ԱՊՊԱ պատահար Ինչ անել

Մեքենաների վարորդների մեծ մասը առնվազն 1 անգամ ունեցել են Ճանապարհատրանսպորտային պատահար և ներգրավվել ԱՊՊԱ հատուցումների պրոցեսում։ Հաճախ պատահարի վայրում սխալ գործողություններ իրականացնելու հետևանքով և՛ մեղավորները, և՛ տուժողները հատուցման հետ կապված անախորժություններ են ունենում, երբեմն նաև ստիպված են լինում վերադարձնել Ապահովովագրական ընկերության կողմից տուժողին հատուցած գումարները (սուբրոգացիա)։

Հոդվածում կներկայացնենք պատահարի վայրում և դրանից հետո վարորդների կողմից իրականացվող անհրաժեշտ գործողությունները։

Կախված վթարի աստիճանից՝ պատահարները սպասարկվում են հետևյալ ընթացակարգերով․

  1. Պարզեցված կամ Ինքնուրույն կարգավորմամբ գործընթաց (փոքր և պարզ դեպքերի համար),
  2. Ստանդարտ 1 գործընթաց (մեծ կամ վիճելի դեպքերի համար),
  3. Ստանդարտ 2 գործընթաց (մարմնական վնասների, քրեական դեպքերի համար)։

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾԸՆԹԱՑ (ԻԿԳ)

ԱՊՊԱ պատահարների գերակշիռ մասը կարգավորվում են հենց այս գործընթացով։ Այս գործընթացին անվանում են նաև համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարներ։ Այն իրականացվում է վարորդների կողմից ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության և (կամ) ներկայության։

Համաձայնեցված հայտարարագրով վարորդները կարող են գրանցել հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ բավարարող ավտոպատահարները՝  

  1. պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, որոնցից առնվազն մեկը պատահարի պահի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
  2. վնաս է պատճառվել միայն մասնակից ավտոտրանսպորտային միջոցներին կամ դրանցից մեկին, (այլ գույք, լուսամփոփեր, մարդիկ, առարկաներ չեն վնասվել)
  3. ավտոտրանսպորտային միջոցներից մեկի վարորդն ընդունում է, որ պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և վարորդների միջև առկա է փոխադարձ համաձայնություն,
  4. տուժողի կամ նրա ավտոմեքենայի վարորդի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը, բացառությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած պատահարի գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի, որոնց համար հատուցման չափը չի գերազանցում 200 000 ՀՀ դրամը:

 Եթե առկա են վերոնշյալ բոլոր կետերը միասին, ապա անհրաժեշտ է պատահարից հետո լրացնել Համաձայնեցված Հայտարարագիր՝ հետևյալ 2 եղանակներից մեկով․

  1. Ձեռքով լրացնել թղթային Համաձայնեցված հայտարարագիրը,
  2. Պատահարը գրանցել Բջջային հավելվածի միջոցով։

Ձեռքով լրացնելու դեպքում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը․

  1. Որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանել պատահարում ներգրավված տրանսպորտային միջոցները: Ընդ որում, լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
  2. Լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրել այն,
  3. Ազատել ճանապարհի երթևեկելի մասը,
  4. Վթարի պահից հետո 40 րոպեի ընթացքում վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնել Ապահովագրողին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին՝ հարցադրումներին պատասխանելով առավելագույնը համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունը (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունից ավել տեղեկատվություն հարցնել),
  5. Ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո վարորդները իրենց ՏՄ-ներով հեռանում են վթարի վայրից։
    Ուշադրություն՝ ապահովագրական ընկերությանը դեպքի վայրում սպասելու պարտավորություն վարորդները չունեն։

Բջջային հավելվածով պատահարը գրանցելու դեպքում անհրաժեշտ քայլերն են․

  1. Վարորդներից որևէ մեկը «App Store» կամ «Google Play» հարթակներից ներբեռնում է «ASWA» անվանմամբ հավելվածը, եթե այն արդեն իսկ ներբեռնված չէ վարորդներից որևէ մեկի բջջային հեռախոսում։ Նման հնարավորության բացակայության դեպքում հնարավոր է օգտվել այլ անձանց հեռախոսներից՝ վերջինների համաձայնությամբ և աջակցության պատրաստակամությամբ,
  2. Հետևելով «ASWA» հավելվածի հրահանգներին բջջային հեռախոսի միջոցով լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը՝ ներառյալ կատարելով դրանով նախատեսված լուսանկարները և հաստատումները,
  3. Հեռանում են վթարի վայրից՝ ազատելով ճանապարհի երթևեկելի մասը,
    Ուշադրություն՝ Այս գործընթացով ապահովագրական ընկերությանը դեպքի վայրում սպասելու կամ ապահովագրական ընկերությանը հեռախոսազանգով տեղեկացնելու պարտավորություն վարորդները չունեն։

ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ստանդարտ հատուցման գործընթացը կիրառվում է Պարզեցված հատուցման գործընթացի պայմաններին չբավարարող բոլոր այլ դեպքերում և կարգավորման տեսանկյունից իր հերթին բաժանվում է երկու ենթախմբի՝

  1. ապահովագրական պատահարներ, որոնց գծով չի իրականացվել քրեական և (կամ) վարչական վարույթ, և չի հարուցվել քաղաքացիական գործ, (այսուհետ՝ Ստանդարտ հատուցման գործընթաց 1)։ Այս գործընթացի ներքո են ընկնում պատահարների մեծ մասը։ Օրինակ՝ երբ կողմերից որևէ մեկը չի ընդունում իր մեղավորությունը։
  2. ապահովագրական պատահարներ, որոնց գծով իրականացվել է քրեական և (կամ) վարչական վարույթ, կամ հարուցվել է քաղաքացիական գործ, (այսուհետ՝ Ստանդարտ հատուցման գործընթաց 2)։ Սրանք հիմնականում այն դեպքերն են, որոնք ուղեկցվում են մարմնական վնասներով, կամ առկա է դիտավորության հատկանիշներ, և այլն։

Պատահարի վայրում Ապահովադրի կամ վարորդների կողմից կատարվելիք քայլերն են․

  1. Չտեղաշարժել տրանսպորտային միջոցները և կապ հաստատել Ճանապարհային Ոստիկանության հետ,
  2. Ճանապարհային Ոստիկանությունը ժամանում է դեպքի վայր և իրականացնում պատահարի արձանագրություն, ներառյալ լուսանկարահանում, պատահարի սխեմայի կազմում, կողմերի ալկոհոլի ազդեցության չափում, և այլն։
  3. պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում հայտնել ապահովագրական ընկերությանը` զանգահարելով վկայագրի վրա նշված հեռախոսահամարով և պատասխանելով ընկերության հեռախոսային հարցադրումներին։

Եթե պատահարի արդյունքում առաջացած է որևէ մեկի մահ, ապա 40 րոպեի փոխարել կիրառվում է 30 օրյա ժամկետ, իսկ մարմնական վնասվածքի դեպքում (եթե տեղափոխվել է հիվանդանոց)՝ 3 ժամ։

Ուշադրություն Եթե պատահարը տեղի է ունեցել տեսանկարահանվող վայրում, հատկապես՝ խաչմերուկներում, և տեսախցիկը ֆիքսել է պատահարը, ապա Ճանապարհային Ոստիկանությունը հնարավոր է չմոտենա դեպքի վայր, և պատահարի արձանագրությունը իրականացնի հեռավար եղանակով։

Պատահարից հետո վնաս կրած տրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են մինչև ապահովագրական ընկերության՝ հատուցում վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելը չիրականացնել մեքենայի վերանորոգման աշխատանքներ` բացառությամբ այն դեպքերի, երբ վնասված բաղադրիչների ապամոնտաժման արդյունքում ամբողջական կպահպանվեն պատահարի արդյունքում պատճառված վնասները։ Նման դեպքերում պահովադիրը և (կամ) մեքենան տիրապետող այլ անձը հնարավորության առկայության դեպքում պարտավոր են վերանորոգման կամ ապամոնտաժման աշխատանքները սկսելուց առաջ տեղեկացնել այդ մասին ապահովագրական ընկերությանը:

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը ապահովագրական պատահարից հետո եռամսյա ժամկետում ներկայացնում է դիմում և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ իր իսկ ապահովագրական ընկերությանը։ Կախված ապահովագրական ընկերությունից՝ դիմումները հնարավոր է ներկայացնել կամ գրավոր (սահմանված ձևանմուշով), կամ առցանց։ Օրինակ՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ կամ ՌԳՍ Արմենիա ընկերությունների պաշտոնական կայքերի միջոցով հնարավոր է ներկայացնել առցանց դիմում՝ առանց որևէ ձևանմուշի լրացման։

Ուշադրություն․ Դիմումն Ապահովադրի կողմից համարվում է ներկայացված համապատասխան Ապահովագրողին նաև հետևյալ դեպքերում․

  1. Պարզեցված հատուցման գործընթացի դեպքում՝ եթե պատահարը գրանցել է բջջային հավելվածի միջոցով,
  2. Ստանդարտ հատուցման գործընթաց 1-ի դեպքում՝ ՃՈ աշխատակիցը պատահարից հետո մի քանի օրվա ընթացքում հատուցումների կառավարման առցանց հարթակում բեռնում է պատահարի արձանագրության փաստաթղթերը։

Վերոնշյալ 2 դեպքում էլ Ապահովադիրները այլևս դիմում ներկայացնելու կարիք չունեն։ Վերջիններս կստանան էլեկտրոնային նամակ/ծանուցում՝ ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին առ այն, որ հատուցման դիմումը ինքնաշխատ եղանակով ընդունվել է։ Եթե Ապահովադիրը չի ցանկանում դիմումին ընթացք տալ, պետք է գրավոր ձևով հրաժարվի դիմումից։ Չհրաժարվելու դեպքում դիմումը կհամարիվի ընդունված և ապահովագրական ընկերությունը ընթացք կտա հատուցման գործընթացին։Կարևոր․ Քանի որ ապահովագրական հատուցման վերաբերյալ ամբողջ նամակագրությունը և ծանուցումները իրականացվում են էլեկտրոնային եղանակով, շատ կարևոր է ԱՊՊԱ պայմանագրերի մեջ նշել ճիշտ էլեկտրոնային հասցեներ։ Հաճախ ապահովագրական գործակալները պայմանագրերում նշում են հորինված և գոյություն չունեցող էլեկտրոնային հասցեներ։ Հետևաբար՝ խորհորդ ենք տալիս նախքան ԱՊՊԱ պայմանագիր ստորագրելը հատուկ ուշադրություն դարձնել պայմանագրում նշված էլեկտոնային հասցեին։

ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ

Հատուցման գործընթացը և ժամկետները կախված են արդեն ներկայացված գործընթացներից՝ Պարզեցված թե Ստանդարտ։

2 դեպքում էլ ԱՊՊԱ հատուցման գործընթացի սկիզբ է համարվում դիմումի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման օրը։ Եթե դիմումը ինքնաշխատ կերպով է ուժի մեջ մտել, ապա գործընթացի մեկնարկի օր է համարվում հենց այդ օրը։

Պարզեցված ընթացակարգի դեպքում․

  1. Ապահովագրական ընկերությունը դիմում ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրում է վնասի փորձաքննություն։
  2. Վնասի փորձաքննությունը իրականացվում է պատվեր ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Փորձաքննության ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Ապահովագրական ընկերությունը հատուցման որոշման փաթեթը էլեկտրոնային եղանակով ծանուցում է տուժողին, մեղավորին և մեղավորի ապահովագրական ընկերությանը։ Այսինքն, դիմումի ներկայացումից հետո 5-րդ աշխատանքային օրը տուժողը ծանուցվում է հատուցման վերաբերյալ։
  4. Կողմերից որևէ մեկի կողմից անհամաձայնություն չհայտնելու դեպքում 5 աշխատանքային օր հետո ապահովագրական ընկերությունը փակում է հայտը,
  5. Եվ ևս 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում հատուցումը (եթե չի ընտրվել հատուցման վերանորոգման տարբերակը)։

Վնասի չափի կամ այլ հանգամանքների հետ անհամաձայնության դեպքում բողոքարկումների կարգը և ժամկետները կներկայացնենք այլ հոդվածում։

Ստանդարտ ընթացակարգի ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կներկայացնենք այլ հոդվածներում։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010