Համեմատելով Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունների 2021/2022թթ․-ի 1-ին կիսամյակի արդյունքները՝ ակներև է դառնում, որ համեմատած 2021թ․-ի ընդհանուր ապահովագրավճարների ցուցանիշի, որն էր 25 մլրդ դրամ, 2022թ․-ին գրանցվել է 27%  աճ, որը կարելի է համարել բավականին տպավորիչ ցուցանիշ։ Առաջին կիսամյակին ՀՀ ապահովագրական շուկան հավաքագրել է  մոտ 32 մլրդ․ ՀՀ դրամ, որը գրեթե 12 մլրդ․ դրամով ավել է նախորդ եռամսյակի համեմատ։ (տե՛ս 1-ին եռամսյակի հոդվածի ցուցանիշները)։ Այս հոդվածում կվերլուծենք, թե ո՞ր ապահովագրական ընկերություններն են ազդել աճի վրա, և մասնավորապես ո՞ր ապահովագրական տեսակների աճման արդյունքում է գրանցվել այստեսակ դրական փոփոխություն։

2021 և 2022 թվականների 2-ին եռամսյակներին հավաքագրված ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի, հազ ՀՀ դրամ

Ինչպես 2022թ․-ի  առաջին եռամսյակի ցուցանիշներում, այնպես էլ 2 եռամսյակներում միասին, որպես առաջատար ապահովագրական տեսակ հանդես է գալիս ԱՊՊԱ-ն՝ մոտ 11,7մլրդ ապահովագրավճարի ցուցանիշով, որը կազմում է ընդհանուր ապահովագրավճարների 36% ։ ԱՊՊԱ-ն 1-ին եռամսյակի համեմատ գրանցել է 97%-ի չափով աճ, իսկ 2021-ի 1-ին կիսամյակի համեմատ մոտավոր 20%։ Այստեսակ դրամատիկ աճի պատճառն է հանդիսացել մի շարք գործոններ։ Դրանցից ակնառուն բազիսային ապահովագրավճարի թանկացումն է, և նաև Բունուս-Մալուս դասի որոշ փոփոխություններ, որն էլ իր հերթին հանգեցրել է վնասաբեր հաճախորդների ապահովագրավճարների էական աճին։ Որպես աճի դրդիչ գործոն կարող է հանդիսանալ նաև վերջին շրջանում ավտոմեքենաների մեծաքանակ ներմուծումը Հայաստան, որն էլ իր հերթին հանգեցնում է ապահովագրաճարների քանակական աճին։

Երկրորդ խոշոր մասը բաժին է ընկնում առողջության ապահովագրությանը՝ 11,6 մլրդ․ ՀՀ դրամ ապահովագրավճարով, որն էլ իր հերթին կազմում է ընդհանուր ապահովագրավճարների 35,8%-ը։ Նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ առողջության ապահովագրության ապահովագրավճարները աճել են 25.5%-ով։ Աճը մեծամասամբ կապված է Հայաստանում ՏՏ ոլորտի կազմակերպությունների աշխատակիցների էական աճի, ինչպես նաև Ռուսաստանից տվյալ ոլորտի բավականին շատ մասնագետների ներհոսքի հետ։ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել ինչպես առանձին ՏՏ մասնագետներ, այնպես էլ ամբողջական ընկերություններ, և քանի որ ՏՏ ոլորտը առողջության ապահովագրության լոկոմոտիվն է, և բոլորը անխտիր ունենում են ապահովագրություն, այն նպաստել է պահանջարկի էական աճին:

Ապահովագրական խոշոր տեսակներից մեկն է նաև ԿԱՍԿՈ տեսակը, որը նույնպես գրանցել է բավականաչափ մեծ դրական փոփոխություն՝ աճելով 2021թ․-ի առաջին կիսամյակի համեմատ 22.7%-ով, կամ բացարձակ թվով 250 մլն․ ՀՀ դրամ։ 2022թ․-ի առաջին կիսամյակում այս տեսակով հավաքագրվել է 1.3 մլրդ․ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Դա պայմանավորված է մի շարք անուղղակի գործոններով։ Բնակչության մի որոշ զանգված գերադասում է մեքենա ձեռք բերել առաջնային շուկայից, օրինակ՝ ավտոսրահից, և ստանալ համապատասխան վարկավորում բանկից։ Այս դեպքում բանկը ավտոտրանսպորտի համար վարկ տրամադրելու դեպքում պահանջում է ապահովագրություն։ Սա էլ պատճառ է հանդիսանում ապահովագրավճարի քանակական աճի։ 

Հետաքրքրական է, որ օրենսդության փոփոխությունների արդյունքում նոր պահանջարկ է ստացել երաշխիքի ապահովագրությունը, որը նախկին տարիներին, որպես տեսակ, գործառության մեջ չի գտնվել։ Սակայն, դեռևս սույն ապահովագրական տեսակի ցուցանիշներ գրանցվում է միայն Սիլ Ինշուրանսի կողմից՝ 2022թ-ին առաջին կիսամյակին հավաքագրելով 21,5 մլն․-ի ապահովագրավճար։

2022 թվականի 2-ին եռամսյակին հավաքագրված ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի և ապահովագրական ընկերությունների, հազ ՀՀ դրամ

Ամփոփելով 2022թ․ ապահովագրավճարների ընդհանուր վերլուծությունը, ակնհայտ է դառնում, որ ինչպես անցած տարի այնպես էլ ներկա տարվա առաջին կիսամյակում, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ մնում է առաջատարը՝ ավելի քան 10 մլրդ․ համախառն ապահովագրավճարով։

Այսպիսով, շուկայի առաջատարը հավաքագրած ապահովագրավճարների գծով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարով, կամ շուկայի 35% մասնաբաժնով։ Մեծությամբ երկրորդ պորֆելը հավաքագրել է ՌԳՍ Արմենիան՝ 8.4 մլրդ ՀՀ դրամով, իսկ երրորդը՝ Նաիրի Ինշուրանսը՝ 6,3 մլրդ դրամով։

Գույքի ապահովագրության գծով նույնպես առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ 2,8 մլրդ ՀՀ դրամով, կամ 66,9% մասնաբաժնով ։Կրկին, հաջորդում են ՌԳՍ Արմենիան՝ 763 մլն․ՀՀ դրամով և Նաիրի Ինշուրանսը՝ 182մլն․ դրամով։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ տեսակներով՝

  1. Առողջության ապահովագրություն
  2. Գույքի ապահովագրություն
  3. ԿԱՍԿՈ
  4. Դժբախտ պատահարներից ապահովագրություն
  5. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
  6. Ճամփորդության ապահովագրություն
  7. Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն

ՌԳՍ Արմենիան զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ տեսակներով՝

  1. ԱՊՊԱ
  2. ԱՊԿԱ
  3. Օդային տրանսպորտի ապահովագրություն

Նաիրի Ինշուրանսը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրք բեռների ապահովագրության գծով։

Այժմ ներկայացնենք հատուցումների պատկերը՝ ըստ ապահովագրության դասերի և ընկերությունների.

Աղյուսակում պատկերված է 2022 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրած ապահովագրավճարների և վճարված հատուցումների համադրությունը՝ ըստ ապահովագրության դասերի։

Հատկանշական են 2021/2022թթ․-ի 1-ին կիսամյակների ընդհանուր հատուցումների տոկոսային փոփոխությունները։ Ըստ կատարված հետազոտությունների և համեմատական աշխատանքի՝ 2021/2022թթ․ համախառն ընդհանուր հատուցումների ցուցանիշներից ակնհայտ է դառնում, որ խոշոր մասնաբաժինը բաժին է ընկնում ՌԳՍ Արմենիային։ Այն կազմում է 2022թ․-ի առաջին կիսամյակի համախառն հատուցումների մոտ 31%-ը: Դրան հաջորդում է Ինգո Արմենիան՝ 26% մասնաբաժնով, իսկ երրորդ տեղում է Նաիրի Ինշուրանսը՝ 21%-ով։

2021թ․ առաջին կիսամյակի համեմատ 2022թ․-ի նույն կիսամյակում ընդհանուր հատուցումների գծով տեղի է ունեցել 3,46% նվազում, ինչի հիմք է հանդիսանում մի քանի ապահովագրական տեսակների էական փոփոխությունները։ Գույքի ապահովագրության գծով 2021-ին տեղի է ունեցել խոշոր հատուցում, իսկ 2022 թվականին նմանատիպ խոշոր պատահարներ չեն գրանցվել։ Բացառությամբ այդ մեծ խոշոր վնասի, ընդհանուր առմամբ կանխատեսվում էր հատուցումների էական աճ,  քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում պահեստամասերի արժեքը կտրուկ թանկացել է, որն էլ իր հերթին պետք է պատճառ հանդիսանար հատուցումների վճարի մեծացմանը, սակայն զարմանալի կերպով ականատես ենք լինում հակառակ արդյունքների։

ԱՊՊԱ-ն թե՛ 2021թ․-ի առաջին կիսամյակում, և թե՛ 2022թ․-ի նույն կիսմայակում առաջինն է իր հատուցումների վճարով՝ կազմելով 8.1 մլրդ․ դրամ։ Չնայած այդ փաստին, ԱՊՊԱ գծով հատուցումների վճարը նվազել է 2021թ․-ի 1-ին կիսամյակի համեմատ մոտ 8%-ով։ Երկրորդ խոշոր հատուցումների վճարումը կատարվել է առողջության ապահովագրության գծով՝ 4,6 մլրդ․ ՀՀ դրամ, որն էլ կազմում է ընդհանուր հատուցմների 37,3%-ի չափաբաժինը։

Շահութաբերության վերլուծություն կատարելու արդյունքում կարելի է արձանագրել, որ 2022թ․-ի 1-ին կիսամյակում ընդհանուր շահույթը կազմել է 2,2 մլրդ․ դրամ, որը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է մոտ 2,4 մլրդ դրամի աճ, այսինքն՝ նախորդ տարի նույն ժամանակահավածում ապահովագրական շուկան վնասով էր աշխատում։

2022թ․-ին շահույթի առավելագույն ցուցանիշը գրանցել է Նաիրի Ինշուրանսը՝ 632 մլն․ ՀՀ դրամ՝ վերցնելով համախառն շահույթի 27,8% մասնաբաժինը։ Այնուհետև ՌԳՍ Արմենիան՝ 517 մլն․ ՀՀ դրամ շահույթով։ Ամենացածր ցուցանիշը Սիլ Ինշուրանսինն է՝ գրանցելով ընդամենը 105 մլն․ ՀՀ դրամի շահույթ: Սակայն եթե համեմատենք 2022թ․-ի 1-ին եռամսյակի հետ, կտեսնենք, որ Սիլ Ինշուրանսը գրանցել է բավականին զգալի աճ։

Ամփոփելով վերլուծությունը,կարող ենք վստահորեն արձանագրել, որ 6 ապահովագարական ընկերություններն էլ գրանցել են բավականին լավ ցուցանիշներ՝ ապահովելով դրական աճ։

  • Հեղինակի մասին

    ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2022