Insurebusiness-ը ձեզ է ներկայացնում ճամփորդել սիրող ապահովագրված անձանցից հավաքագրած օգտակար խորհուրդներ՝ ճամփորդության համար նախապատրաստելու և ճամփորդության ընթացքում անմոռանալի պահեր ստանալու համար։ Եվ այսպես․

  1. Կազմե՛ք օրակարգ՝ ժամանակը ճիշտ օգտագործելու համար (Excel-ի միջոցով, կամ որևէ Trip Planner հավելվածով)։ Օրինակ՝ առանձնացված ժամեր/օրեր թանգարանների համար, կամ հատուկ ժամեր՝ հանգստի համար։ Օրակարգը օգնում է ժամանակը օգտագործել ճիշտ, սահմանափակ ժամանակում այցելել շատ տեսարժան վայրեր, բաց չթողնել չվերթները և ավտոբուսները։
  2. Ճամփորդության ընթացքում պլանավորվող բոլոր տրանսպորտային ուղևորությունների ժամերը (օդային, գնացքով, ավտոբուսով) գրանցեք բջջային հեռախոսի օրացույցում և ակտիվացրեք առնվազն 3 ժամ առաջ հիշեցման/ծանուցման գործիքը։ Եթե ինքնաթիռով չվերթների դեպքում ավիաընկերությունները ուղարկում են հիշեցումներ, ապա գնացքի և ավտոբուսի պարագայում մեծ է դրանց բացթողնման հավանականությունը։
  3. Ճամփորդական բոլոր փաստաթղթերը պահպանե՛ք և՛ էլեկտրոնային եղանակով՝ բջջայինի մեջ, և՛ տպած օրինակներով (օրինակ՝ տոմսերի և հյուրանոցների ամրագրումները, COVID 19 թեստերի պատասխանները, և այլն)։ Հաճախ հանդիպում են «անադեկվատ» իրավասու մարմիններ, ովքեր պարտադիր պահանջում են որևէ փաստաթղթի տպած օրինակը՝ չընդունելով բջջային հեռախոսում առկա էլեկտրոնայինը։ Օրինակ՝ անձնագրային ստուգման կետում հաճախ պահանջում են հետադարձ տոմս, և կախված տվյալ օրը տվյալ աշխատակցի տրամադրությունից՝ կարող են ընդունել էլեկտրոնային տարբերակը, կարող են և պահանջել տպածը։
  4. Նախորոք ամրագրե՛ք և online ձե՛ռք բերեք զվարճանքի վայրերի տոմսերը և 90% դեպքերում կխնայեք գումար: Կարող եք օգտվել www.tripadvisor.com, www.ticketmaster.com,  www.viator.com կամ www.viagogo.com կայքերից։ Օրինակ՝ Disneyland, Legoland, թանգարաններ, համերգի տոմսեր և այլ միջոցառումների տոմսերը online ավելի էժան են, և հաճախ հնարավոր է խուսափել տոմսարկղի երկար հերթերից։
  5. Նախապես ճշտեք օդանավակայանից քաղաքի կենտրոն կամ ձեր հյուրանոց հասնելու լավագույն եղանակը։ Օդանավակայանի տաքսիների գնելը հաճախ շատ թանկ են, և եթե տվյալ օդանավակայանը ունի մետրոյի գիծ, կամ ավտոբուս, հնարավոր է 2-3 EUR-յով հասնել ձեր ուզած վայր։
  6. Ցանկացած տոմս և հյուրանոց ամրագրելիս փորձեք ամրագրել անվճար դադարեցման/ետ վերադարձման տարբերակով (free cancellation)։
  7. Ստուգե՛ք Ձեր ժամանման քաղաքում տեղի ունենալիք կարևոր իրադարձությունները։ Շատ հաճախ Ձեր ճամփորդության օրերը կարող են համընկնել որևէ հայտնի երգչի համերգի, սպորտային իրադարձության կամ ֆեստիվալի հետ։ Բաց մի՛ թողեք այդպիսի իրադարձությունը։ Օրինակ՝ Հոկտեմբեր ամսին այցելել Մյունխեն և բաց թողնել Octoberfest-ը․․․․?
  8. Նախքան մեկնելը ճշտե՛ք ուղևորության երկրում ռոումինգի սակագները, ակտիվացման կարգը և հնարավորությունը։ Հաճախ տեղական Sim Card ձեռք բերելը ավելի նպատակահարմար է։
  9. Եթե տվյալ քաղաքում պլանավորում եք մնալ 1 օրից ավել, ավելի խնայող է ձեռք բերել 1-3-օրյա հանրային տրանսպորտի տոմս (հիմնականում մետրոներից), քան ամեն ուղևորության համար առանձին-առանձին։
  10. Խուսափե՛ք տուրիստական հայտնի վայրերի շրջակայքում գտնվող սննդի կետերից: Շատ դեպքերում այդպիսի վայրերը ունենում են չարդարացված բարձր գներ։
  11. Խուսափե՛ք ոտքի վրա առաջարկվող որևէ տոմս կամ ապրանք ձեռք բերելուց։ Օրինակ՝ Հունաստանում շրջիկ առևտրականները 50 EUR-ով առաջարկում են 1,000 EUR արժողության IPAD-ներ, կամ Վիեննայում Մոցարտի հագուստով անձինքն առաջարկում են օպերայի տոմսեր։
  12. Որևէ տեղ գրեք հյուրանոցի հասցեն, հնարավոր են դեպքեր, երբ հնարավորություն չեք ունենա օգտվել հեռախոսից:
  13. Ձեզ մոտ առկա կանխիկ գումարը բաժանե՛ք երկու մասի և պահեք առանձին դրամապանակների/պայուսակների մեջ։ Ցանկալի է ունենալ նաև 2 բանկային քարտ՝ կրկին տարբեր պայուսակներում։
  14. Փոխանակման կետերում կանխիկը փոխակերպելիս անպայման ուշադրություն դարձրեք միջնորդավճարին։ Հաճախ գրավիչ փոխանակման կուրս ունեցող կետերում գործում են բարձր միջնորդավճարներ։ Ցանկացած թուղթ ստորագրելիս համոզվե՛ք, որ միջնորդավճար չկա, և այդ մասին անպայման հարցրեք աշխատակցին, քանի որ միջնորդավճարի մասին նշումը հաճախ շատ փոքր տառաչափով է գրվում։
  15. Բացի հիմնական հայտնի տուրիստական վայրերից՝ փորձե՛ք այցելել նաև տեղացիների կողմից առաջարկվող և քիչ հայտնի վայրեր։ Հաճախ դրանք ավելի հետաքրքիր են և մարդաշատ չեն։
  16. Փորձեք շատ շփվել տեղացիների հետ։ Հաճախ ճամփորդության իրական հիշողությունները ոչ թե գեղեցիկ շենքերից և թանգարաններից են, այլ մարդկանց հետ լավ ժամանակը։
  17. Փորձեք հնարավորինս քիչ օգտվել հանրային և բաց wi-fi-ներից։ Կարևոր ֆինանսական գործարքները կատարեք կամ հեռախոսի կապով, կամ Ձեր հյուրանոցի wi-fi միջոցով։ Բաց Wi-Fi-ները շատ հեշտ ջարդվում են ցանցահենների կողմից, և ձեր անձնական տվյալների գողությունը կարող է շատ թանկ արժենա ձեզ համար։
  18. Քաղաքի տեսարանով բարձրադիր վայրերը (օրինակ՝ բարձր բլուր, աշտարակ, տանիքներ) այցելեք մայրամուտից 1 ժամ առաջ։ Այդ դեպքում հնարավորություն կունենաք քաղաքը տեսնել և՛ լույսով, և՛ հետևել մայրամուտին, և՛ գիշերային լույսերով։
  19. Եգիպտոս այցելելիս ձեզ հետ ունեցեք 1 դոլարանոց թղթադրամներ, քանի որ դրանք հիանալի թեյավճար են տեղի անձնակազմի համար։
  20. Եվ վերջապես, մի՛ մոռացել ձեռք բերել ճամփորդության ապահովագրություն, նույնիսկ եթե այն չի պահանջվում։ Արտասահմանում բժշկական ծախսերը մի քանի անգամ ավելի թանկ են, և դժբախտ պատահարների և հանկարծակի հիվանդությունների դեպքում կկրեք շատ մեծ ֆինանսական կորուստեր։

Մի՛ մոռացեք Ձեզ հետ վերցնել նաև

  1. Ականջակալ, Power Bank և լիցքավորման լար,
  2. Առկայության դեպքում՝ ուսանողական քարտ (հաճախ դրանցով հնարավոր է անվճար կամ զեղչով այցելել թանգարաններ),
  3. Սելֆիի ձող (Selfie Stick),
  4. Ճամփորդական բարձ,
  5. Գրիչ կամ մատիտ (հաճախ ամենաանհարմար պահերի պետք է գալիս 😊),
  6. Արևապաշտպան քսուքներ,
  7. Դեղորայք, Առաջին օգնության և հիգիենայի պարագաներ։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010