Ի՞նչ է թվային ապահովագրությունը

Թվային ապահովագրությունը ապահովագրական պայմանագրերի կնքման, վերակնքման, պատահարների հայտման և ցանկացած այլ ապահովագրության հետ կապված գործողության կատարումն է սարքերի կամ համակարգերի միջոցով։

Թվային ապահովագրությունը կարող է իրականացվել՝

  • կայքերի,
  • հավելվածների,
  • համակարգչային ծրագրերի,
  • հատուկ նախատեսված սարքերի,
  • և այլ միջոցներով:

Ի՞նչ առավելություններ ունի թվային ապահովագրությունը

Թվային ապահովագրությունը հնարավորություն է տալիս առավել հարմարեցնել և արագացնել ապահովագրական գործընթացները։ Թվային ապահովագրությունը կարող է կիրառվել ապահովագրական գործունեության տարբեր փուլերում, ինչպես կազմակերպության արտաքին գործունեության մեջ՝

  • պայմանագրերի կնքում, վերակնքում և խզում,
  • ապահովագրական գումարի և վճարի արագ հաշվարկում,
  • ապահովագրական պատահարների մասին տեղեկացում,
  • հատուցման դիմումի ներկայացում և ընթացքի ստուգում,
  • պայմանագրերի մեջ նշված տեղեկության արագ փոփոխում (կարիք լինելու դեպքում),

այնպես էլ կազմակերպության ներքին գործունեության մեջ, ինչպիսիք են, օրինակ՝

  • պայմանագրերի դասակարգումը,
  • պայմանագրերի ապահով պահպանումը,
  • տրամադրված տեղեկատվության հիման վրա վիճակագրական հետազոտությունը,
  • պատահարի տեղի ունենալու հավանականության հաշվարկումը,
  • կնքման, վերակնքման, հատուցման տրամադրման ընթացքի արագացումը:

Թվային ապահովագրությունը հնարավորություն է տալիս ապահովագրական ընկերություններին՝

  • մատուցել հաճախորդներին ավելի հարմարավետ և արագ ծառայություններ,
  • ավելի արդյունավետ դարձնել կազմակերպության ներքին գործընթացները,
  • առավել ապահով պահպանել կազմակերպության և հաճախորդների տվյալները,
  • նվազեցնել կազմակերպության ծախսերը:

Թվային Ապահովագրությունը Հայաստանում

Հայաստանի ապահովագրական շուկան բաղկացած է 6 ապահովագրական ընկերություններից, որոնք բոլորը որոշ մակարդակով օգտագործում են թվային ապահովագրության գործիքներ։ Թվային ապահովագրության հիմնական շարժիչ ուժը 2011թ ԱՊՊԱ համակարգի ներդրումն էր ՀՀ ողջ տարածքում, ինչը, պայմանագրերի մեծ ծավալի շնորհիվ, ստիպեց ապահովագրողներին փնտրել ժամանակակից լուծումներ։ Ներկայումս բոլոր ապահովագրական ընկերություններն ունեն իրենց կայքերը, որոնց շնորհիվ հաճախորդները կարողանում են որոշ պայմանագրեր կնքել առցանց կամ օգտվել կայքերում հասանելի ապահովագրական հաշվիչներից։

Արմենիա Ինշուրանս

Ընկերության կայքից հնարավոր է պատվիրել ԱՊՊԱ, տուրիստական և ԿԱՍԿՈ պայմանագրեր, ինչպես նաև հասանելի են նշված ապահովագրատեսակների ապահովագրավճարները հաշվարկելու հատուկ հաշվիչներ:

Ինգո Արմենիա

Ինգո Արմենիայի կայքն ունի ապահովագրական ընկերություններին հատուկ բոլոր հիմնական հնարավորությունները։ Կայքը նաև հնարավորություն է տալիս ստուգել առողջության, դժբախտ պատահարների և ճամփորդության ապահովագրությանը վերաբերող առկա հատուցման դիմումների կարգավիճակը, կատարել բոլոր պարբերական վճարումները, ստուգել կնքված պայմանագրերի  ժամկետներն ու վավերականությունը և ամրագրել բժիշկների հետ հանդիպում-խորհրդատվություններ։

Հաճախորդները կարող են օգտվել հաշվիչներից՝ ԱՊՊԱ, ԱՊԿԱ և ճանապարհորդության ապահովագրությունների պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկման համար։ Վերջինիս դեպքում, նաև հնարավոր է ձեռք բերել ճամփորդության ապահովագրության պայմանագիր հենց ընկերության կայքից:

Նաիրի Ինշուրանս

Հաճախորդները կարող են առցանց պատվիրել առաջարկվող գրեթե բոլոր ապահովագրական պայմանագրերը, այդ թվում ԿԱՍԿՈ, առողջության, բեռների, գույքի, դժբախտ պատահարների ապահովագրական պայմանագրեր։

Հաճախորդները նաև ունեն հնարավորություն օգտվել հաշվիչներից՝ ԱՊՊԱ և ճանապարհորդության ապահովագրության պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկման համար և գրանցել առողջության ապահովագրության առցանց հայտեր։

Ռեսո Ինշուրանս

Ընկերության կայքի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարի հաշվարկման հաշվիչից։

Ռոսգոսստրախ-Արմենիա

Բացի կայքերի հիմնական հնարավորություններից, Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերության հաճախորդները կարող են լրացնել ԱՊՊԱ՝ հատուցման, պատահարի վերանայման, պայմանագրի դադարեցման դիմումներ, ստուգել վարորդի Բոնուս/Մալուս դասը, կնքել և դադարեցնել ճամփորդության պայմանագրեր, ինչպես նաև գրանցել բժշկական օգնություն ստանալու դիմումներ։ Առկա են համապատասխան ԱՊՊԱ և ճամփորդության ապահովագրության հաշվիչներ:

Սիլ Ինշուրանս

Ընկերության կայքի միջոցով հաճախորդները կարող են  օգտվել ԱՊՊԱ և ճամփորդության ապահովագրության հատուկ հաշվիչներից, ինչպես նաև պատվիրել վերջինիս և բեռների ապահովագրության առցանց պայմանագրեր:

Թվային ապահովագրութունը ԱՊՊԱ պայմանագրերի պարագայում

ԱՊՊԱ պայմանագրերի համար Հայաստանում գործում է ASWA համակարգը, որը հնարավորություն է տալիս ցանկացած ապահովագրական ընկերության հետ կնքել պայմանագիր առցանց տարբերակով։ Համակարգը նաև թույլ է տալիս ստուգել վարորդի պատմությունը, տեղեկանալ վարորդի Բոնուս-Մալուս դասին, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով գրանցել պատահարներ և լրացնել համաձայնեցված հայտարարագիրը, առանց ապահովագրական գործակալի կամ ճանապարհային ոստիկանության ներգրավման։

ԱՊՊԱ պայմանագրեր կնքել հնարավոր է նաև էլեկտրոնային դրամապանակների (Իդրամ, Իզիփեյ, Թելսել, Յուփեյ և այլն) և վճարային տերմինալների միջոցով։ Պայմանագրեր կնքելու տարբերակների բազմազանությունը պայմանավորված է ՀՀ-ում ԱՊՊԱ-ի մեծ պահանջարկով, ինչը վկայում է, որ թվային ապահովագրության գործիքների զարգացումը տեղի է ունենում շուկայի զարգացմանը համընթաց։

  • Հեղինակի մասին

    Անդերրայթեր , ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2019