին տրամադրել հնարավորինս լայն ծառայություններ։

Էկոհամակարգերի դասական օրինակներ են՝ Apple, Amazon, Facebook, Google, Tinkoff, Lemonade, և շատ ու շատ հայտնի և անհայտ ընկերություններ։ Apple ապրանքանիշի հետ առնչվում ենք օրական 24 ժամ։ Երգեր այլևս լսում ենք Apple Music-ով, ժամանակին հետևում ենք Apple Watch-ով, օրացույցներ, տետրեր, նվագարկիչներ այլևս պահելու իմաստ չկա՝ ամեն ինչ մի վայրում է։ Մեր ամբողջ ինֆորմացիան արտացոլվում է Macbook համակարգիչներում, ֆիլմեչը դիտում ենք AppleTV-ով։ Նույնիսկ առողջությանն ենք հետևում Apple Health ծրագրով։

Մեր առցանց սոցիալական շփումները կազմակերվում են Facebook ընկերության միջոցով՝ Instagram և Whatsapp համակարգերով։ Մեր կրթական/ուսուցման ամբողջ պրոցեսը հեշտացնում է Google ընկերությունը, որին պատկանում է նաև Youtube պլատֆորմը, և այլն։

Tinkoff բանկի բջջային հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել ոչ միայն բանկային գործարքներ, այլև ապահովագրվել, կանչել տաքսի, ամրագրել սեղան ռեստորանում, գտնել ճամփորդության խորհուրդներ, ամրագրել հյուրանոցմեր, և այլն։ Այսինքն, միասնական էկոհամակարգը մեզ տալիս է հարմարավետություն, ժամանակի խնայողություն և կապվածություն ծառայությունը մատուցող ընկերության հետ։

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ աշխարհի զարգացման վեկտորը ուղղված է դեպի էկոհամակարգեր, կամ «ծառայության» վրա հիմնված գործունեություն։ Կիզակենտրոնում հաճախորդն է, որի շուրջ կառուցվում է ամբողջ համակարգը։ Հաճախորդամետությունը, կամ CustomerCentrism-ը 21-րդ դարի բիզնեսի գլխավոր իզմ-ն է։ Առանց այս իզմ-ի կապիտալիզմը կանգնում է փլուզման եզրին։

Հաջորդ կարևոր իզմ-ը Dataism-ն է, կամ Տվյալների նկատմամբ «հակումը»։ Վերոնշյալ բոլոր ընկերությունները գեներացնում ահռելի ծավալների տվյալներ՝ հաճախորդների վարվելակերպի, նախասիրությունների, քայլերի, կյանքի վերաբերյալ, և օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները՝ տրամադրում են «թիրախավորված» ծառայություններ։

Ներկայացված վեկտորին արդեն իսկ միացել են աշխարհի ՏՏ հսկաները։ Անցում են կատարում նաև այնպիսի ավանդական ընկերություններ, ինչպիսիք են Fedex-ը, Allianz-ը, Generali-ն, մի շարք բանկեր և ապահովագրական ընկերություններ, և այլն։ Կարելի է պնդել, որ ապահովագրական ընկերությունները գտնվում են թվայնացման սաղմնային փուլում։

Հաճախ նորաթուխ ապահովագրական ընկերությունները կարողանում են շրջանցել իրենց ավանդական մրցակիցներին՝ մի շարք ցուցանիշներով։ Օրինակ, Ամերիկյան Lemonade ապահովագրական ընկերությունը ԱՄՆ-ում ամենահայտնի գույքի ապահովագրություն տրամադրող ընկերությունն է՝ համաձայն Clearsurance հարթակի տվյալների։ Lemonade-ը կարողացել է օգտագործել տեխնոլոգիական հնարավորությունները և արհեստական բանականությունը՝ մարդկանց համար ստեղծելով շատ ավելի հարմար համակարգ ապահովագրություն գնելու համար։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է ձեռք բերել պայմանագիր 3-5 րոպեի ընթացքում, իսկ ձեռքբերման ամբողջ պրոցեսը կազմակերում է Maya անունով chatbot-ը։ Ձեռքբերման պրոցեսի արագության և հեշտության շնորհիվ 21-րդ դարի հաճախորդը նախընտրում է հենց այս ընկերությունը։

Հայկական ապահովագրական ընկերությունները դեռևս չեն միացել այս տրանսֆորմացիային։ Արդիականացվել են որոշ կայքեր, հեշտացվել են որոշ պրոցեսներ, բայց մեծ հաշվով ապահովագրություն ձեռք բերելու համար անձը անցնում է նույն պրոցեսի միջով, ինչ 20-րդ դարում։

Հուսով ենք՝ ընկերությունները մոտ ապագայում կգիտակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները և հաճախորդներին «ծառայություն» մատուցելու կարևորությունը, և անցում կկատարեն բիզնեսի նոր կազմակերպման ձևին։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010