Այսօր և՛ աշխարհում, և՛ Հայաստանում ամենաքննարկվող թեման Ռուս-Ուկրաինական պատերազմն է (կամ ռազմական հատուկ օպերացիան) և վերջինիս հետևանքով Ռուսաստանի և ռուսական ընկերությունների վրա կիրառվող պատժամիջոցները։ Ամերիկյան, եվրոպական և այլ երկրների պատժամիջոցները կիրառվում են ինչպես պետության, այնպես էլ տարբեր ոլորտներում գործող ընկերությունների վրա։

Քանի որ ՀՀ վրա մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական անուղղակի ազդեցության գնահատականն առայժմ հնարավոր չէ դիտարկել, փորձենք հակիրճ անդրադառնալ ՀՀ ապահովագրական շուկայի այն ասպեկտներին, որոնց վրա ուղիղ բացասական ազդեցություն կարող են ունենալ ռուսաստանյան պատժամիջոցները։

ՀՀ-ում գործող 6 ապահովագրական ընկերությունների համախառն պորտֆելը (հավաքագրված ապահովագրավճարները) 2021 թվականին կազմել է մոտ 47 մլրդ ՀՀ դրամ, կամ մոտ 94 մլն ԱՄՆ դոլար։ 21,6 մլրդ դրամը, կամ շուկայի 46,1%-ը կազմում են ԱՊՊԱ գծով հավաքագրած ապահովագրավճարները, 13 մլրդ դրամը, կամ 27․7%-ը՝ առողջության ապահովագրության գծով (կամավոր ապահովագրություն և պետական սոց․փաթեթը միասին) հավաքագրած ապահովագրավճարները։ Այս 2 հիմնական խոշոր տեսակները (միասին՝ շուկայի 73,8%) ունեն որոշակի անկախություն միջազգային շուկաներից, քանի որ մեծամասամբ չեն վերաապահովագրվում (ԱՊՊԱ-ն՝ ընդհանրապես չի վերաապահովագրվում, իսկ առողջության ապահովագրությունը՝ 90% և ավելին չի վերաապահովագրվում)։ Այստեղ հիմնական ուղիղ ազդեցությունները կարող են կապված լինել․

  1. ՌԴ-ից ներմուծվող ավտոպահեստամասերի շուկայի խնդիրների հետ։ Արդեն իսկ զգացվում են դժվարություններ պատվերների և փոխադարձ վճարումների հետ, ինչը կարող է հանգեցնել ՀՀ-ում ավտոպահեստամասերի դեֆիցիտի և գների թանկացմանը, որն էլ ուղղակիորեն կազդի ԱՊՊԱ գծով միջին հատուցումների և վնասաբերության մակարդակի վրա: Ավելին, ՌԴ-ում գործող գրեթե բոլոր արտասահմանյան ավտոարտադրողները հայտարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման, այդ թվում՝ պահեստամասերի ներմուծման, գործարանների աշխատանքների և սպասարկման դադարեցման մասին։ ՌԴ-ին այլընտրանքային շուկաները ՀՀ-ի համար ԱՄԷ (Դուբայ), ԱՄՆ և Եվրոպական շուկաներն են, որտեղ պահեստամասերի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, իսկ առևտրաշրջանառությունը կատարվում է ԱՄՆ դոլարով (վերջին օրերի ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար արժեզրկումը կազմել է մոտ 7%): Պահեստամասերի շուկայի դեֆիցիտը կարող է ունենալ հնարավոր ամենամեծ բացասական ազդեցությունը ՀՀ ապահովագրական շուկայի վրա։
  2. ՌԴ-ից ներմուծվող դեղամիջոցների, բժշկական սարքավորումների գները նույնպես կունենան աճի բարձր միտում, որն էլ ուղղակիորեն կազդի առողջության ապահովագրության հատուցումների վրա։

Այսպիսով կարող ենք փաստել, որ ՀՀ ապահովագրական շուկայի 73,8%-ը ուղիղ ազդեցության տակ է գտնվում ռուսաստանյան պատժամիջոցներից՝ հատուցումների տեսանկյունից։

Ապահովագրության մյուս տեսակները, որոնք կազմում են շուկայի 26․2%-ը, ուղիղ ազդեցություն ունեն պատժամիջոցներից, քանի որ այդ տեսակները հիմնականում ենթակա են վերաապահովագրության, և հետևաբար կարող են ունենալ հետևյալ բացասական ազդեցությունները․

  1. Ռուսաստանյան վերաապահովագրական ընկերությունների դեմ ուղղակի պատժամիջոցների հետևանքով այդ ընկերություններում վերաապահովագրելու անհնարինություն,
  2. Ռուսաստանյան վերաապահովագրական ընկերությունների վարկանիշների անկում՝ ՀՀ ԿԲ նորմատիվներով սահմանված շեմերից ներքև, որը նույնպես կարող է հանգեցնել վերաապահովագրության անհնարինության,
  3. Ռուսաստանյան բանկերի անջատում SWIFT համակարգից, որը մեծ խոչընդոտ կստեղծի վերաապահովագրության վճարները և հատուցումները ստանալու տեսանկյունից։

Հիմնական վերաապահովագրության ենթակա ապահովագրության տեսակները ներկայացնենք աղյուսակով․

Ապահովագրության տեսակԱպահովագրավճար (Հազ ՀՀ դրամ)Տեսակարար կշիռը
Դժբախտ պատահարներից ապահովագրություն1,803,8093.85%
ԿԱՍԿՈ2,673,4665.70%
Օդանավերի ապահովագրություն220,1160.47%
Բեռների ապահովագրություն1,004,0632.14%
Գույքի ապահովագրություն3,922,5468.37%
Օդանավերի պատասխանատվության ապահովագրություն108,1710.23%
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն737,6391.57%
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն932,9671.99%
Ընդամենը11,402,777100%

Ապահովագրության վերաապահովագրվող տեսակների 11,4 մլրդ պորտֆելից մոտ 7 մլրդ ՀՀ դրամը 2021 թվականին փոխանցվել է վերաապահովագրական ընկերություններին։ Ինչպես ներկայացրել ենք insurebusiness-ի նախորդ հոդվածներում՝ ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական վերաապահովագրող գործընկերները գրանցված են ՌԴ-ում (Օրինակ՝ Սքոր Պերեստրախովանյե-ն Ֆրանսիական ՍՔՈՐ վերաապահովագրական ընկերության ներկայացուցչությունն է ՌԴ-ում)։ Հետևաբար եթե այդ ընկերությունները նույնպես ենթարկվեն պատժամիջոցների, կամ իջնեն վերջիններիս վարկանիշները, ՀՀ ապահովագրական ընկերությունները լուրջ խնդիրներ են ունենալու՝ նոր վերաապահովագրական գործընկերներ գտնելու համար։

Այստեղ մեղմացուցիչ հանգամանք է այն փաստը, որ համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձեվավորման եվ հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները՚ կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» 311 Բ որոշման՝ վերաապահովագրողները չեն համարվում նաև արգելված այն պարագայում, եթե նախորդող 5 տարիների ընթացքում ապահովագրական ընկերությունն առնվազն 3 տարի համագործակցել է տվյալ վերաապահովագրողի հետ և այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ապահովագրական պատահար, որոնց գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք։

Կարելի է պնդել, որ ՀՀ բոլոր ապահովագրական ընկերությունների գործընկեր վերաապահովագրողները առնվազն 5 տարի համագործակցում են վերջիններիս հետ, և մասնակցում են հատուցումների վճարման մեջ, հետևաբար մեծ հավանականությամբ վերաապահովագրողների վարկանիշի փոփոխությունը չի ազդի ՀՀ ապահովագրական ընկերության գործունեության վրա։

Առանձին անդրադարձի կարիք ունի ճամփորդության ապահովագրության պորտֆելը, որը կազմում է մոտ 600 մլն դրամ, կամ 1,2%: Այս տեսակը հիմնականում չի վերաապահովագրվում, սակայն ճամփորդության ընթացքում տեղի ունեցած պատահարների սպասարկումը իրականացնում են ոչ թե հայկական ապահովագրական ընկերությունները, այլ միջազգային Assistance ընկերությունները՝ իրենց ռուսաստանյան ներկայացուցչությունների միջոցով։ Հետևաբար այս տեսակը նույնպես կախվածություն ունի ռուսաստանյան պատժամիջոցներից՝ կախված վճարումների համակարգերի հետ։

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ ամբողջ ապահովագրական շուկան ուղղակի բացասական ազդեցություն կարող է ունենալ պատժամիջոցների հետևանքով, իսկ շուկայի 46,1% կազմող ԱՊՊԱ տեսակը՝ առավել վտանգավոր ազդեցության՝ կախված պահեստամասերի շուկայի հնարավոր «տատանումների» հետ։

Ամեն դեպքում սույն հոդվածի հրապարակման օրվա դրությամբ ՀՀ ապահովագրական ընկերությունները գործում են անխափան, և ապահովագրության բոլոր ուղղությունները շարունակում են իրենց բնականոն ընթացքը։ Հայկական ապահովագրական ընկերությունները անկախ ընկերություններ են, ունեն առանձին հարաբերություններ վերաապահովագրողների հետ, և պատժամիջոցները որևէ կերպ ուղիղ առնչություն չունեն ընկերությունների գործունեության հետ։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010