Անշարժ գույքի ամրագրումների հսկա AIRBNB-ն մեկնարկել է ճամփորդության ապահովագրություն (Travel Insurance)։

AIRBNB-ն ամերիկյան ՏՏ ընկերություն է, որը առցանց հարթակ է տրամադրում անշարժ գույքի սեփականատերերին կամ օպերատորներին՝ դրանք օրավարձով տրամադրել զբոսաշրջիկներին։ Բիզնես մոդելը գրեթե նույնն է, ինչ Uber տաքսիինը, կամ հայկական GG-ինը․ IT ընկերությունը տրամադրում է հարթակը և թելադրում խաղի կանոնները, որտեղ մի կողմից հանդիպում են անշարժ գույքը տնօրինողները, մյուս կողմից՝ այն օգտագործող ճամփորդողները։

Ընկերության գաղափարախոսությունը հիմնված է նաև ներկայիս բիզնես թրենդ համարվող էկոհամակարգերի վրա։ Վերջինիս վերաբերյալ insurebusiness-ում անդրադարձ ենք կատարել դեռևս անցած տարի։

Դեռևս այս տարվա հունվարին ընկերությունը հայտարարեց իր հարթակում Ճամփորդության ապահովագրություն ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ։ Հունիս ամսվա դրությամբ ԱՄՆ տարածքում Airbnb միջոցով բնակարան ամրագրելիս հնարավոր է մեկ թռչնակի միջոցով ակտիվացնել ճամփորդության ապահովագրության ծածկույթը։ Ընկերությունը նաև հրապարակել է, որ մոտակա շաբաթներում նոր ֆունկցիոնալը կակտիվանա նաև Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Ավստրիայում և Պորտուգալիայում։

Բիզնես մոդելում Airbnb-ն հանդիսանում է ապահովագրական գործակալ, կամ միջնորդ, իսկ վերջնական ապահովագրողը իտալական աշխարհահռչակ Generali-ն է։

Բնակարան ամրագրելիս հաճախորդը մեկ թռչնակի միջոցով ընդամենը ակտիվացնում է ծածկույթը, և այն ներառվում է իր փաթեթի մեջ։

Ճամփորդության ապահովագրության փաթեթը ներառում է․

Ճամփորդության չեղարկում (Trip Cancellation) – եթե ճամփորդությունը չեղարկվում է հիվանդության, դժբախտ պատահարի, կամ եղանակային պայմանների հետևանքով թռիչքի չեղարկման հետևանքով, ապա ապահովագրական ընկերությունը կհատուցի ամրագրման ամբողջ 100% ծախսը։

Ճամփորդության հետաձգում (Travel delay) – եթե ճամփորդությունը հետաձգվում է մինչև 12 ժամի չափով՝ չվերթի հետաձգման կամ եղանակային պայմաններից ելնելով, հատուցվում է բնակարանի սեփականատերի կողմից կիրառվող տույժերը։

Բուժօգնություն (Medical) – հատուցման է ենթակա ճամփորդության ընթացքում հանկարծակի առաջացած հիվանդությունների կամ դժբախտ պատահարների բուժօգնության ծախսերը, ներառյալ հիվանդանոցային ծախսեր, շտապօգնության ծախսեր, դեղամիջոցներ, և այլն։

Ուղեբեռ (Baggage) – հատուցվում է գողացված, կորած կամ վնասված ուղեբեռը կամ փաստաթղթերը, ինչպես նաև բանկային քարտի խարդախ օգտագործման հետևանքով կրած վնասները։

Ծածկույթը ներառում է նաև 24/7 Աջակցման Կենտրոնի հասանելիություն՝ խորհրդատվությունների և օգնության կազմակերպման համար։

Ճամփորդության ապահովագրության գինը ֆիքսված չէ, և կախված է ճամփորդության օրերի քանակից, աշխարհագրական դիրքից, ընդհանուր արժեքից։ Ապահովագրության համար վճարը հաշվարկվում է վերոնշյալ արժեքների վրա կիրառելով ապահովագրության որոշակի սակագին։

Օրինակ՝ Իսպանական Գրանադայում մոտ 1,300 $ արժեքով 1 շաբաթյա հանգստի համար ապահովագրությունը կարժենա մոտ 72 $, այսինքն մոտ 5,5% սակագին, կամ օրը 10,5 $: Ներդրված նորույթը միանշանակ Airbnb-ին ապահովելու է մրցակցային առավելություններ իր հիմնական մրցակիցների, այդ թվում՝ booking.com-ի հանդեպ։ Հոդվածի հրապարակման պահին Հայաստանի տարածքը ընդգրկված չէ Airbnb ընդլայնման պլաններում, բայց հուսանք, որ մոտ ժամանակներս Հայաստան ժամանող զբոսաշրջիկները նույնպես կկարողանան ապահովագրել իրենց ճամփորդությունը, իսկ որպես գործընկեր ապահովագրող հանդես կգա ոչ թե Իտալական, այլ Հայկական ապահովագրական ընկերություններից մեկը։


ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

www.insurtechinsights.com

www.airbnb.com

www.coverager.com

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010