2023 թվականի ապրիլի 1-ից ՀՀ-ում գործող ԱՊՊԱ-ն ներկայանում է ազատականացված գներով։ Մինչ դրան անդրադառնալը, վերհիշենք՝ երբ է ԱՊՊԱ-ն ներդրվել, ինչպես էին սահմանվում գները մինչև ազատականացում, և հասկանանք՝ ինչ է ազատականացումը, որ երկներում է գործում, ինչու է լավ անցում կատարել դեպի ազատականացում և ապրիլի 1-ից հետո ինչ չափանիշներից ելնելով են ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունները հաշվարկում գները։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքն ընդունվել է 2010 թվականի մայիսի 18-ին, համաձայն որի, 2011 թվականի հունվարի 1-ից բոլոր ավտոմեքենաները, որոնք դուրս են գալիս փողոց, պարտավոր են ունենալ ԱՊՊԱ պայմանագիր։ Նախքան 2022 թվականը բազային ապահովագրավճարը կախված է եղել ավտոմեքենայի տեսակից (օրինակ՝ մարդատա՞ր է, թե՞ բեռնատար), ձիաուժից և օգտագործման նպատակից (օրինակ՝ տաքսի՞ է, թե՞ անձնական օգտագործման)։ Իսկ 2022 թվականից բազային ապահովագրավճարները փոխվեցին․ այն անձինք, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը իրենց մեքենայի համար կնքել էին ԱՊՊԱ պայմանագիր, ապա իրենց ապահովագրավճարը կազմեց վերջին ապահովագրավճարին ավելացրած 3,000 ՀՀ դրամ, իսկ եթե անձը տվյալ մեքենայի համար առաջին անգամ էր կնքում ԱՊՊԱ պայմանագիր, բազային ապահովագրավճարը 41,000 ՀՀ դրամ էր։ Այսինքն հաշվարկվել է հետևյալ կերպ՝

ԱՊՊԱ ապահովագրավճարը = Բազային ապահովագրավճար x Բոնուս-Մալուս գործակից x պայմանագրի ժամկետի գործակից

Այնուամենայնիվ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ ազատական ԱՊՊԱ համակարգերն արդյունավետ չեն երկարաժամկետ հատվածում: Ըստ շատ երկրների փորձի՝ ԱՊՊԱ համակաարգի ազատականացումը միակ ճանապարհն է, որի օգնությամբ ապահովագրական ընկերությունները կրճատում են ծախսերը, որը ժամանակի ընթացքում բերում է ավելի ցածր ապահովագրավճարներ սահմանելուն: Բացի այդ, ազատականացումն իրապես ազդում է վարորդների վարքի վրա և նրանց դարձնում առավել ուշադիր և պատասխանատու, քանի որ նրանք գիտակցում են, որ ապահովագրավճարը կախված է իրենց վարորդական պատմությունից։ Ինչպես նաև շնորհիվ մրցակցության, ի հայտ է գալիս ծառայությունների ավելի լավ և որակյալ մատուցում։

Եվրոպական երկրներում ԱՊՊԱ համակարգի ազատականացման բուռն շրջանն ընկած է 1968-1994թթ.։ Ֆրանսիայում այն սկսվել է ազատականացման պաշտոնական սկզբից շատ տարիներ առաջ՝ դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո և վերջնական տեսքի եկել 1986 թվականին: Իսպանիայում ազատականացման գործընթացը սկսվել է 1984 թվականին, իսկ մինչ այդ, Միացյալ Թագավորությունում տասնյակ տարիներ սակագները չէին վերահսկվում: 1994 թվականին եվրոպական երկրների ԱՊՊԱ համակարգի ազատականացումն ամբողջացավ՝ Իտալիան նույնպես անցավ այս համակարգին։ Եվրամիությանը միանալու նախապայմաններից մեկը ԱՊՊԱ համակարգի  ազատականացումն է, որը երկրների միջև ստեղծում է ազատ շուկայական հարաբերություններ և ապահովում է ազատ տեղաշարժ եվրամիության երկրների սահմաններում։ Սակայն եվրոպական որոշ երկրների ապահովագրական ընկերություններ, սահմանելով ոչ ադեկվատ ցածր ապահովագրավճարներ, բախվեցին անվճարունակության խնդրին: Հունաստանում  ցածր գների պատճառով փակվեցին 30 ընկերություններ, Բուլղարիայում կրկնակի նվազեցին ապահովագրավճարները, Ռումինիան 2008-2010թթ. ուներ կայուն 135% համակցված ծախսերի մակարդակ, և մինչև 2017 թվականը կրճատվեց ԱՊՊԱ տեսակով ապահովագրություն առաջարկող ընկերությունների թիվը՝ 15-ից դառնալով 9: Հաջողված օրինակներից է Ավստրիայի օրինակը, որտեղ գործում է սկսած 1987 թվականից, Հունգարիայի օրինակը, որտեղ աստիճանաբար ներդրվել է 1998 թվականից։

Փորձագիտական գնահատականներով՝ ԱՊՊԱ համակարգի ազատականացումը ոչ մի դեպքում բացասաբար չի ազդել ընդհանուր տնտեսության վրա, չնայած, որ որոշ երկրներում, որտեղ բացակայում էին շուկայական կարգապահությունը և համապատասխան վերահսկողությունը, ԱՊՊԱ ազատականացումը հանգեցրեց ապահովագրական շուկայի սկզբնական անկայունության։

Չինաստանում ԱՊՊԱ ազատականացումը սկսվել է օտարերկրյա ընկերությունների մուտքով ապահովագրական շուկա 2012թ.-ին: Իսկ 2016թ.-ից թույլատրվում էր ինքնուրույն սահմանել ապահովագրավճարները՝ ելնելով հետևյալ 4 գործոններից՝ ՏՄ գործոն (+/-20% բազային ապահովագրավճարից), Անդերրայթինգի գործոն (+/-15% բազային ապահովագրավճարից, Ժենշեն նահանգում՝ +/-25%), վաճառքի ուղղություն (+/-15% բազային ապահովագրավճարից), պատահարի պատմություն (-40%/+100% բազային ապահովագրավճարից):

ԱՊՊԱ ազատականացման գործընթացը Ռուսաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2019թ.-ից և դեռևս ձևավորման փուլում է:

Իսկ Հայաստանում 2023 թվականի ապրիլի 1-ից պետությունն այլևս չի կարգավորում ապահովագրական շուկան, որը ստեղծում է հնարավորություն ապահովագրական ընկերություններին մրցակցել հաճախորդների համար։ Ազատականացված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ապահովագրական ընկերություններն առաջարկում են անհատականացված գներ` հիմնված անհատական վարորդական պատմության վրա։ Այս համակարգում վարորդներն ունեն ընտրության լայն հնարավորություն, և կարող են ընտրել իրենց կարիքներին և բյուջեին համապատասխան տարբերակը։

Ապրիլի 1-ին 6 ապահովագրական ընկերությունները հրապարակեցին ազատականացված գների իրենց որոշման չափանիշները։ Բոլոր 6 ապահովագրական ընկերությունների ընդհանրացված ցուցանիշները կարող ենք բաժանել 3 խմբի՝ ավտոմեքենային վերաբերող ցուցանիշներ, ապահովադրին վերաբերող ցուցանիշներ և պայմանագրին վերաբերող ցուցանիշներ։

  • Ավտոմեքենային վերաբերող ցուցանիշներ՝ տրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, մակնիշը,  արտադրության տարեթիվը, արտադրության երկիրը, գրանցման վայրը, անվտանգության միջազգային ցուցանիշները, միջազգայնորեն ընդունված կլաս (էկոնոմ, լյուքս և այլն),
  • Ապահովադրին վերաբերող ցուցանիշներ՝ ապահովադրի տիպը (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ), տարիքը, գրանցման վայրը, վարորդական պատմությունը, պատահարների պատմությունը, նախկինում կնքված ԱՊՊԱ պայմանագրերի տվյալները, Բոնուս-Մալուս դասը,
  • Պայմանագրին վերաբերող ցուցանիշներ՝ պայմանագրի ժամկետը, սեզոնայնությունը և այլն։

Insurebusiness-ը վերցրել է կամայական 100 պայմանագիր և հաշվել ազատականացված գները՝ հաշվի առնելով բոլոր գործոնները։ Սակայն պետք է հաշվի առնել, որ սա ընդամենը 100 պայմանագրի հիման վրա է արված, այսինքն պատկերը կարող է փոփոխվել կախված քանակից։

Վերլուծությունից պարզ դարձավ, որ 100-ից և՛ առավելագույն, և՛ նվազագույն գինն առաջարկում է «Ինգո Արմենիա»-ն՝ 163,000-ից մինչև 11,000 ՀՀ դրամ։ Իսկ «Լիգա Ինշուրանս»-ը գերազանցում է և՛ ամենաբարձր, և՛ ամենացածր առաջարկած գների քանակով։

Ստորև բերված գծապատկերում կարող ենք տեսնել 100 տարբեր մակնիշ, տարեթիվ, ԲՄ դաս, սեռ, ապահովադրի տարիք և մնացած բոլոր ցուցանիշները հաշվի առնելով ընկերությունների առաջարկած միջին սակագներն ըստ մարզերի և Լեռնային Ղարաբաղի։

Եթե դիտարկենք Երևանը, ապա պատահականության սկզբունքով վերցրած 100 դեպքերի միջինացված թվերով ամենացածր գինն առաջարկում է «Լիգա Ինշուրանս»-ը, իսկ ամենաբարձրը՝ «Նաիրի Ինշուրանս»-ը՝ համապատասխանաբար 37 հազ․ և 47 հազ․ ՀՀ դրամ։ Հետաքրրքական էր, կամ միգուցե նաև պատահականություն, 100-ի վերլուծությամբ Տավուշի մարզում գերազանցում են ԲՄ 1 դաս ունեցողները։ Եվ դրանով էլ պայմանավորված են Տավուշի մարզի ցածր սակագները։

Սակագներն առավել զգայուն են ԲՄ դասի նկատմամբ։ Ավելի պատկերավոր դա տեսնելու համար դիտարկենք ևս մեկ գծապատկեր, որտեղ երևում են առաջարկվող միջին սակագներն ըստ ընկերության և ԲՄ դասի։ Հնարավոր է նաև, փոփոխելով մեքենայի ձիաուժը և ընտրելով տարածքը, տեսնել ավելի պարզ պատկեր։

Author