Ի՞նչ է FM Global-ը

FM Global-ը (իրավաբանական անվանում ՝ Factory Mutuals Insurance Company) գույքի ապահովագրության և վնասների կանխարգելման միջազգային ընկերություն է: Գրեթե 2 դար առաջ հիմնադրված, FM Global-ի ամբողջ կապիտալը, հետազոտական ​​և ինժեներական փորձը կենտրոնացած է գույքի ռիսկերի կառավարման վրա:

Ընկերությունը որոշում է ապահովագրվող ապրանքների ռիսկը անհատական ​​ինժեներական գնահատման միջոցով, այլ ոչ թե հիմնված պատմական տվյալների և ապահովագրության տեսության վրա: FM Global-ի ինժեներական անձնակազմը պարբերաբար այցելում է ապահովագրված ձեռնարկություններ՝ ֆիզիկական և ֆինանսական ռիսկերը նվազեցնելու, գույքը կամ գույքի հետ առնչվող աշխատանքային մեթոդները բարելավելու համար:

FM Global-ը հաշվետու է իր ապահովադիրների առջև, ովքեր սեփականության յուրօրինակ մոդելի շնորհիվ նաև ընկերության սեփականատերերն են: Ապահովադիրները ստանում են ընտրելու իրավունք, երկարաժամկետ ռազմավարական պլանավորման մեջ ներգրավվելու, ինչպես նաև, որոշ դեպքերում, ընկերության անդամակցության հնարավորություն:

Պատմություն

FM Global-ի պատմությունը սկիզբ է առնում գործարանային բիզնեսից, երբ 1835թ.-ին Ռոդ-Այլենդում գտնվող տեքստիլային գործարանի սեփականատեր Զաքարիա Ալենը որոշեց բարելավել իր գործարանը՝ հրդեհի հավանականությունը նվազեցնելու և շինության հրակայունությունը բարձրացնելու համար։ Սակայն երբ նա որոշեց դիմել իր ապահովագրական ընկերությանը՝ ապահովագրավճարը նվազեցնելու խնդրանքով, նրան մերժեցին: Ի պատասխան՝ Ալենը վարձեց այլ գործարանատերերի՝ միասին ստեղծելու Factory Mutuals գույքի ապահովագրական ընկերությունը, որը մատչելի գներով կապահովագրեր «առավել անվտանգ» գործարանները և կխթաներ վերջիններիս՝ վերադարձնելով պայմանագրի ավարտի դրությամբ մնացած գումարը: Եվ ինչպես նա կանխատեսել էր, հրդեհների կանխարգելման ճիշտ մեթոդներն ու ստուգումները հետագայում հանգեցրեցին ընկերությունների կորուստների կտրուկ նվազման: Եվ երբ 1874 թվականին ստեղծվեց հրդեհաշիջման համակարգը, Factory Mutuals-ը առաջին ընկերություններից էր, ով հանդես խթանեց համակարգի տարածումը:1

1987 թ.-ին 42 ընկերություններ միավորվեցին երեք ընկերությունների՝ հաճախորդներին առաջարկելով գույքի համապարփակ ծածկույթ և կորուստների կանխարգելման ռեսուրսներ: Իսկ 1999-ին ստեղծվեց FM Global-ը՝ ապահովագրական ավելի մեծ ծածկույթ ապահովելու համար, որին հաջորդեց 2003-ին FM Global Research Center-ի բացումը, որն այսօր հանդիսանում է գույքի կորուստների կանխարգելման գիտության զարգացման մեջ ներգրավված ամենաժամանակակից կենտրոններից մեկը: Այնուհետև՝ 2014 թ.-ին, գործարկվեց FM Global Resilience տարեկան ինդեքսը՝ տվյալների վրա հիմնված առաջին գործիքը, որը դասակարգում է աշխարհի 130 երկրներն և տարածքները՝ ըստ գործարար միջավայրի կայունության: Forbes ամսագրի կողմից 2016 թվականին FM Global-ը ճանաչվել է Ամերիկայի լավագույն գործատուներից մեկը:2

FM Approvals

FM Global-ը նաև տրամադրում է սերտիֆիկացման և փորձարկման ծառայություններ ամբողջ աշխարհում արդյունաբերական և առևտրային ապրանքների համար FM Approvals հավաստագրերի միջոցով: Համաշխարհային ճանաչում գտած FM Approvals սերտիֆիկացումը վստահեցնում է հաճախորդներին, որ ապրանքը կամ ծառայությունը օբյեկտիվորեն փորձարկվել է և համապատասխանում է ամենաբարձր միջազգային չափանիշներին: Առևտրային և արդյունաբերական արտադրանքի հավաստագրերն իրենց մեջ ներառում են.3

  • Շինարարական ապրանքներ/նյութեր
  • Տանիքածածկման արտադրանք
  • Էլեկտրական սարքավորումներ՝ ընդհանուր օգտագործման համար
  • Հրդեհի, գազի հայտնաբերման ազդանշանային և այլ էլեկտրական սարքեր
  • Հրդեհաշիջման սարքավորումներ
  • Ֆունկցիոնալ անվտանգության գնահատում և սերտիֆիկացում
  • Էլեկտրական սարքավորումներ վտանգավոր տարածքների համար
  • Ծխի հայտնաբերում

Գույքի կորուստների կանխարգելումը դիտարկելիս FM Approvals-ի համար առաջնահերթություն է հանդիսանում իրական տվյալների օգտագործումը` ճշգրիտ որոշելու, թե տվյալ շինանյութը/արտադրանքը ինչպես է իրեն դրսևորում իրական հրդեհի ժամանակ: Գնահատման ընթացքում FM Approvals-ի ինժեներները կատարում են ինչպես մեծամասշտաբ, այնպես էլ փոքր մասշտաբի թեստավորումներ՝ որոշելու արտադրանքի, կրակի տարածումը սահմանափակելու ունակությունը:

Վերջին նորությունները

2019 թվականին FM Global-ը 1 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել RiskGenius ստարտափում, որը կիրառում է արհեստական ​​ինտելեկտ և մեքենայական ուսուցում` անդերայթերների գրասենյակային գործընթացներն ավտոմատացնելու համար: Սա մինչ այժմ FM Global-ի ամենամեծ ստարտափային ներդրումն է: 2015-ին գործարկված RiskGenius-ը կիրառում մեքենայական ուսուցում ապահովագրական պայմանագրերի վրա՝ ապահովագրության մասնագետներին հնարավորություն տալով կտրուկ բարելավել իրենց կողմից հաճախորդներին առաջարկվող ապահովագրական ծածկույթի հետևողականությունը և արագությունը:

Նույն թվականին ընկերությունը ևս 250,000 ԱՄՆ դոլար է ներդրել AirWorks Solutions-ում։ Վերջինս օդային լուսանկարչության ստարտափ է, որը ապահովագրողներին թույլ է տալիս կիրառել ստարտափի կողմից մշակված ալգորիթմները և սարքավորումները՝ գույքային ռիսկերը հայտնաբերելու և կորուստները կանխելու համար: Ըստ FM Global-ի նորարարության ավագ փոխնախագահ Մայքլ Լեբովիցի. «Այս առաջադեմ տեխնոլոգիան մեծ կիրառական ներուժ ունի գույքային ռիսկերը կառավարելու համար՝ օդային դիտարկումների շնորհիվ հայտնաբերելով այնպիսի ռիսկեր, որոնք այլ կերպ հնարավոր չէր հեշտությամբ կամ անվտանգ բացահայտել»:4

Հաշվի առնելով, որ վերջին համաճարակն ահռելի վնասներ է հասցրել աշխարհի ընկերություններին, ապահովագրության հատուցման դիմումների կտրուկ աճն անխուսափելի էր: Համաձայն Ռալֆ Լորենի վերջին դատավարության, հագուստի ընկերությունը Factory Mutuals-ից ձեռք է բերել այնպիսի ապահովագրության պայմանագիր, որը, իրենց պնդմամբ, ծածկում է ցանկացած ռիսկ, ընդհանուր 700 միլիոն ԱՄՆ դոլար գումարով: Եվ ըստ Ռալֆ Լորենի, երբ ընկերությունը հայց է ներկայացրել համաճարակից ֆինանսական հատուցում ստանալու համար, Factory Mutuals-ը փորձել է սահմանափակել ապահովագրական ծածկույթը: Դատավարության ընթացքում Ռալֆ Լորենը հայտարարել է, որ մաքրման ծախսերի սահմանագիծը չպետք է խոչնդոտ հանդիսանա համաճարակի հետևանքով բիզնեսի ընդհատման կամ այլ կորուստների գծով պայամանգրում նշված գումարի ամբողջ ծավալով հատուցում ստանալուն: Այսօրվա դրությամբ, Factory Mutuals-ն ունի նաև այլ դատական հայցեր՝ ամերիկյան բուհերի և քոլեջների կողմից, որոնց բիզնես ընդհատման պայմանագրերի գծով հատուցման հայցերը նույնպես մերժվել են ընկերության կողմից:5

Ֆինանսական ցուցանիշներ

Հավաքագրված ապահովագրավճարներ ապահովագրությունից (€մլն)648
Հավաքագրված ապահովագրավճարներ վերաապահովագրությունից (€մլն)194
Համախառն հավաքագրված ապահովագրավճարներ (€մլն)742
Ընթացիկ տարվա ընթացքում վճարված համախառն հատուցումներ (€մլն)71
Համակցված գործակից (%)*96.8

*Համակցված գործակիցը օգտագործվում է ապահովագրական ընկերության գործունեության և ֆինանսական առողջության չափման համար. այն չափում է, թե արդյոք ընկերությունը ստանում է ավելի շատ իր ստացված ապահովագրավճարներից, քան ծախսում է իր ծախսերի և վնասների վրա: Օրինակ, 100% համակցված հարաբերակցությունը նշանակում է, որ ընկերությունն իր ապահովագրավճարներից ստանում է ճիշտ նույնքան գումար, որքան օգտագործում է իր ծախսերի և վնասների համար: 100% -ից ցածր ինչ-որ բան նշանակում է, որ ընկերությունն իր ապահովագրավճարներից ավելին է վաստակում, քան ծախսում է: Կարևոր է հաշվի առնել, որ այս գործակիցը չի հաշվի առնում ընկերության ներդրումները և այլ եկամուտները, ուստի ընկերությունը կարող է ունենալ 100%-ից մեծ համակցված գործակից և միևնույն ժամանակ լինել շահութաբեր:

Author

  • ՌԱՖԱՅԵԼ ԱՎԱԳՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթեր , ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2019